Արեւմուտք-ՌԴ հարաբերությունների կարգավորումը լավ բան չի խոստանում Հայաստանին

Արեւմուտք-ՌԴ հարաբերությունների կարգավորումը լավ բան չի խոստանում Հայաստանին

2025-ը Հայաստանի համար շատ վատ է սկսվել՝ կարծում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

«2025 թ. պետական բյուջեի եկամտային մասն անիրատեսական է եւ չի կատարվելու, ինչը տեղի ունեցավ 2024-ին: 2024-ին 223 միլիարդ չկարողացան հավաքագրել եւ 2025-ին 190 միլիարդով ավելացրին: Սա նշանակում է, որ տնտեսական ներուժն այդքան չկա, եւ 2025-ին ստիպված են լինելու բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարել, որովհետեւ անհնար է եկամուտները հավաքագրել: Ինչպես նաեւ 2025 թվականին պետական պարտքի բեռի սպասարկումը միայն տոկոսներով՝ 400 միլիարդ դրամ է կազմում: Սա նշանակում է, որ 2025 թվականը խոստանում է լինել հարկային տեռորներով լի, ոչ միայն բիզնեսի նկատմամբ, այլեւ համատարած եկամուտների հայտարարագրերի շրջանակներում, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից են փորձելու ավել հարկ հավաքագրել: 2025-ը խոստանում է լինել նաեւ գնաճային, որովհետեւ այդքան հարկերի հավաքագրումը, եթե չունես տնտեսական ներուժ, մի քանի տարբերակ ունի․ կա՛մ պետք է նոր հարկեր ավելանան, կա՛մ հարկերի նոր դրույքաչափեր ավելանան, ինչը տեղի ունեցավ շրջանառության հարկի շատ-շատ եւ մասնագիտացված ծառայությունների ոլորտում, նաեւ՝ ֆիզիկական անձանց վերաբերյալ, կամ հարկման բազաների ավելացում պիտի տեղի ունենա»,- ասաց Սարգսյանը:

2025 թվականին առաջնային տեղում լինելու է գնաճը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը լարված հարաբերություններ ունի ամենախոշոր տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: 2024 -ին Հայաստանում փոփոխության ենթարկվեց երկակի նշանակության ապրանքների փաստաթուղթ-որոշումը, որով շատ ավելի խստացվեցին արտահանման դրույթները, եւ Հայաստանի միջոցով Ռուսաստան վերաարտահանումն արդեն որոշակի ծավալներով կրճատվեց՝ ներկայացնում է տնտեսագետը: «Մենք ունենք դեպք, երբ Հայաստանի միջոցով վերաարտահանումը տեղափոխվել է՝ այլ երկրների միջոցով է իրականացվում  (Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների), բայց նաեւ ունենք դեպքեր, երբ Հայաստանից արտահանվում է Դուբայ՝ Դուբայից է արտահանվում Ռուսաստան, իսկ սա, բնականաբար, էական ծախսատար է դարձնում եւ Հայաստանը տնտեսական առումով շատ ավելի վատ վիճակի մեջ է գցում»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահը:

Հարցին, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումն ինչպես է ազդելու Հայաստանի տնտեսության վրա, հաշվի առնելով լարված հայ-ռուսական հարաբերությունները, նա ասաց, որ Ռուսաստանը երբ կարգավորի իր մյուս հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, Հայաստանին կկանչի պատասխանատվության: «Չեմ բացառում նաեւ, որ սանկցիաների որոշակի նահանջ սկսվի Արեւմուտքի կողմից, ընդ որում, Ամերիկայի Միացյալ Նահանգներով պայմանավորված, Եվրոպան էլ ստիպված կլինի գնալ որոշակի հետնահանջի»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանի վերջին մի քանի տարիների տնտեսական աճը պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստան-Արեւմուտք առճակատումով, եւ եթե լինի հարաբերությունների որոշակի կարգավորում, եւ սկսեն ուղիղ առեւտուր անել, տնտեսական հարաբերությունները վերականգնել միմյանց հետ, ապա Հայաստանն ամբողջությամբ կարող է դուրս մղվել, որովհետեւ ժամանակին Հայաստանը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել, ու իրավիճակը, պայմանավորված ռելոկանտներով ու վերաարտահանումներով, ճիշտ կառավարել եւ կապիտալիզացնել՝ տեղում արդյունաբերություն ստեղծելով: