Դոնալդ Թրամփը անզգույշ է խոսելիս․ ահազանգում է ամերիկյան հետախուզությունը

Դոնալդ Թրամփը անզգույշ է խոսելիս․ ահազանգում է ամերիկյան հետախուզությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ որ արտասահմանյան առաջնորդի հետ հանդիպման ժամանակ ինչ որ բան է խոստացել, որի պատճառով ամերիկյան հետախուզական ծառայությունները ստիպված են եղել հանդես գալ դժգոհությամբ եւ այդ մասին զեկուցել Կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Washington Post պարբերականը, հավելելով, որ ըստ ամենայնի նախագահ Թրամփը փնթի վերաբերմունք է ցուցաբերել գաղտնի տեղեկատվության հանդեպ։ Հայտնի չէ, թե ինչի մասին է խոսել ԱՄՆ նախագահը, կամ ինչ խոստում է տվել, սակայն հատուկ ծառայությունները հարմար են գտել այդ առնչությամբ զեկույց ուղարկել հետախուզական ծառայությունների տեսուչ Մայքլ Աթքինսոնին։ Վերջինս էլ զեկույցը համարել է ուշադրության արժանի եւ զեկուցել է Կոնգրեսին։ Դեմոկրատ կոնգրեսականները պահանջել են Ազգային հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնակատար Ջոզեֆ Մաքգուայերից ներկայացնել խոսակցության մանրամասները։ Առաջիկայում Մաքգուայերն ու Աթքինսոնը պատասխանելու են Կոնգրոսի փակ լսումների ընթացքում առաջադրվելիք բավական ծավալուն հարցերի։