Եթե ինքը չլիներ Ռոբերտ Քոչարյանի ընկերը, չէր կալանավորվի

Եթե ինքը չլիներ Ռոբերտ Քոչարյանի ընկերը, չէր կալանավորվի

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ դատախազության կողմից  մերժվել է։

«Չի կարող ճնշում չլինել, երբ որեւէ լրատվամիջոցի սեփականատիրոջ ապօրինի ձերբակալում են՝ խայտառակ, սարքած մի պատմությամբ։ Այս ճնշման արդյունքում մենք կարող ենք խնդիր ունենալ, դա արդեն ճնշում է։ Նրա գույքի, անձնական հաշիվների վրա կալանք է դրվել, լսել եմ շշուկներ։ Ալիքին առաջին հերթին բարոյական հարված է։ Կա աշխատավարձերի խնդիր, գաղտնիք չէ, որ ցանկացած ԶԼՄ այս կարգի երկրում, որտեղ 3 միլիոնից քիչ է բնակչությունը, տնտեսությունը տրաքած վիճակում է, ներարկումներով է գոյատեւում։ Այդ ներարկումներն անում են սեփականատերերը։Այս մեղադրանքն առաջադրել են զուտ իր անձնական կապերի համար։ Եթե ինքը չլիներ Ռոբերտ Քոչարյանի ընկերը, չէր կալանավորվի, նրան ընկերության համար են կալանավորել։ Ներկա Հայաստանում ընկերությունը ընդունելի տարբերակ չէ։ Բոլորը բոլորի վրա պետք է գործ սարքեն»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։