Ոստիկանները կարող էին ուղղակի չտեսնելու տալ, չհետապնդել․ ոստիկանապետ

Ոստիկանները կարող էին ուղղակի չտեսնելու տալ, չհետապնդել․ ոստիկանապետ

«Ոչ միայն կշարունակի, այլև խոստացավ, որ բարձրագույն կրթություն ստանա, որպեսզի մենք իրեն միջին խմբում պաշտոն տանք, և շնորհենք սպայական կոչումներ»,- պատասխանելով հարցին, թե վիրավորված ոստիկանը կշարունակի՞ ծառայությունը, ասաց ոստիկանապետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնել, նշանակում է ձեռք բարձրացնել պետության վրա, և ով հանդգնի դա անել, կարժանանա խստագույն պատժին․

« Ես կցանկանամ մի հանգամանքի մասին խոսել, կուզեմ, որ հանրային ընկալման մեջ բոլորը գիտակցեն՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, և խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր այսկերպ կամ որևէ կերպ կհանդգնեն պետության վրա ձեռք բարձրացնել։ Սա նաև մեր համախմբվածության արդյունքն է, որ իրավապահ մարմինները գիշերվա այս կարճ ժամանակահատվածում վերլուծական, եղած օպերատիվ տվյալների համադրմամաբ, ընդհանուր առմամբ բոլոր հնարավոր միջոցների օգտագործման արդյունքում կարողացել ենք պարզել, անձերը ճշտել և վերջիններիս բերման ենթարկել։ Քննության արդյունքների մասին, ենթադրում եմ, դուք կտեղեկացվեք, որովհետև սա որոշակի առումով հետաքրքրություն է ներկայացնելու, որովհետև մեծ հաշվով սպանվել է ոստիկան, սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, չեմ վարանի ասել՝ խիզախաբար, որովհետև իրենք կարող էին ուղղակի չտեսնելու տալ, չհետապնդել, բռնելուց հետո էլ այդ երկար տարածությունը չվազել, ձեռնամարտի հնարք չկիրառել և այլն»։

Սարգսյանի խոսքով՝ սպանության տարածքի տեսախցիկներից զատ այլ հանգամանքներ են եղել, որոնք օգնել են բացահայտել սպանությունը, նա կոչով դիմեց տնտեսվարողներին․

«Դեպքի վայրին հարակից բենզալցակայան կա, որն ունի տեսախցիկներ, որոնք որոշակի առումով միայն բենզալցակայանի տարածքն են նկարահանել։ Ես կցանկանամ մեր տնտեսվարող սուբյեկտներին ուղղակի խնդրել, հորդորել, որպեսզի իրենք տեսախցիկներ տեղադրեն։ Այս բացահայտումը չկապենք տեսախցիկների առկայության հետ, նաև այլ հանգամանքներ են օժանդակել, որ մենք բացահայտել ենք»։

Սարգսյանի խոսքով՝ զոհված ոստիկանի ընտանիքին և վիրավորված ոստիկանին պետության հնարավորության սահմաններում կօգնեն․

«Մեր վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, բայց զոհված ոստիկանը 38 տարեկան էր, և ես որքանով տեղյակ եմ՝ արդեն լրանալու էր կենսաթոշակային տարիքը, ունի երեխաներ։ Պատրաստվում ենք պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել մեր գործընկերոջը, դա ուղղակի մեր բարոյական պարտքն է նաև խրախուսել, փառաբանել նման անձանց, որպեսզի իրենց ընտանիքի անդամներն էլ հասկանան, որ իրենց զավակները, ամուսինները, իսկ մեր մյուս ծառայողներն էլ կգիտակցեն, որ իրենց գործընկերները խիզախություն են գործում հանուն պետության և պետությունն էլ գնահատում է նրանց վարքագիծը»։