Տեղի է ունեցել Սամվել Շահմուրադյանի ծննդյան 65-ամյակին նվիրված միջոցառում

Տեղի է ունեցել Սամվել Շահմուրադյանի ծննդյան 65-ամյակին նվիրված միջոցառում

Այսօր «Առնո Բաբաջանյան» փոքր համերգասրահում, լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ լրագրող, արձակագիր, Գերագույն խորհրդի պատգամավոր, Արցախյան պատերազմի նահատակ Սամվել Շահմուրադյանի ծննդյան 65-ամյակին նվիրված միջոցառում։

Նրա գրական, հրապարակախոսական, քաղաքական գործունեության մասին ելույթներով հանդես եկան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, հրապարակախոս Մարկ Գրիգորյանը։

Ցուցադրվեց Սվետլանա Պասկալևայի հեղինակած «Նվիրյալները» փաստավավերագրական հաղորդաշարի՝ Սամվել Շահմուրադյանին նվիրված թողարկումը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ պաշտպանության նախարարության 6 հոգուց բաղկացած երգչախումբը, ներկա էին Արցախյան պատերազմի վետերաններ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կուսակցական գործիչներ, Գերագույն խորհրդի պատգամավորներ, ընկերներ, հարազատներ, լայն հասարակության ներկայացուցիչներ։

Սամվել Շահմուրադյանն աչքի է ընկել իր հեղինակած «Սումգայիթյան ողբերգություն՝ ականատեսների վկայությամբ» գրքով, որը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն։

Հարազատներն ընդգծում էին նրա բնավորության բացառիկ ազնվությունը, հայրենասիրությունը։ Սամվել Շահմուրադյանն այն քիչ պատգամավորներից էր, ով կամավոր մեկնեց ճակատ եւ մասնակցեց Շուշիի համար մղվող ազատագրական մարտերին, Մարտակերտի շրջանում մղվող ինքնապաշտպանական ռազմական գործողություններին եւ զոհվեց 1992 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Վաղուհաս գյուղի համար մղված պայքարում։