Կողմերը դեռ քննարկում են՝ ինչպես արձագանքել Տեր-Պետրոսյանի արձագանքին 

Կողմերը դեռ քննարկում են՝ ինչպես արձագանքել Տեր-Պետրոսյանի արձագանքին 

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը քիչ առաջ գրառում է կատարել՝ ներկայացնելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցում հրապարակված մի տեղեկատվության վերաբերյալ։ Արձագանքի կուլիմինացիան այն է, որ Տեր-Պետրոսյանն, ըստ էության, դուրս է գալիս նախկին նախագահներով հանդիպումների միջոցով «երկիրը փրկելու» ձևաչափից։

«Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»,-առաջին նախագահի անունից գրել է Մուսինյանը։

Մենք փորձեցինք սրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալ երրորդ նախագահի թիմակիցներից։ Սակայն նրանք ասացին, որ այս պահին որևէ բան չունեն ասելու։ Հայկ Մամիջանյանն ասաց՝ գրառմանը ծանոթ չէ, ու հորդորեց դիմել Սերժ Սարգսյանի գրասենյակ՝ թող իրենք մեկնաբանեն։ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը նույնպես նոր պետք է ծանոթանար առաջին նախագահի արձագանքին։ Մեր հարցին՝ սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ նախկին նախագահներով հանդիպումների ֆորմատը կդադարի գործել, թե՞ դա կարող է շարունակվել՝ անկախ Տեր-Պետրոսյանի մասնակցությունից, Հարությունյանն ասաց․ «Իսկ կազմակերպչական մասով եկեղեցուց փորձե՞լ եք ճշտել Ձեր հարցի պատասխանը։ Իրենք են հանդիպումներ կազմակերպել բոլոր կողմերի հետ, և իրենք են կազմակերում, միգուցե իրենց հետ փորձեք, հետո՞ մասնակիցներից ճշտեք»։ Ապա ավելացրեց, որ ինքը երբ որ Սերժ Սարգսյանից պատասխան ունենա՝ կտեղեկացնի։

Եկեղեցուց էլ ասացին՝ տեսել են Մուսինյանի գրառումը, այս պահին քննարկում են, ավելի ուշ կարձագանքեն։