Ուկրաինացի միլիարդատերերը փորձում են ռուսական կողմի հետ անջատ բանակցությունների մեջ մտնե՞լ

Ուկրաինացի միլիարդատերերը փորձում են ռուսական կողմի հետ անջատ բանակցությունների մեջ մտնե՞լ

Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը Ուկրաինայի Դնիպր կամ խորհրդային անվանումով՝ Դնեպրոպետրովսկ քաղաքից հաղորդում է, որ  չնայած այն բանին, որ ողջ Ուկրաինայի տարածքում ռուսական ուժերի հրթիռակոծումները շարունակվում են, սակայն այդ քաղաքը ընդհանուր գերլարված վիճակից դուրս է գտնվում կարծես թե, ու կյանքն այս քաղաքում ընթանում է իր սովորական՝ կարելի է ասել՝ նախապատերազմական հունով։

Տեղի քաղաքային ֆոլկլորում շրջանառվում են վարկածներ, ըստ որոնց՝ կամ այսպես ասած «Դենոպրոպետրովսկյան կլանը», ի դեմս մի շարք ուկրաինացի միլիարդատերերի, կարողացել են պայմանավորվել ռուսական կողմի հետ եւ քաղաքը փրկել ավերածությունից, կամ տեղի հրեական համայնքը, որն ամենամեծն է Ուկրաինայում եւ ամենահարուստը, կարողացել է Մոսկվայի հետ լեզու գտնել եւ քաղաքը զերծ պահել ռմբակոծումներից, հատկապես, որ եթե այդ հարվածների հետեւանքով հրեական համայնքը տուժի, ապա դա կարող է առաջացնել խնդիրներ ռուս-իսրայելական հարաբերություններում։ Իհարկե, թե Դնեպրոպետրովսկի քաղաքային իշխանությունները, թե տեղի հրեական համայնքի առաջնորդները այս վարկածները չեն հաստատում կամ նույնիսկ հերքում են, սակայն ամեն դեպքում խոսակցությունները կան։ Ու քանի որ այդ խոսակցությունները կան ու դատարկ տեղում հաստատ նման վարկածներ չէին դրվի շրջանառության մեջ, ապա կարելի է ասել, որ Ուկրաինայում սկսվել է հետաքրքիր տենդենց՝ ռուսական կողմը ինչ որ կերպ կարողանում է պայմանավորվել տեղական կլանների հետ եւ փոխհամաձայնության գալ՝ Կիեւի կենտրոնական իշխանություններից անջատ կերպով։

Սա կարող է նշանակել, որ տեղերում ուկրաինական կլանները որոշել են իրավիճակն իրենց ձեռքը վերցնել ու փորձել փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել։ Մյուս կողմից էլ, դա նշանակում է, որ ըստ էության ընթանում է Ուկրաինայի «քողարկված սողացող կազմաքանդում»։ Ի դեպ, ռուսական պատմությունը նման «պայմանավորվածությունների ձեռքբերման» հարուստ փորձ ունի։ Ինչեւէ, անկախ այն հանգամանքից, թե ի վերջո, ինչու է Դնեպրոպետրովսկը վերածվել, այսպես ասած, «ապառազմական  հանգույցի», փաստն այն է, որ քաղաքում, ըստ քաղաքի բնակիչների, մեկ կամ երկու անգամ են ռմբակոծություններ եղել եւ կյանքը շարունակում է ընթանալ իր անշտապ ու հանգիստ հունով։