Զրո արտաքին քաղաքականություն՝ զրո խնդի՞ր

Զրո արտաքին քաղաքականություն՝ զրո խնդի՞ր

ՀՀ իշխանությունների հախուռն գործելակերպը այլևս աբսուրդի է հասել: Իսկ իշխանությունը, ինչպես գիտենք, գործում է մեր կյանքի բոլոր ոլորտներում: Եվ դա նշանակում է, որ մեր կյանքի բոլոր ոլորտներն են տուժում ՀՀ իշխանությունների չմտածված, սխալ հաշվարկների և դուխի վրա հիմնված գործողություններից: Այսօր կխոսենք Հայաստանի Հանրապետության համար անփոխարինելի կենսական նշանակություն ունեցող ոլորտներից մեկի ողբերգական վիճակի մասին:
Արտաքին քաղաքականություն: Հազիվ թե որևէ մեկը կարողանա գերագնահատել Արտգործնախարարության դերը որևէ երկրի կյանքում: Մյուս կողմից էլ սա այն նախարարությունն է, որին քննադատելն էլ մի տեսակ անշնորհակալ գործ է, որովհետև, եթե քննադատում ես արտգործնախարարությանն ու արտգործնախարարին, դուրս է գալիս, որ քննադատում ես պետությանը, իսկ դա լավ տոնի ցուցիչ չէ: Նույնիսկ արտգործնախարարության խոսնակին քննադատելն է համարվում արտառոց բան, որովհետև, ի տարբերություն այլ խոսնակների, այդ խոսնակը ոչ այլ ոք է, եթե ոչ նույն արտգործնախարարն ու արտգործնախարարությունը մեկ այլ անձի մարմնավորմամբ:

Այսուհանդերձ ստիպված ենք ասել, որ ՀՀ իմքայլական իշխանությունների ձեռքից չի պլստացել նաև հայկական դիվանագիտությունը, որն այսօր գտնվում դիվանագիտության ասպարեզում հայտնի ամենացածր մակարդկի վրա, այն է՝ կամ գոյություն չունի, կամ իր կենդանության մասին հիշեցնում է միայն տոնից տոն: Հասկանալի է, որ արտաքին քաղաքականությունը արտգործնախարարության մենաշնորհը չէ, բայց միանշանակ է, որ արտգործնախարարությունն է կառավարության հուշարարն այդ ուղղությամբ և գլխավոր դերակատարը արտաքին քաղաքականության մշակման հարցում:
Ինձ թվում է՝ մեր արտգործնախարարությունը բավականաչափ հոգնած մի հաստատություն է, որն ուղղակի ունակ չէ իրականացնել իր գործառույթները: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկ-մեկ Մամեդյարովին է հանդիպում, այն էլ եթե երրորդ կողմերն են կազմակերպում: Եվ պատկերացրեք՝ Մամեդյարովի հետ այդ հանդիպումները իսկական տոն են ՀՀ արտգործնախարարի և արտգործնախարարության համար: Մնացած ժամանակ Զոհրաբ Մնացականյանը մրցում է Արմեն Սարգսյանի հետ, թե իրենցից ով ավելի երկար կարող է բացակայել քաղաքական կյանքից: Ինչպիսին մեր արտգործնախարարությունն է, այդպիսին էլ նրա խոսնակը: Որևէ մեկն ինձ կբացատրի՞, թե այդ ինչպես է, որ Զախարովան իր հետևից է տանում ՌԴ ողջ լրատվադաշտը, իսկ մեր աղջիկը մամուլից պաշտպանվելու նպատակով զբաղվզծ է Զոհրաբ Մնացականյանի և նրա տեղակալների շուրջ անառիկ ամրոցներ կառուցելով: Տարբերություններն ակնհայտ չե՞ն:

Հիմա: Ինչ պետք է աներ Զոհրաբ Մնացականյանը, երբ Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց որ «Կարաբախի» հարցը իրենք կարող են լուծել ուժով: Նա պետք է Ալիևի հայտարարության պատասխանի տեքստը պատրաստ վիճակում հասցներ Նիկոլ Փաշինյանի մոտ և զեկուցեր.
-Շեֆ, հրես, բերել եմ, դու ես կարդո՞ւմ, թե՞ ես կարդամ:

Փաշինյանը, չնայած իր բազմազբաղ կորոնավիրուսային առօրյային, կարծում եմ ժամանակ կգտներ Ալիևին պատասխանելու համար, կամ առնվազն կասեր՝ պարոն Մնացականյան, Դուք կարդացեք: Բայց ոչ, պարզվեց որ ոչ Նիկոլ Փաշինյանն Ալիևին ասելու ունի, ոչ էլ Զոհրաբ Մնացականյանը: Իրավիճակը փորձեց փրկել Արայիկ Հարությունյանը, որ լավ էլ պատասխանեց, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Արայիկ Հարությունյանի արձագանքը Ալիևի և ՄԽ համանախագահների համար «ասնավանի» չէ: Նորից եմ հարցնում՝ իսկ ո՞ւր է էն խրոխտ երիտասարդը, որ առիթը բաց չի թողնում հայտարարելու՝ Արցախը Հայաստան է և վերջ: Բա եթե Արցախը Հայաստան է, ապա ո՞ւմ են վերաբերվում Ալիևի հայտարարությունները: Լավ, Արցախը մի կողմ դնենք: Իսկ ո՞վ պետք է պատասխանի Ալիևին՝ հերթական անգամ Երևանի ուղղությամբ ակնարկներ անելու համար: Դարձյա՞լ Արայիկ Հարությունյանը: Իսկ գուցե ժամանակն է հայտարարել՝ Հայաստանը Արցախ է և վե՞րջ:

Այս ընթացքում կարո՞ղ էր Զոհրաբ Մնացականյանը նստել Նիկոլ Փաշինյանի ականջին ու համոզել, որ կորոնավիրուսի դեմ պայքարը և մանավանդ համաճարակաբանությունը վարչապետի առաջնահերթ գործը չեն և չի կարելի ամեն օր խոսել դիմակ կրելու և ձեռքերն ախտահանելու կանոններից: Դա կարող են անել նաև առողջապահության ոլորտի մասնագետները, որոնց դու, սիրելի շեֆ, ուղղակի խանգարում ես: Նման բան անելու համար, գիտեմ, Մնացականյանը պետք է քաջություն ունենա, բայց այսպես թողնելն էլ ճիշտ չէ: Զրո արտաքին քաղաքականություն, այն էլ մեր հարևանների շրջապատման մեջ, հաստատ հարցերից խուսափելու լավագույն տարբերակը չէ: