Ինչ փոփոխություններ են արվել Վարչական դատավարության օրենսգրքում

Ինչ փոփոխություններ են արվել Վարչական դատավարության օրենսգրքում

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել ս․թ․ մայիսի 30-ից։ Որպես նպատակ՝ արդարադատության նախարարությունը հայտարարում է վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելը, իրավակիրառ պրակտիկայում բացահայտված խնդիրները լուծելը։

Որո՞նք են հիմնական ու ամենահետաքրքիր փոփոխությունները եւ ի՞նչ նպատակ են հետապնդում։ ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ նախ՝ փոխվել է դատական ծանուցումների կարգը։ Նախկին կարգով վարչական դատարանը ծանուցում էր ուղարկում ե՛ւ հայցվորին, ե՛ւ նրա ներկայացուցչին ու մինչեւ չհամոզվեր, որ երկու կողմն էլ ծանուցվել են, գործի քննությունը չէր շարունակում։ Սա ավելորդ ռեսուրս էր տանում, տեխնիկական խնդիրներ էր ստեղծում՝ խոչընդոտելով վարույթի ընթացքը։ Նոր կարգով՝ այն դեպքերում, եթե կա ներկայացուցիչ, եւ որպես ծանուցման հասցե նշվում է միայն նրա հասցեն, ծանուցվում է միայն ներկայացուցիչը։

«Նախատեսվել է նաեւ, որ դատարանն արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից պետք է անցնի գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը։ Այն պետք է կայացվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու որոշման պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ։ Սա, ինչպեսեւ նախորդ փոփոխությունը, կատարվել է` միտված լինելով ապահովելու արագ ու մատչելի արդարադատություն իրականացնելը»։ Ըստ Դավիթ Ղարիբյանի՝ վարչական դատարանի քննության ենթակայությունից դուրս կբերվեն հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու, իրականացնելու կամ ծառայությունից ազատելու, ինչպես նաեւ նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու հետ կապված գործերը։ «Նկատի ունենալով վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ գործերի առավել մասնագիտացված քննություն ապահովելու նպատակը՝ 2025 թվականի հունվարի 1-ից այս գործերը ենթակա կլինեն քաղաքացիական դատավարության ընթացակարգով քննության»։ Ինչո՞ւ հենց հանրային ծառայության եւ նոտարների գործողությունների հետ կապված վեճերը։ «Հանրային ծառայությունը պետական մարմինների համար իրականացվող աշխատանքային ծառայություն է, ու եթե այս կապակցությամբ վեճ է առաջանում, դա փաստացի իր բնույթով աշխատանքային իրավահարաբերություններ են։ Բայց քանի որ հանրային ծառայություն էր, վեճերը լսվում էին վարչական դատարանի կողմից։ Բայց սովորական պայմաններում, օրինակ, ձեր աշխատանքային հարաբերության համար եթե վեճ լինի, դուք կգնաք քաղաքացիական դատարան, որն ավելի մասնագիտացված է աշխատանքային վեճեր լուծելու համար։ Եթե նայենք դատավորների մասնագիտացվածության տեսանկյունից, ու նաեւ հաշվի առնելով Վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը, այս խնդիրներով կկարողանան ավելի արագ լուծում ստանալ։ Ինչ վերաբերում է նոտարներին, նրանք զբաղվում են իրավաբանական փաստերի հաստատմամբ եւ գործարքների հաստատմամբ-վավերացմամբ, իսկ գործարքներն իրենք իրենցով հիմնականում պայմանագրեր են եւ քաղաքացիական իրավունքի ինստիտուտ են, ու երբ որ խնդիր է առաջանում, թե արդյոք նոտարը ճի՞շտ է գործողություններն իրականացրել քաղաքացիաիրավական գործարքների կամ իրավաբանական փաստերի առնչությամբ, հարց է առաջանում, թե ինչու դա ավելի ճիշտ չի կարող գնահատել ընդհանուր իրավասության դատարանը»։ 

Պետական տուրքերի հետ կապված՝ եւս որոշակի փոփոխություն է կատարվել։ Հիմնական պահանջից բացի, եթե ածանցյալ պահանջներ են ներկայացվում, վարչական դատավարությունը չէր սահմանում պետական տուրքի գանձման հարցերը, ի տարբերություն քաղաքացիական դատավարության, սակայն հիմա դա նույնպես նախատեսվելու է։ Նոր հոդվածներ են ավելացել, որոնք կկարգավորեն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների որոշումների մեջ առկա վրիպակներն ու թվաբանական սխալների ուղղման պահանջները։ Դրանք սահմանված էին առաջին ատյանի դատարանների համար, բայց վերաքննիչ ու վճռաբեկ ատյանների համար, չգիտես ինչու, սահմանված չէին։ 

«Բացի սա, հստակ կսահմանվի, թե ինչ որոշում պետք է ընդունի Վճռաբեկ դատարանն այն դեպքերում, եթե բողոք բերող անձը չի վերացրել բողոքի վերադարձի մասին որոշման մեջ նշված թերությունները կամ բողոքը կրկին սխալներով է ներկայացրել։ Իր հերթին, ժամկետներ են սահմանվելու՝ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները քննելու համար։ Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում էլ են որոշակի փոփոխություններ կատարվել՝ մի քանի հատուկ գործերի հետ կապված. հարկադիր կատարման, միջուկային անվտանգության, պրոբացիայի ծառայության մասով, եթե մինչ փոփոխությունը դատարանն էր պատասխանատվության ենթարկելու հարցը լուծում, այժմ դրանք կքննի համապատասխան վարչական մարմինը` նպաստելով ծանրաբեռնվածության նվազեցմանը»,- ասում է Դավիթ Ղարիբյանը։ Կա նաեւ երկրորդ փաթեթ, որը նախագծային փուլում է եւ ներկայում լրամշակվում է։