Իրենք էդքան փողեր են ուտում, բայց դերասանի համար 90 հազար դրամ չունեն

Իրենք էդքան փողեր են ուտում, բայց դերասանի համար 90 հազար դրամ չունեն

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը ու այլ դերասաններ հունվարի 1-ից չեն աշխատի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Երևանի քաղաքապետարանն 90 հազար դրամ աշխատավարձը շատ է համարում մի շարք վաստակավոր արտիստների համար և որոշել է, որ դերասաններն այդ չնչին գումարին անգամ արժանի չեն: Չնայած նրան, որ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է և մշտապես հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը հենց իր մեջ է, այսօր հայտնվել է նման ծանր իրավիճակում: Այս մասին «Հրապարակը» զրուցել է դերասանուհու հետ:

- Տիկին Լուսինե, Դուք օրվա իշխանություններին այնպիսի մեծ ջանասիրությամբ էիք աջակցում, փոխարենն ամեն անհաջողության մեջ մեղադրում էիք ընդդիմությանը: Հետաքրքիր է, հիմա Ձեր կարծիքը փոխվե՞լ է, թե՞ դեռ շարունակում եք հավատալ ու համակրել այս իշխանություններին:

- Բայց իշխանություններն ի՞նչ կապ ունեն թատրոնի խուլիգանների հետ:

- Դրամատիկական թատրոնը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է: Ավելին` քաղաքապետարանն է հրաժարվում ֆինանսավորել թատրոնը:

- Հա, քաղաքապետարանը՝ հա, բայց իշխանություն ասելով դու ո՞ւմ նկատի ունես:

- Նույն Երևանի քաղաքապետն այս իշխանության անդամ է, ԿԳՄՍ նախարարն էլ է իշխանության անդամ, ինչո՞ւ եք զարմանում: Այս բարձիթողի վիճակի մեղավորն ո՞վ է ի վերջո:

- Հիմա Դուք ինձանից հաշի՞վ եք պահանջում, որ ես իշխանություններին եմ աջակցում:

- Ոչ, բոլորովին, պարզապես ուզում եմ հասկանալ՝ շարունակո՞ւմ եք նրանց աջակցել, թե՞ ոչ:

- Իշխանության եկած մարդիկ հո բոլորը նույնը չե՞ն: Երկու անգամ գնացել եմ քաղաքապետարան, անգամ ինձ չեն թողել ներս մտնել: Զանգել եմ, ասել են` զբաղված ենք: Նրանք ինձ չեն ընդունում: 90 հազար դրամի համար ինձ թատրոնից հանում են, ուզում եմ հասկանամ էդքան «քյասի՞բ» են, իրենք իրենց անընդհատ պրեմիաներ են տալիս: Ես երբեք չեմ լռել, հազար տարի է ասում եմ, որ ինձ ոչ մի դեր չեն տալիս: Ինչի՞ ոչ մի բան չփոխվեց: Խանդիկյանն ինձ երեսուն տարի է մի դեր անգամ չի տալիս:

- Խանդիկյանի այդ վերաբերմունքն ինչո՞վ է պայմանավորված:

- Դեմս կանգնում, լավ խոսում է, բայց դեր չի տալիս, ես չգիտեմ, թե ինչու: Երևի ինչ-որ բաներ գիտեմ և ինձ տեսնել չի ուզում դրա համար: Հազար ու մի բան կա:

- Ինչե՞ր գիտեք:

- Հազար ու մի բան, չգիտեմ….

- Նշել էիք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս դիմել էիք, սակայն Ձեզ չէր ընդունել: Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում կա երկու միլիոն վարչապետ: Ի՞նչ փոխվեց….

- Վարչապետին նամակով եմ դիմել, երևի նա գաղափար էլ չունի, որ ես դիմել եմ իրեն: Նամակս տեղ չեն հասցրել: Իրենցից դուրս անբաններ են էնտեղ նստած, որոնք եսիմ ինչքան էլ աշխատավարձեր են ստանում: Իրենք կարդում են ու պատասխանում, Փաշինյանը տեղյակ էլ չէ, ես համոզված եմ:

- Այս իշխանությունները որոշեցին, որ Հայաստանին մշակույթի նախարարություն էլ պետք չէ, գուցե նախարարություն լիներ, իրավիճակն էլ այլ լիներ….

- Օրինակ, այն ժամանակ, երբ մշակույթի նախարարն Արմեն Ամիրյանն էր, ես շատ գոհ էի: Մի օր կանչեց իր մոտ, ասեց` դու պիես գրի, ես կֆինանսավորեմ և պիեսը կբեմադրես: Բախտս այդտեղ էլ չբերեց, Ամիրյանն ազատվեց նախարարի պաշտոնից: Ամիրյանին ասեցին՝ ռադդ քաշի գնա, դու հին ես, նա էլ թողեց գնաց ու ի՞նչ….

- Այսօր արվեստի մարդիկ այնքան անտեսված են: Ինչպե՞ս եք կարողանում ապրել, հանապազօրյա հաց վաստակել: Մի պահ սերիալում էիք նկարահանվում: Հիմա, կարծես, էկրաններին չկաք:

- Մի պահ, մի հինգ օր նկարահանվեցի ու վերջ: Որ չդիմակայեմ, ի՞նչ անեմ, գնամ մոստից թռնե՞մ: Իմ հաշվին 35 հատ շուն ու կատու եմ պահում:

- Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, ո՞ւմ եք դիմելու:

- Ինձ այսօր ԱՄՆ-ից զանգեցին, լրիվ անծանոթ մարդիկ էին, թատրոնի մարդիկ էին: Իմանալով, թե ինչ է եղել, ինձ հրավիրում էին ԱՄՆ` թատրոնում աշխատելու: Ես ԱՄՆ-ում եղել եմ, անգամ երկու հատ փեսացու էին ինձ համար էնտեղ գտել, որ ես ընտրեի, բայց չսիրեցի Ամերիկան: Չէի կարողանում շնչել, ինձ թվում էր, թե օդի մեջ կապար կա, խեղդվում էի, Հայաստանից բացի այլ տեղ չեմ ուզում: Մերժեցի այսօրվա առաջարկը ևս: Իհարկե, շատ-շատ շնորհակալ եմ ու զգացված այդ մարդկանցից, սակայն ինձ Հայաստանից չեն վտարում, ընդամենը` թատրոնից, այն էլ 90 հազար դրամ չծախսելու համար: Իբր քաղաքապետարանի աշխատակիցներն ասել են, որ Լուսինե Կիրակոսյանը դեր չունի, ինչո՞ւ եք պահում նրան: Թատրոնի ընկեր ղեկավար, որ իմ մասին էդքան շատ ես մտածում, բա ինչի՞ մի դեր չես տալիս:

- Նույն Երևանի քաղաքապետարանը պարգևավճարների գումարներ ունի, սակայն չունի գումար արվեստի համար:

- Ես համոզված չեմ, որ քաղաքապետարանն է այդ որոշումն ընդունել: Դու համոզվա՞ծ ես, որ եկել ասել են` Լուսինե Կիրակոսյանին փողի համար հանեք թատրոնից: Ես համոզված չեմ դրանում, չեմ հավատում: Իսկ եթե նման բան եղել է, ուրեմն սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, իրենք էդքան փողեր են ուտում, բայց դերասանի համար 90 հազար դրամ չունեն: Ես իմ կյանքն ու առողջությունն եմ թատրոնին նվիրել…. ամեն ինչս, ու հիմա մի քանի կոպեկի համար էսպես են վարվում: Խառը ժամանակներ ենք ապրում, որ էսքան տղա զոհվեց, էսքան ինչեր ասես, որ չեղան….ի՞նչ: Գուցե նրանց համար մեկ է, որ մի դերասանուհու կյանք կարող է այս ամենի ֆոնին խորտակվել։