Հետադիմության ճանապարհը

Հետադիմության ճանապարհը

Ներհայաստանյան հասարակական-քաղաքական քննարկումներում, բանավեճերում Հայաստանի զարգացման ուղղությունը, քաղաքական մոդելի ընտրությունը, որպես կանոն, քննարկվել է դրվագային՝ առանց խորքային ընդգրկման եւ բազմակողմ հարցադրումների, որոնց պատասխանների փնտրտուքը նաեւ իմաստազրկվել է, քանի որ օրվա իշխանությունը միշտ էլ հանրության փոխարեն ընտրել է հետադիմության ճանապարհը, որն ավելի անվտանգ եւ ապահով է եղել իշխանության պահպանման համար: Հանրության կողմից մերժված իշխանությունները առաջադիմության ճանապարհ չէին կարող ընտրել, մանավանդ որ առաջադիմությունն այդ իշխանությունների մահերգը կարող էր դառնալ: Եվ երբ 2014թ. սեպտեմբերյան գիշերվա խավարում Սերժ Սարգսյանը որոշեց Հայաստանը խցկել Մաքսային Միություն, ապա՝ հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագրից, Հայաստանի քաղաքական զարգացման ուղղության շուրջ քննարկումները մեկեն դադարեցին: 

Երեւանն ընտրեց եվրասիականության հետադիմական ճանապարհը՝ խորացնելով առանց այն էլ զարգացման մեջ կանգ առած Հայաստանի պետության եւ հանրության հետընթացը: ԵՄ հրաժարումից եւ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի զարգացման ընթացքի եւ ուղղության շուրջ քննարկումները դադարեցին՝ ԵՏՄ «անշրջելիության» մասին ճակատագրականության կեղծ պատճառաբանությամբ: Հայկական հասարակական-քաղաքական միջավայրի, պարզունակ քաղաքական մտքի, կարճատես ընդդիմության պայմաններում Հայաստանի քաղաքական ուղղության վերանայման անհրաժեշտության խնդիրն այլեւս երբեք չդարձավ քաղաքական օրակարգի հարց: Այն կա՛մ դարձել է բարդ խնդիր պարզունակ եւ նեղմիտ քաղաքական միջավայրի համար, կա՛մ՝ անկարեւոր: 

Թվում էր, թե հայկական թավշյա հեղափոխությունն ունակ էր, պարտավոր էր եւ պետք է լուծեր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության դադարեցման եւ ԵՄ ասոցացման քաղաքական խնդիրները, սակայն հեղափոխությունից անմիջապես հետո ակնհայտ դարձավ, որ երիտասարդ հեղափոխականները, իրենց քաղաքական ընկալումների եւ ռազմավարության պարզունակությամբ կամ՝ ավելի ճիշտ, դրանց իսպառ բացակայությամբ եւ քաղաքական մտածողությամբ (մենթալիտետով) բնավ չէին տարբերվում իրենց անմիջական նախորդներից, որոնց մերժել էին եւ հեռացրել իշխանությունից: Հետհեղափոխական հետագա զարգացումներն ավելիով ապացուցեցին, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխ. խմբագիր Նիկոլ Փաշինյանի պատկերացումներով կերտվող հին-նոր Հայաստանում իշխանության ամրապնդման եւ պետության ընթացքի՝ եվրասիականության ճանապարհը համարվում է նույնքան ապահով եւ անվտանգ, որքան նախահեղափոխական Հայաստանում էր:

Իրականում խնդիրն ու իրավիճակն ավելի բարդ էին եւ վտանգավոր, քան պարզապես եվրասիականության ընտրությունը: Մի կողմից՝ խնդիրը վերաբերում էր Հայաստանի քաղաքական ընթացքին եւ ընտրությանը, մյուս կողմից՝ իրավիճակը վկայում էր, որ Հայաստանը, իրականում, արագորեն ադրբեջականացվում է:

Տարածաշրջանում «ժողովրդավարության կղզյակի» համարում եւ ձգտումներ ունեցող Հայաստանում, արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության երկրորդ ժամկետից առաջ, սկսեցին ձեւավորվել Հայաստանի ադրբեջանականացման առաջին մեխանիզմները՝ ԱԺ կեղծված ընտրություններով, ապա՝ 100 տոկոս ձայն հավաքելու դեպքում անգամ իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու՝ Վազգեն Սարգսյանի խոստովանությամբ եւ Վանո Սիրադեղյանի՝ 8 ջրցան մեքենաների եւ 50 տանկեր չունենալու եւ դրանցով ընդդիմության հանրահավաքները ցրել չկարողանալու հեգնախառն ափսոսանքով:

Հայաստանի ադրբեջականացումն ավելի արագացավ արդեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում: Ղարաբաղյան ծագման հայ քաղաքական ղեկավարները՝ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, որոնք ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղում կուսակցական պաշտոններ էին զբաղեցնում, Երեւան տեղափոխվելով եւ ՀՀ իշխանության մաս կազմելով՝ Հայաստան բերեցին կառավարման ադրբեջանական քաղաքական մտածողության եւ կառավարման համակարգի սկզբունքները, որոնք հետագայում վերածվեցին ամբողջական կառավարման մոդելի:

