ժամանակակիցների ներաշխարհի Փարավոնյան գեղադիտակը 

ժամանակակիցների ներաշխարհի Փարավոնյան գեղադիտակը 

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի և Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության որոշումներով,  «Նահապետ» հրատարակչության կողմից, հրատարակվել է «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» մեծաշուք պատկերագիրքը՝   ՀՀ ժողովրդական նկարչի շուրջ 200 դիմանկարներով: 

Նկատենք, որ ի դեմս գլխավոր խմբագիր և հրատարակիչ Սեն Հովհաննիսյանի, գեղարվեստական ձևավորող Սեդա Հովհաննիսյանի, լուսանկարիչ, արվեստագիտության թեկնածու Մանե Մկրտչյանի, Մարիամ Դավթյանի, Քրիստինե Սարգսյանի և Սրապիոն Մարդանյանի, ռուսերենի և անգլերենի թարգմանիչ Սվետլանա Մարդանյանի, տեխ.խմբագիր Քրիստինե Սարգսյանի և «Էդիթ Պրինտ» ՍՊԸ  տպագրիչների, լույս է տեսել բարձրաճաշակ, բազմակերպ մի գիրք, որի տպագրական որակն ու գեղագիտական  բովանդակությունը ամենաքմհահաճ դիտողին անգամ ավելին ցանկանալու տեղիք չի տա:

Նշանակալից երևույթ է այս հրատարակությունը՝ ականավոր արվեստագետի տասնամյակների ընթացքում ստեղծած դիմանկարների ամբողջական համախմբի ներկայացմամբ, ու նաև նրանով, որ պատկերագրքի հավաքածուն  ի դերև է բերում դիմակերտման ժանրում արվեստագետի ստեղծագործական զարգացումների վերափոխումները՝ հոգեբանական արտահայտչականությամբ հագեցած ռեալիստականությունից  մինչև մոդեռնիստական վերացարկմամբ ստեղծված կտավները: Դրանք իրենց գեղագիտական բազմախոսությամբ ու արտահայտչականությամբ ներկայացնում են ժամանակակիցների ներաշխարհային կերտվածքները: «Գեղարվեստորեն համոզիչ այդ կերպարներն իրենց ժամանակի խնդիրներով խոր մտահոգությունների և ոգեղենության կրողներն են»,-իրավամբ նկատում է պատկերագրքի գրախոս, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանը:

Նմանօրինակ պատկերագրքերի մասին, սովորաբար, գրախոսություններ չեն գրվում, քանզի բնօրինակ կտավների լուսանկարչական-տպագրական պատկերները, որքան էլ լավորակ,  չեն կարող  լիովին ներկայացնել արվեստագետի ստեղծագործական այն բոլոր նրբությունները, որոնցով հյուսվում և արժեքավորվում է ստեղծագործությունը: Սակայն, հավակնում եմ հակիրճ խոսք ասել, քանզի քաջածանոթ եմ Փարավոն Միրզոյանի դիմանկարային  ժանրի բազմաթիվ բնօրինակների, ավելին, բարեբախտություն եմ ունեցել ներկա լինելու դրանցից մի քանիսի «ծննդաբանությանը»: Ուստի, ընտրեցի երեք գործ, որոնք ոճական առումով կարող են պատկերագրքի բազմազանության ներկայացուցիչներ համարվել:

Դիմանկարային ժանրում նկարչի գործերն արտահայտչական են հատկապես գեղարվեստական էությամբ, որտեղ, երբեմն, դիմագծերը բացակայում կամ աղոտ են ներկայացվում, բայց ամբողջության մեջ՝ կերպարի դիրք ու շարժման ընկալման ու արտահայտման ծիրում, շեշտվում է ոչ թե հերոսի արտաքին, այլ ընդհանրական կերպարը, հոգեբանական էության յուրահատկությունը: Կան նաև դիմանկարներ, որոնք կոնկրետացնում են բնորդին, սակայն, այդ իրողականցումը՝ կերպարին բնորոշ դիմագծերը, շարժումը, նրան հատուկ էական վիճակը ևս, չեն պատճենահանվում, այլ երևակվում են կերպարի գլխավոր հատկանիշների շեշտադրմամբ՝ գունային նուրբ ու թեթև անցումներով:

