ԼՂՀ-ն հռչակել են «հանցավոր համայնք»․ Ադրբեջանական Ֆեմիդայի խորամանկությունը․ eadaily.com

-----
Բաքվի ռազմական դատարանում, ինչպես հայտնի է, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դատավարությունը։ Ադրբեջանական արդարադատությունը նրանց չի դիտարկում որպես Ադրբեջանից ինչ որ ժամանակ բաժանված երկրամասի քաղաքական առաջնորդներ։ Հայաստանն էլ փաստացի կերպով հրաժարվել է նրանցից։ Ու սա միակ պատճառը չէ, որով այս դատավարությունը, ըստ ռուսական Взгляд պարբերականի դառնում է եզակի համաշխարհային իրավական պրակտիկայում։ Անդրադառնալով դատավարությանը, պարբերականը նկատում է, որ դատական բոլոր նյութերը գրված են ադրբեջաներենով, իսկ ամբաստանյալի աթոռին հայտնվածների մեծ մասը ադրբեջաներեն չգիտի։ Բացի այդ, մեղադրյալները գործի նյութերի հանդեպ լիակատար հասանելիություն չունեն, քանի որ կան նյութեր, որոնք ադրբեջանական օրենսդրության համաձայն գտնվում են «գաղտնի» գրիֆի ներքո եւ կապված են այդ երկրի պետական անվտանգության հարցերի հետ։ Այդ հանգամանքը բարդացնում է ամբաստանյալների պաշտպանների, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերի աշխատանքը, ով նույնիսկ դժգոհել էր, որ ոչ միայն դատական նյութերի հանդեպ հասանելիություն չունի, այլ նաեւ չի կարողանում պարզապես մուտք գործել Ադրբեջան։
Դիտարկվող 2548 դրվագներից ամենից փոքր իրավախախտումը թերեւս անօրինական կերպով սահմանահատում իրականացնելն է։ Մեղադրանքի հիմնական կետերից են՝ իշխանության բռնի զավթումը, ահաբեկչությունը, անօրինական զինված խմբավորման ստեղծումը, վարձկանությունը, կազմակերպված հանցավորությունը, հումանիտար իրավունքի նորմերի խախտումը, զենքի առեւտուրը, խոշտանգումները, ագրեսիվ պատերազմի պլանավորումը եւ այլն։ Միաժամանակ՝ ԼՂՀ-ն դատավարությամբ հայտարարվեց հանցավոր խմբավորում, ինչն ինքնին նոր բան կարելի է համարել միջազգային իրավական պրակտիկայում։ Ուշագրավ է այն, որ ամբաստանյալներից եւ ոչ մեկին հայրենիքի դավաճանության մեղադրանք չի ներկայացվել, քանի որ նրանցից եւ ոչ մեկը չի հանդիսացել Ադրբեջանի քաղաքացի։ Սա հետաքրքիր իրավական իրավիճակ է, քանի որ Ղարաբաղյան շարժման անդամները երբեք իրենց խորհրդային անձնագրերը չեն փոխել ադրբեջանական անձնագրերով, այլ վերցրել են կամ ղարաբաղյան կամ հայկական անձնագրեր։ Սա կարող էր պաշտպանական գծի համար դեր խաղալ, եթե Հայաստանը ակտիվ գործողություններ աներ, սակայն Երեւանը կարծես թե ոչինչ անել չի ուզում եւ բացի այդ, Հայաստանը երբեք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Արդյունքում բոլոր ամբաստանյալները ոչ թե դատվում են որպես ռազմագերիներ, այլ որպես ահաբեկիչներ։ Ադրբեջանն իր հերթին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հրաժարվում է նրանց ասպտամբություն բարձրացնելու մեղադրանք ներկայացնել։ Ադրբեջանական օրենսդրությամբ, ԼՂ նախկին պաշտոնյաների, ղեկավարների եւ զինվորականների գործողությունները համապատասխանում են միջազգային ահաբեկչությանը։ Այս դատավարությունը, ըստ ռուսական պարբերականի, կարելի է համարել ղարաբաղյան նախկին ղեկավարների հանդեպ իրականացվող անհատական վրիժառություն։ Այն նաեւ նոր քաղաքական իրողությունների իրավաբանական արձանագրման հարթակ է, արձանագրում, որն իրականացվում է դատական որոշումների նախադեպերով։ Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ջնջվում է ժամանակակից Ադրբեջանի պատմությունից ու իրավաբանական պրակտիկայից։
Այս կերպ Բաքվում ցանկանում են փակել ղարաբաղյան ողջ պատմության էջը։ Մեղադրանքների ծավալն ու բնույթն էլ որեւէ կերպ չի կարող ենթադրել համաներում, մեղմացում կամ փոխանակությունը։ Ադրբեջանն այժմ որեւէ հումանիտար գործողություն կատարելու կարիք էլ չունի միջազգային ասպարեզում։ Դրա համար էլ մարդասիրության ցուցաբերման միջազգային կառույցների կոչերին չի արձանագնքում։ Նույնիսկ Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու արշավը ոչ մի կերպ չազդեց Բաքվի վրա։ Հայաստանն էլ իր հերթին պետական մակարդակով գործնականում ոչինչ չի անում ձերբակալվածների ազատ արձակման համար։ Մեղադրյալներին աջակցում են միայն ղարաբաղցի ակտիվիստներն իրենց փոքրաթիվ կողմնակիցներով ցույցեր անցկացնելով։ Ադրբեջանի համար, թեեւ դատավարությունը փակ ռեժիմով է անցկացվում, սակայն պարզ է, որ այն լինելու է ամենից աղմկոտներից մեկը։ Ու դա միայն այն պատճառով չէ, որ մասնակցում է համաշխարհային հռչակ ունեցող իրավաբան Ջարեդ Գենսերը։ Բաքուն հետաքրքրված է, որ ամբաստանյալները ոչ միայն առավելագույն ծանր պատիժներ ստանան, այլ նաեւ, որ այդ ամենը առավելագույն չափով հանրահռչակվի ու տարածվի, որով ԼՂՀ-ն որպես պետական կազմավորումը ի սպառ կջնջվի։
Գործը քննվում է որպես զուտ ներդարբեջանական, սակայն Բաքուն հավակնում է ստեղծել միջազգային իրավաբանական նախադեպ։ Նույնիսկ նախկին Հարավսլավիայի մասով Հաագայի դատարանը նման նախադեպ չի ունեցել, եզրակացնում է պարբերականը։
Կարծիքներ