Հրայր Թովմասյանը երբեք չի կարող նոր Հայաստանում ընտրված պաշտոնյայի հետ հավասարը հավասարի խոսել․ Վ․ Հովակիմյան

Հրայր Թովմասյանը երբեք չի կարող նոր Հայաստանում ընտրված պաշտոնյայի հետ հավասարը հավասարի խոսել․ Վ․ Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին համեմատելով ՍԴ նախկին և ներկա նախագահներին՝ ասաց, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն իր լեկքսիկոնը երբեք չէր կառուցում այնպես, որ քաղաքական դիրքավորման դիրքերից ընկալվեր։ Մինչդեռ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը, ըստ Հովակիմյանի, այդպես չի անում․ նա ավելի շատ հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից։ 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ, շարունակելով միտքը, ասաց, որ ՍԴ նախագահը խոսում է Արցախի խնդրից, որը, իր կարծիքով, ոչ այլ ինչ է, քան քաղաքական խոսք։

Թեմային խառնվեց նաև նույն խմբակցության պատգամավոր, նախկինում՝ «Լուսավոր Հայաստանի» անդամ Հայկ Կոնջորյանը՝ հիշեցնելով Թովմասյանի երեկվա հարցազրույցի այն հատվածը, որտեղ ինքը խոսում է խրամատում գտնվելու մասին, և արձանագրեց․ «Եթե դու խրամատում ես, նշանակում է՝ հակառակ կողմում թշնամի է»։

Վահագն Հովակիմյանն էլ հավելեց, որ Հրայր Թովմասյանը երբեք չի կարող նոր Հայաստանում ընտրված պաշտոնյայի հետ հավասարը հավասարի խոսել։

«Որովհետև ինքը չունի այն լեգիտիմությունը, որն ունեն ՀՀ-ում ընտրված պաշտոնյաները»,-ասաց իմքայլական պատգամավորը։