Եթե 2020-ի հոկտեմբերի 19-ին հրապարակայնացնեիք հանդիպման մանրամասները, այսօր ուլտիմատում չէիք տա

Եթե 2020-ի հոկտեմբերի 19-ին հրապարակայնացնեիք հանդիպման մանրամասները, այսօր ուլտիմատում չէիք տա

Երեկվա ԱԺ հարցուպատասխանից հետո Իշխան Սաղաթելյանն իր էջում գրառում էր կատարել.
«Այսօր գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը, ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում` բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»։ Իսկ Քրիստինե Վարդանյանի ելույթին արձագանքել է, թե Ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով։ Ես հիմա չեմ անդրադառնում այդ հանդիպումների բովանդակությանը։ Պահանջում եմ՝ 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ, կրկնում եմ՝ ամբողջությամբ, և այդ ժամանակ կտեսնենք՝ ով ում ինչ է ասել և ինչպես։ Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա: Ի դեպ, «…և այլն, և այլն»,-ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։ Ժամանակը գնաց․․․»:

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին եւ առհասարակ` բոլոր փակ հանդիպումներից հետո լրագրողները խնդրում-աղաչում էին նույն Սաղաթելյանին եւ այդ հանդիպումների մյուս մասնակիցներին, որ մանրամասներ պատմեք, հրապարակայնացրեք այդ հանդիպումների բովանդակությունը:

Ի վերջո, հանրային շահը, պետության ապագան շատ ավելի կարեւոր է, քան ձեր «գողական» պայմանավորվածությունները, թե`արտահոսք թույլ չենք տալիս: Ընդհանրապես` ընդդիմությունը որեւէ փակ, գաղտնի, հանրության աչքից հեռու պայմանավորվածություն չպետք է ունենա որեւէ իշխանության հետ եւ ինչպես երեկ արձագանքեցին, որ փակ հանդիպում լինել չի կարող, այնպես էլ պետք է արձագանքեին 2020-ին: Եթե հոկտեմբերի 19-ին նույն Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանն ու Էդուարդ Շարմազանովը ոչ թե նման կեղծ կատեգորիաներով առաջնորդվեին, թե` չենք հրապարակում հանդիպումների մանրամասները, այլ դուրս գային եւ անկեղծորեն պատմեին, թե այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրենց ինչ է ասել եւ իրենք ինչ են պատասխանել, այսօրվա գրառման կարիքը չէր լինի:

Առհասարակ` մարդը կամ «գողական» է կամ քաղաքական գործիչ: Իսկ քաղաքական գործիչները ապրում են բաց,հրապարակային եւ իշխանությունների հետ մութ գործարքների երբեք չեն գնում: