Տեղեկատվական կոլաբորացիոնի՞զմ

Տեղեկատվական կոլաբորացիոնի՞զմ

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան կոշտ հարվածում են Հայաստանին: Առաջին հարվածը հասցրեց Մոսկվան՝ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, որ հայտարարեց ղարաբաղյան խնդրի փուլային կարգավորման մասին: Կրեմլը փաստացի կեղծիքի մեջ մեղադրեց Նիկոլ Փաշինյանին՝ բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթերի թեմայով: Այնուհետեւ Մոսկվան պաշտոնապես բարձրացրեց գազի գինը եւ պահանջեց, որ Հայաստանի իշխանությունները բանտից ազատ արձակեն Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին գրում են հայկական լրատվամիջոցները եւ ավելացնում, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները մշտապես հայտանբերում են մաքսանենգ ծխախոտով ինքնաթիռներ, որ ենթադրաբար ուղարկում է Հայաստանի ղեկավարությունը: Վաշինգտոնի դիրքրոշման առթիվ հատկանշական է, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին չնչին գումար է տրամադրել, թեեւ բոլորն սպասում էին մեծ աջակցության: Գումարած՝ Սպիտակ տունը նաեւ հրաժարվում է հայկական բարձրագույն ղեկավարության հետ պաշտոնական հանդիպումներից: Վաշինգտոնը նաեւ Երեւանին մերժել է շարունակել Ղարաբաղում ականազերծման ծրագիրը: Երեւանի ամբողջ հույսը Եվրամիությունն է՝ իրավիճակի հավասարակշռման երրորդ ուժային կենտրոնը, բայց նա էլ գործում է ոչ հօգուտ Հայաստանի: Վերջերս Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեն բանաձեւի նախագիծ է ընդունել, որը խորհրդատվություն է ներառնում Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին եւ ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների հետ քաղաքականության Հատուկ կոմիսարին: Համաձայն բանաձեւի նախագծի, «ուժի կիրառումից հրաժարվելու» սկզբունքը եւ «խաղաղ կարգավորումը» կիրառելի չեն ղարաբաղյան հակամարտության դեպքում: Դա դիվանագիտական լեզվով նշանակում է, որ ԵՄ-ը կպաշտպանի Ադրբեջանի հնարավոր կոշտ քայլերը՝ ներառյալ ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորումը,- ընդգծված է 168.am-ի հրապարակման մեջ»: Սա մեջբերում է ադրբեջանական լրատվամիջոցից:

Ինչպես տեսնում ենք, հակառակորդ երկրում ուշի-ուշով մշտադիտարկում են հայկական մամուլը եւ սոցցանցերը եւ առանձնացնում ու սեփական հանրությանը ներկայացնում այն, ինչ իրենց ձեռնտու է: Դա պատերազմի օրենքն է: Բայց ինչու՞ մենք չենք կարողանում զսպել ներքաղաքական մրցակցության մոլուցքը եւ տեղեկատվական տարածք ենք բերում թեմաներ, որոնք փաստորեն ծառայում են թշնամու քարոզչությանը: Դա սոսկական վրիպու՞մ է, թե գործ ունենք տեղեկատվական կոլաբորացիոնիզմի հե՞տ: Որտե՞ղ է ավարտվում խոսքի ազատության իրավունքը: Աշխարհի ամենաժողովրդավարական կոչվող երկրներում անգամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերը կամ կատարյալ փակի տակ են, կամ ենթարկվում են գրաքննության: Մենք նաեւ ա՞յս առումով ենք բացառիկ ազգ: