Անկախ դատական համակարգ ենք շինում, Նիկոլը՝ վկա
Մեր դատական համակարգը ո՛չ անկախ է, ո՛չ էլ շարժվում է անկախություն ձեռք բերելու ճանապարհով: Փաշինյանը պնդում է, որ մեկ օրում հնարավոր չէ դատական համակարգի անկախություն հաստատել: Ինքը, ահա, 6 տարի է՝ ամեն ինչ անում է, որ դատական համակարգը Հայաստանում անկախ լինի, բայց դեռ չի ստացվում: Նախկիններից, ասում է, այնտեղ դեռ լծակներ ունեցողներ կան, որոնք չեն թողնում, որ մեր դատական համակարգն անկախանա: Չգիտեմ՝ ում նկատի ունի Փաշինյանը, բայց փաստ է, որ ամենամեծ լծակ ունեցողն ինքն է, եւ դատական համակարգի անկախությունն ամենից շատ հենց իրենից է կախված: Բավական է նա ձեռքը վերցնի դատական համակարգի վրայից, եւ այդ համակարգն իսկույն կանկախանա: Ախր, սա ոզնուն էլ է հասկանալի: Բայց ոչ, Փաշինյանը կարճ ճանապարհով գնացողներից չէ: Նա պետք է պայքարի դատական համակարգի անկախացման համար, պետք է պայքարի երկար:
Որպես իր պայքարի դրական արդյունք՝ Փաշինյանը վկայաբերում է այն իրավիճակները, որ դատարանների վճիռները մե՛կ իշխանությանն են գոհացնում, մե՛կ՝ ընդդիմությանը, մե՛կ իշխանությունն է դժգոհ մնում այդ վճիռներից, մե՛կ՝ ընդդիմությունը: Սա, ըստ Փաշինյանի, առաջընթաց է դատական համակարգի անկախության ճանապարհին: Իսկ ես կասեի՝ սա «ֆռիկ» է Փաշինյանի կողմից: Անկախ դատարանի վճռից գոհ կամ դժգոհ չեն մնում: Անկախ դատարանի վճիռը սովորաբար լինում է այնպիսին, որ բոլորն են ընդունում այն՝ թե՛ հայցվորը, թե՛ պատասխանողը եւ թե՛ հանրությունը: Ի՞նչ գործ ունեն այստեղ իշխանությունն ու ընդդիմությունը, որ մի հատ էլ գոհ լինեն կամ գոհ չլինեն: Ես ձեզ ասում եմ՝ մեկ օրում կարելի է հասնել դատական համակարգի անկախության, եթե գործադիր իշխանությունը ձեռքը քաշի դատական համակարգի վրայից, այսինքն՝ դադարի դատական իշխանության գործերին միջամտել: Չլինեին Փաշինյանի կառավարության անհարկի, անճոռնի, այլանդակ, ընդհուպ բռնի միջամտությունները դատավորների եւ դատարանների գործերին, Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց բերդում կլինեին՝ ամենածանր մեղադրանքներով: Կա՞ մեկը, որ այս պարզ ճշմարտությունը չի հասկանում:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի, եթե ես մի օր մեր բակի տղերքի հետ գնամ ու շրջափակեմ ՀՀ դատարանները՝ Երեւանից մինչեւ Գյումրի, Գյումրիից մինչեւ Իջեւան եւ Իջեւանից մինչեւ Գորիս, ու դեռ մի բան էլ դատավորներին չթողնեմ լուսամուտներով ներսուդուրս անել: Բա՜ա՜ա՜… Կհայտարարեն վտանգավորության «կարմիր» աստիճան, կարմիր բերետներ կբերեն, սնայպերներ կշարեն, ճաղավանդակներով գազելներ… Զուտ երեւակայության հարց է: Կիմանան, որ գլավարը ես եմ, թեւերս կհավաքեն, ու հայդա՝ բերման: Հետո կպարզվի, որ կարմիր բերետներն ու մյուս իրավապահները նման քայլի չէին գնա, եթե Նիկոլը նրանց չհրամայեր: Ավելի ուշ ինձ կդատեին, «սռոկ» կտային, կասեին՝ դու ձեռք ես բարձրացրել հայրենի դատական իշխանությունների վրա: Մի խոսքով՝ արդարացման ոչ մի հույս: Բա խելացի մարդը քարով կտա՝ դատարանի շուշեքը կջարդի՞: Ոչ մի դատապաշտպան, վստահ եմ, հանձն չէր առնի ինձ արդարացնելու գործը: Իսկ Նիկոլի պարագան, չգիտես ինչու, ուրիշ է: Նա կարող է թե՛ դատարաններ շրջափակել, թե՛ ապակիներ կոտրել, թե՛ դատավորի քաշքշել եւ թե՛ այնպես անել, որ ո՛չ իրեն դատեն, ո՛չ իր ավազակախմբին: Դուք այդ ո՞նց եք պատկերացնում, որ կարմիր բերետները գային ու բերման ենթարկեին Նիկոլին:
Երբ Նիկոլին նախատում են սրա համար, ինչպես նաեւ՝ այն բոլոր հանցագործությունների, որ նա կատարել է դատարանների ու դատավորների հանդեպ, հետույքը քորում է ու արդարանում, թե այդ ամենն արել է բաց, հրապարակային: Հանրայնացվեց, չէ՞, Փաշինյանի մասնակցությամբ հայտնի հեռախոսազրույցը, որի ընթացքում մեր «ուստեն» պայմանավորվում էր, թե որ դատավորին ինչ անեն, որին ստիպեն՝ ում բռնել եւ այլն: Իսկ Փաշինյանի երբեմնի օգնակա՞նը, որ այսօր գլխավոր դատախազ է: Նա չէ՞ր, որ ժամանակին իր խորհուրդներով «օգնում էր» դատախազին ու դատախազությանը: Իսկ հիշո՞ւմ եք Գագիկ Ջհանգիրյանին՝ վզիս դրած ա, ախպեր, վզիս դրած ա, պտի անեմ… Տեսնես ո՞վ էր դրել Գագիկ Ջհանգիրյանի վզին: Այո, Փաշինյանը դատարանների ու դատավորների գործերին միջամտում է շատ կոնկրետ, բաց ու թափանցիկ: Մեռնեմ օրենքին: Կարծեմ, ժամանակին այնտեղ գրված էր՝ «ընչի էս երկրում դատավոր կա՞, որ իմ ասածը չանի…»: Ահա, այսպես է Փաշինյանն արդեն 6 տարի պայքարում դատական համակարգի անկախության համար:
Կարելի է ասել, որ դատական համակարգի անկախության գործում փոքր չէ ԲԴԽ-ի դերակատարումը: Փաշինյանն անզգույշ հայտարարությունների հեղինակ Ջհանգիրյանին այստեղից հանեց ու նրա փոխարեն ԲԴԽ-ի պարագլուխ նշանակեց Կարեն Անդրեասյան անունով մեկին, ով մինչեւ վարչապետի նկարի առաջ չի աղոթում, աշխատասեղանին չի մոտենում: Դատավորները դողում են նրա առաջ: Ով նամուս-թասիբ ուներ, թքեց-հեռացավ համակարգից, ով էլ դեռ մի թեթեւ շանս ուներ մնալու, փորձեց մնալ, բայց բախտը չբերեց ու Անդրեասյանի ձեռքով գնաց: Այսօր համակարգն անկապ դատավորներով լիքն է, լիքը ծիտիկ-միտիկ են լցրել դատարանները, որ անկախ դատական համակարգ ստեղծեն: Ո՞ւր կհասնենք մենք այս ճանապարհով, մանավանդ, որ դեռ հայտնի չէ, թե Կարեն Անդրեասյանի վզին ինչ է դրել Նիկոլ Փաշինյանը: Հազիվ թե ասած լինի՝ Կարեն, գնա եւ անկախ դատական համակարգ ստեղծիր:
Մի խոսքով, անկախ դատական համակարգ ենք շինում, Նիկոլը՝ վկա:
Կարծիքներ