2003թ. ՀՀ նախագահի աղմկոտ, կեղծված ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի ընտրական շտաբի ղեկավար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ի պատասխան Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելու պահանջների, հայտարարեց, թե «Ժողովրդավարությունը խորթ է մեր մենթալիտետին»: Հենց այս ադրբեջանական մենթալիտետով էլ ընթանում էին Հայաստանի պետության կառավարումը եւ հանրության ձեւավորումը: 

Ադրբեջանը, որ անգամ ԵՏՄ անդամ չէ, արեւելյան խանական պետություն էր՝ քաղաքական իրավունքների եւ ազատությունների բացակայությամբ, բարձր կոռումպացվածությամբ եւ ընտանեկան-կլանային կառավարմամբ: Ահա այս մոդելն ու համակարգն իրենց հետ Երեւան բերեցին Քոչարյանն ու Սարգսյանը: Եվ երբ պարզվեց, որ Հայաստանի ամբողջական ադրբեջանացումն անհնար է, իսկ հասարակական հուզումներրը եւ ձգտումները դժվարացնում են նման ընթացքը, ծայր առան ընտրակեղծիքները, բռնարարքները, քաղաքական իրավունքների ոտնահարումները եւ Մարտի 1-ը՝ որպես այդ ամենի խտացում:

Հայաստանի նորագույն շրջանի պատմության ընթացքում, ավելի քան 2.5 տասնամյակ, ՀՀ կառավարիչները մեր երկիրը համեմատել են Ադրբեջանի հետ եւ գոհունակությամբ ընդգծել մեր առավելությունները: Նման համեմատության դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ չափվում էր համանման ձգտումներով ու նպատակներով, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եղած տարբերություններն աստիճանաբար նվազում էին: Իրականում Հայաստանի հիմնական առավելությունն այն էր, որ ժողովրդավարությունը բնավ խորթ չէր մեր մտածողությանը, ինչպես վստահաբար պնդում էր կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի նախկին բաժնի վարիչ Սերժ Սարգսյանը: 

Հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական ընթացքը չփոխվեց, եւ կոռումպացված քաղաքական համակարգին փոխարինելու եկան կոռուպցիան մերժող, սակայն պետական բյուջեն անպատիժ մսխող նոր իշխանությունները: Հեղափոխությունից հետո Հայաստանում շարունակվեց կառավարման ընտանեկան մոդելի կիրառումը: Պաշտոնական Երեւանի համար Եվրոպան ապարդյուն եւ անվերջ գործողումների ճանապարհ էր, իսկ իշխանությունների՝ Եվրամիությունից ակնկալիքներըը հանգում էին վիզաների ազատականացմանը եւ ֆինանսական ներարկումներին: Առաջինը թեպետ կարեւոր խնդիր է ՀՀ քաղաքացիների համար, սակայն այդ ամենով Հայաստանի քաղաքական վերափոխման անհրաժեշտության խնդիրը չէր լուծվում: Մանավանդ որ, նման անհրաժեշտության գիտակցումը, ըստ էության, բացակայում էր հետհեղափոխական իշխանության մոտ: 

1995թ. ի վեր ՀՀ խորհրդարանները ձեւավորվել-նշանակվել են իշխանության հրահանգներով: Հեղափոխությունից հետո, ըստ էության, ներկա խորհրդարանը դարձյալ ձեւավորվեց իշխանության միակ կրողի՝ Նիկոլ Փաշինյանի կամքով, պատկերացումներով եւ այդ կամքին տված հանրության քվեներով: 

Քաղաքական հետադիմական ուղղության ընտրությամբ հաստատվեց պետության եւ հասարակության ճանապարհը՝ հետադիմության ճանապարհը, որով շուրջ 2.5 տասնամյակ ընթանում են Հայաստանի պետությունն ու հասարակությունը: 

Կառավարման ադրբեջանական այս համակարգը վերասերեց նաեւ Հայաստանի հանրությունը, որն աստիճանաբար դարձավ հետադեմ արեւելյան հանրություն՝ կենցաղով, հասարակական-քաղաքական ընկալումներով ու ձգտումներով:

Փաշինյանների ընտանիքը շարունակեց օգտագործել Հայաստանի հասարակական-քաղաքական կառավարման ադրբեջանական մոդելը, որի ինքնաբուխ ձեւակերպումը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխ. խմբագիր Աննա Հակոբյանը՝ Հայաստանի ռազմաքաղաքական թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տիկնոջը՝ այդ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային ի սրտե հրավիրելով Ղարաբաղ «իր սիրած մուղամը» լսելու եւ քաղաքական մուղամից դեռ չազատագրված Հայաստանին եւ նրա մաս կազմող Ղարաբաղին հրելով քաղաքակրթական մուղամի հետնախորշը: Իրականում վերստին պարզ դարձավ, որ թե՛ նախահեղափոխական, թե՛ հեղափոխական Հայաստանի բոլոր կառավարիչների նախընտրած քաղաքական երաժշտությունը քաղաքական մուղամն էր, որի հնչյունների տակ Հայաստանի պետությունն ու հանրությունն արդեն 2.5 տասնամյակ հրել-դուրս են բերել հետադիմության վտանգավոր ճանապարհ: