ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների  այս կեցվածքն ու վարքագիծը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների  այս կեցվածքն ու վարքագիծը

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Համավարակի դեմ պայքարի հիմնավորմամբ ՀՀ կառավարությունը հրատապ ռեժիմով Ազգային ժողով էր ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փոփոխությունները ենթադրում է այնպիսի տոտալ վերահսկողության սահմանում, որը խաթարում է անձնական, մասնավոր և ընտանեկան կյանքի սահմանադրական անձեռնմխելիությունը։ Պանդեմիայի դեմ պայքարի արդյունավետության, սահմանադրական հիմնարար իրավունքների խաթարման և անվտանգության տեսանկյունից խնդրահարույց այս նախաձեռնությունը  արդարացիորեն ընդվզման և դժգոհությունների տեղիք տվեց։  Խորհրդարանական քվեարկությամբ նախագծի մերժումից հետո էլ, օրվա իշխանությունը ոչ միայն չհրաժարվեց իր նախաձեռնությունից, այլև, արհամարական վերաբերմունք դրսևորելով խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, նոր արտահերթ  նիստում կազմակերպված քվեարկությամբ վավերացրեց այն։ 
 Ծանր ժամանակներ և մարտահրավերներ դիմագրավող մեր հասարակության համար, երբ ավելի քան կենսական են հասարակական համերաշխությունը, քաղաքական հանդուրժողականությունը, պետական ինստիտուտների արժևորումն ու անխափան գործունեությունը, խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը  դիմում է պառլամենտարիզմի ոտնահարման, քաղաքական մանիպուլյատիվ վարքագծի՝ սեփական քաղաքական քմահաճությունները բարձր դասելով պետական ինստիտուտների բնականոն գործունեության և հանրային համերաշխության առաջնահերթությունից:
 Այսպիսի քաղաքական վարքագծով, ժողովրդավարության կոպիտ ոտնահարմամբ, միանձնյա կերպով և անսխալականության բարդույթի  պայմաններում էլ իրականացվում է համավարակի կանխարգելման «կառավարումը»:  
Ճգնաժամային կառավարման համար պատասխանատու մարմինների ու նրանց լիազորությունների հստակեցման, կշռադատված ու ժամանակին կատարված քայլերի, արդյունավետ և օպերատիվ կառավարման փոխարեն հետևողական կերպով փորձեր են կատարվում քաղաքացիների և ԶԼՄ-ների նկատմամբ չպատճառաբանված սահմանափակումներ և տոտալ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։ Անտեսվում են առաջնահերթ միջոցառումներ, իսկ որոշ դեպքերում ձեռնարկվում են քայլեր, որոնք այնքան էլ համարժեք չեն համավարակի ընդգրկվածությունը նվազեցնելու, մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու, ինչպես նաև հետագա տնտեսական, ֆինանսական և սոցիալական ցնցումները մեղմելու, երկրի անվտանգությունը երաշխավորելու պետության պարտավորությունների հետ։  
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների  այս կեցվածքն ու վարքագիծը՝ մեկ անգամ ևս արձանագրելով, որ միայն միասնական ջանքերով և հանրային համերաշխությամբ է հնարավոր հաղթահարել այս աննախադեպ մարտահրավերը։ 
 
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին