Նոր մեղադրանքը «Քեթրին գրուպին» է առնչվում

Նոր մեղադրանքը «Քեթրին գրուպին» է առնչվում

Սեպտեմբերի 18-ին ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում մեղադրում էր իշխանությանը քինախնդրության, «ամեն ինչ քարուքանդ անելու» ու «ուղեղների լվացման» մեջ: Եվ ահա երեկ Քննչական կոմիտեն նոր հաղորդագրություն տարածեց Պողոսյանի գործի վերաբերյալ, որից հետեւում է, որ նրա մեղադրանքի ծավալն ավելացել է։ Եթե նախկինում ԴԱՀԿ նախկին ղեկավարը մեղադրվում է վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ապա այժմ նոր մեղադրանք է ավելացվել՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ։ Դե արի ու մի մտածիր, որ սա քինախնդրության հերթական դրսեւորումը չէ։ Նոր մեղադրանքն առնչվում է Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությանը եւ վերաբերում է 2015 թվականին։ Այն ժամանակ մամուլը գրում էր, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն արմատներ է գցել օֆշորային գոտիներում, բիզնես է անում այնտեղ գրանցված ընկերությունների միջոցով, ծածուկ հարստանում է եւ թաքցնում իր եկամուտները։ Ահա, այդ լուրերը միս ու արյուն են ստանում։

Ըստ ՀՔԾ հաղորդման, «Մ․ Պողոսյանն իր կողմից կառավարվող ընկերությունների, նաեւ «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չի վճարել ու առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու եւ այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձեւակերպել է իբրեւ փոխառություն, փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին եւ օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար»:

Մ. Պողոսյանի եւ «Քեթրին գրուպի» միջեւ, ըստ ՀՔԾ-ի, 11.05.2015թ. կնքված ձեւական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500 հազար դոլարի չափով անտոկոս փոխառություն է տրամադրել «Քեթրին գրուպ»-ին, իսկ 2015թ. մայիսին 200 հազար դոլար եւ 300 հազար դոլար է փոխանցել «Քեթրին գրուպի» հաշվեհամարին: «Պանամայում օֆշորային գոտում գրանցված ընկերության եւ «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության միջեւ 23.05.2015թ. կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը 329.130.000 դրամին համարժեք 690.000 դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին: Արդյունքում Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 դրամին համարժեք 1.190.000 դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն»։ Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 13-ին դատարանը Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում էր կայացրել: Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում եւ ձերբակալվել: Ավելի ուշ ՌԴ դատախազությունը մերժել էր նրան արտահանձնելու պահանջը։