2021-ին էլ են պարգեւավճար բաժանել, իսկ հրշեջ մեքենա կգնեն 2023-ին

2021-ին էլ են պարգեւավճար բաժանել, իսկ հրշեջ մեքենա կգնեն 2023-ին

Աներեւակայելի բարձր ու անհավատալի անհիմն պարգեւավճարների թեման ամենածեծվածն է նոր Հայաստանում՝ 2018-ից այսկողմ: Բայց ամեն անգամ այս թեմային առնչվող լուր լսելիս, համոզվում ես, որ պարտությամբ հպարտներն ամեն անգամ գերազանցում են իրենք իրենց:

Մեր տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հրամանով, Ծննդյան տոներից առաջ՝ 2021-ի դեկտեմբերի վերջին տասնօրյակում, տասնյակ միլիոնավոր դրամների պարգեւավճարներ են բաժանվել նախարարության աշխատակիցներին: Նորմալ եւ բնական է, որ պարգեւատրվել են հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները՝ մարդիկ որ ամեն օր կրակի հետ կռիվ են տալիս, մարդկանց օգնության հասնում, կյանքեր փրկում: Բայց հասկանալի չէ նախարարության տաքուկ սենյակներում նստածներին միլիոններ բաժանելը: Կան պաշտոնյաներ, որ ավելի քան 700 հազար դրամ պարգեւավճար են ստացել: Եվ սա անում է այն Անդրանիկ Փիլոյանը, որ միլիոններ բաժանելուց մեկ ամիս առաջ՝ 2021 թվականի նոյեմբերին, կառավարությանն էր ներկայացրել Սյունիքի մարզի Տեղ համայնքին հին հրշեջ մեքենա նվիրելու մասին նախագիծ, որի հիմնավորման մեջ գրված էր. «Հայաստանում կան համայնքներ, որոնք, գտնվում են սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից մինչեւ 48 կիլոմետր հեռավորության վրա, եւ հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, հատկապես սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների արտակարգ իրավիճակների դեպքերի սպասարկման համար, ոլորաններով անցնելիս առավելագույնը 20-30 կմ/ժամ արագությամբ են ընթանում` կանչի վայր հասնելով մինչեւ 50-60 րոպե ուշացումով, ուստի տեղի բնակիչները շատ անգամ չեն ահազանգում արտակարգ իրավիճակների, դեպքերի վերաբերյալ, քանի որ գիտակցում են, որ հեռավորության եւ ժամանակի կորստի պատճառով արձագանքումն արդյունավետ չի կարող լինել»:

Խնդիրը գիտակցողը նոր մեքենա կգներ, նշված գյուղերի համար հրշեջ-փրկարարական ջոկատ կբացեր: Բայց Անդրանիկ Փիլոյանը պարգեւատրումներն է նախընտրում: Հասկանալի է, որ մեքենա գնելու եւ պարգեւատրումների գումարները պետբյուջեի առանձին տողերով են տրամադրվում նախարարությանը: Բայց ցանկության դեպքում կարելի էր դիմել կառավարությանը եւ սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների հարցը լուծել: Չի արվել: Ըստ մեր աղբյուրի, բաժանված պարգեւավճարով կարելի էր գնել 20 հատ հրշեջ մեքենա: Իսկ Ջիվանին ասում էր.
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հետաքրքրվեցինք.
1. Որքա՞ն պարգեւավճար են ստացել նախարարության աշխատակիցները 2021 թվականի դեկտեմբերին:
2. 2022 թվականի համար հրշեջ մեքենա գնելու ծրագիր կա՞: Եթե այո, քանի՞ մեքենա է գնվելու, ո՞ր ջոկատների համար: Եթե ոչ, կա գոնե մոտավոր ժամկետ, ե՞րբ հրշեջ մեքենաներ կգնվեն:
ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանի ստորագրությամբ պատասխանում նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերին ԱԻՆ աշխատողները պարգեւատրվել են պաշտոնական դրույքաչափի 1,23 գործակցով, իսկ փրկարարները՝ 1,73 գործակցով: Պատասխանում թվեր չկան:

Սա խորհրդային քարոզչության դրսեւորում է՝ բառախաղով թաքցնել իրականությունը: Բացարձակ թվեր չկան ու մենք եւս մեկ հիմք ենք ստացել պնդելու, որ ԱԻՆ-ում կան պաշտոնյաներ, որ 2021 թվականի դեկտեմբերին ավելի քան 700 հազար դրամ պարգեւավճար են ստացել: Իսկ Հայաստանում կա կենսաթոշակառու, որ ամսական 50 հազար դրամ է ստանում: ԱԻՆ-ի որոշ պաշտոնյաներ մեկ օրում ստացել են այս կենսաթոշակառուի մեկուկես տարվա եկամուտը:
Իսկ հրշեջ մեքենաների մասին հարցին ի պատասխան Լիլիթ Միրզախանյանն ասել է, որ 2022 թվականին ԱԻՆ-ը մեքենա չի գնելու: Կգնեն 2023-2025 թվականներին: Դրա համար պետությունը 3,7 միլիարդ դրամ կտրամադրի: Այ եթե ԱԻՆ-ից ուղղակի պատասխանեին մեր հարցին ու ասեին, թե 2021-ի դեկտեմբերին որքան պարգեւավճար է բաժանվել, հնարավոր կլիներ համեմատել պարգեւավճարների եւ տեխնիկական համալրման մակարդակները: Չեն պատասխանել, բայց քանի որ պարգեւավճար բաժանում են ամեն տարի ու անգամ տարեկան մի քանի անգամ, իսկ գույք գնում են ոչ ամեն տարի, նշանակում է, որ փրկարարի գործը հեշտացնելը, մարդկանց կյանքը փրկելը, անվտանգ միջավայր ունենալը առնվազն երկու անգամ պակաս է կարեւորվում:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