ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ 24 news-ին տված հարցազրույցում մի շարք ՔՊ-ական թեզեր է առաջ քաշել: Բացի այն, որ ողջ զրույցի ընթացքում
Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի «երեսն է լվացել», նաև հայտարարել է, որ կորսված Արցախի ինստիտուտների պահպհանումը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է», - ասել է Մարուքյանը: Փաստ է, որ երեսուն տարի շարունակ Ադրբեջանը հետեւողականորեն, քայլ առ քայլ հասավ իր նպատակին` վերջնականապես բռնազավթեց Արցախի Հանրապետությունը, այժմ էլ Ալիեւը հոխորտում է Երեւանի, Սեւանի եւ Սյունիքի մասին: Իսկ ի՞նչ են անում Հայաստանի գործող իշխանությունները: Արցախի տարբեր կառույցներն են լուծարում, Ազգային ժողովում լեզվակռիվ տալիս ընդդիմության հետ եւ նրանց մեղադրում, մեղադրում Արցախի իշխանություններին` Արցախը հանձնելու համար, եւ «Արցախ» բառն անգամ վերացնում մեր բառապաշարից: Մարուքյանի այս հայտարարությունն էլ պատահական չէր: Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության պարտվողական թեզերից մեկն է այսօր:
Իշխանությունները լուծարում են անգամ Արցախի օպերատիվ շտաբը, ու Արցախի ներկայացուցչությունն են պատրաստվում լուծարել: Լուծարվում են Արցախի բոլոր պետական կառույցները, բուհերը, գերատեսչությունները, Արցախի ՊԲ-ն: Հարց է առաջանում. Իսկ ինչպե՞ս կարողացավ Ադրբեջանը 30 տարի անշեջ պահել Ղարաբաղն ունենալու իղձը, ինչպե՞ս կարողացավ հասնել նրան, որ ամբողջովին հայկական եւ 30 տարի իրենից տարանջատված մարզը հետ վերադարձնի: Այդ երկարաժամկետ պայքարի ընթացքում Ադրբեջանը բազում կառույցներ եւ հասարակական շարժումներ էր ստեղծում` իբրեւ թե Արցախից բռնագաղթած ադրբեջանցիներից, «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» արհեստածին միավորն էր ֆինանսավորում եւ աճեցնում: Աշխարհով մեկ քարոզչություն էր անում Արցախի` ադրբեջանական լինելու մասին եւ ի վերջո հասավ իր նպատակին: Իսկ Հայաստանի իշխանությունն ընդամենը 10-15 օրում ուզում է ջնջել «Արցախ» բառը եւ Արցախ պետությունը, որը գոնե 30 տարի գոյություն է ունեցել եւ պատմական հայկական հող է:
30 տարի առաջ պարտված Ադրբեջանն ինչո՞ւ արագությամբ չհրաժարվեց Արցախն ունենալու մտքից: Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն ամեն ինչ մոռանալու թեզերով հանդես գալիս: Սրանք հարցեր են, որոնք ունեն մեկ պատասխան. Հայաստանում իշխանության է եկել Ադրբեջանի օրակարգը սպասարկող գործակալական ցանց:
Կարծիքներ