Լայքերն ու դիսլայքերը մի կողմ դրեք ու խոսեք Պետության անունից
Վարչապետը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը ժամը 18.30-ից իր էջի ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ Լike հավաքած հարցերին:
Քանի որ լայքերի մեխանիզմի մասին շատ է գրվել, ամեն օր շոշափվում է, (չբացեմ փակագծերը) կարծում եմ այս եղանակը ընդհանրական իմաստով վստահություն չի ներշնչում։ Հարցերը կընկալվեն ընտրովի․ երեք ժամ չէ, 13 ժամ խոսելուց հետո էլ հիմնական հարցերի տեղը դատարկ կմնա։ Արտակարգ իրավիճակում, համաճարակի պայմաններում երկրի բնակչին ի՞նչը կարող է հետաքրքրել։ Պատասխանեք ոչ թե մասնավոր, կենցաղային հարցերի, այլ արտակարգ իրավիճակում պետության ձեռնարկած կոնկրետ քայլերի մասին։ Մասնավոր հարցերի սարդոստայնի մեջ դուրս է մնալու այն կարևորը, որ այսօր հուզում է իրական (բառը անտեղի չեմ օգտագործում) մարդկանց։ Կարդում եմ շատ լայք հավաքած հարցերը ու հասկանում, որ դուք էլի խոսելու եք ձեր սիրած թեմաների, նախկինների և նմանատիպ հարցերի մասին, մոռանալով, որ մենք կանգնած ենք մեծ վտանգի առաջ ու դուք պիտի խոսեք միայն այն մասին՝ թե ինչպես եք մեր ժողովրդին դուրս բերելու այս վիճակից, ինպես եք հաղթահարելու այս մեծ փորձությունը։ Ժողովուրդը կարոտ է պետական խոսքի, հարցերի սարդոստայնից դուրս եկեք, լայքերն ու դիսլայքերը մի կողմ դրեք ու խոսեք պետության անունից՝ ընդհանրական, առանց սև ու սպիտակի, առանց լայքի ու դիսլայքի։ Մեր լայքը, իրական լայքը, այս ահեղ պատերազմում պետությունն է, Հայաստանի Հանրապետությունը, նրա ժողովուրդը։ Խոսեք Պետության անունից, արտակարգ իրավիճակում նրա պարտավորությունների մասին։ Բոլոր հարցերի ընդհանրականը սա է։
Կարծիքներ