«Իմ Մայրը». 1975-76 թթ. երկնած այս մեծադիր, ռեալիստական ոճով,  յուղաներկ ստեղծագործությունն, իրավամբ, արվեստագետի անցած բեղմնավոր ուղու գազափարագեղագիտական ամբողջականության «սկիզբն երկանցը» կարելի է համարել: Ծննդավայրի՝ հայրենի Սալվարդ գյուղի ջլապինդ լեռների և ափահարող դաշտերի երկնաշատ համայնապատկերում, սարալանջին,  ուխտավորի պես բոկոտն կանգնած է երիտասարդ երեխամայրը՝ մանուկը գրկին: Լեռնային քամուց մարմնին սեղմված, բարեկազմությունն ընդգծող անզարդ, ծածանվող քղանցքներով ճերմակ զգեստը, նույն ճերմակի նուրբ երանգներով շապկանց մանուկը, նրանց նայվածքի արտահայտիչ խոհականությունը Աստվածամոր հարագոյության յուրօրինակ խորհրդանիշ են դարձել՝ որդուն  աշխարհին նվիրաբերելու մայրական հայացքի մտահոգ խորությամբ ու մանկան՝  հրճվալից, վճիտ, զարմանքով լի հայացքի գրավչությամբ: Այս հմայիչ պատկերի շարունակությունը մենք գիտենք. ուր-որ է մայրը ցած կբերի որդուն և մանուկը կքայլի իր Արարչատու բախտին ընդառաջ, դեպի գեղեցիկի, վեհի արարումների աշխարհ:
Նրա հետ գնանք այդ աշխարհի բավիղներով և բազմաթիվ դյութական պահեր ապրելուց հետո կանգ առնենք «Իմ անկյունը» կտավի առջև: Բայց մեզ չի հաջողվի «կանգ առնել», պատկերն անմիջապես մեզ ներս կգերի դեպի գեղանկարչի  «անկյունը», որտեղ, մեջքով դեպի մեզ, մերկ իրանով նստած բնորդուհին է և նրան հառված նկարիչը՝ աշխատանքի պահին:

Փարավոն Միրզոյանի ռեալիստականությունն  այստեղ տեղի է տվել խորհրդանշային ոճին, կտավի առերևույթ գունաբաժանումը շեշտված է ի հայտ բերելու կնոջ լուսավոր ու տաք էությունը: Նրան հառված նկարիչը պատկերված է դարչնագույնի երանգավորմամբ, աջակողմյան ներքևում սևաթույր ինտերիեր է, վերևում՝ կարմրակերպ շերտատիպ ֆոն և բոլոր այդ ամենն իր շուրջը բոլորած շիկահեր, մարմարյա, լուսաթույր հերոսուհին՝ սավանով կիսածածկված: Նրանով գերված, նրան հառված վարպետը դիմակերտում է՝ չիմանալով, չգուշակելով, թե ի՜նչ գեղեցիկ է բնորդուհու լուսաբուխ թիկունքն ու իրանը: Փարավոնի վրձնած կանացի մեջքերի լեգենդը նկարչարվեստում վաղուց է հայտնի և սա էլ, թերևս, դրանց շարքում է, բայց արդեն իր գաղտնախորհուրդ խորհրդանշային «լրացումներով», որոնք ներկայանում են  «լույսից դուրս» ինտերիերի հատվածում նշմարվող «իգական ու արական» կուժ-կուլայով, եզրից երկնագույն ծորող, ներկապնակ հիշեցնող սկուտեղի կարմիր խնձորներով, վերջապես,  կտավի աջակողմ վերին հատվածում խոյահար թևաբախման կարմրատեսիլքով, որը նկարչի ստեղծագործական ներշնչանքի ալեկոծությունների և կամ, գուցե, քիչ առաջ ապրված զգացումների չմարած խորհրդանիշն է, մանավանդ որ, անկողնային սավանն ու հերոսուհու անխնամ սանրվածքը մտքեր են հուշում…
Դիմանկարային ժանրում խմբային և երկկերպարներ պատկերելը Փարավոն Միրզոյանի նախընտրած ձևերից է: Դրանք, որպես կանոն, ամփոփում են սյուժետային լիցք ու բովանդակություն և ստեղծագործությունը ներկայացնում որպես պատում: Այդ տեսակետից անընդգրկելի հզոր լիցք է պարունակում 2021 թ.-ին ստեղծած «Մղձավանջ» մեծադիր կտավը: 

Առանց երկմտելու կարելի է ասել, որ Պիկասոյի «Գեռնիկայից» հետո, անցած 85 տարիների ընթացքում, համաշխարհային կերպարվեստում հակապատերազմական, սրբություններն ու մարդեղենությունը ոտնակոխելու և նախճիրի ողբերգականության թեմատիկայով այնպիսի հզոր գործ չի ստեղծվել, ինչպիսին Փարավոն Միրզոյանի «Մղձավանջ» կտավն է: Կտավն արարվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ազդեցությամբ: Ստեղծագործության քննարկումը թողնենք մեկ ուրիշ անգամի,  հաշվի առնելով, որ այդ ողբերգության կրողներս դեռևս առանձնակի ծանր ազդեցության տակ ենք, և մեր իրականության հակահերոսների էության գեղարվեստական կերպավորման վերլուծությունը, բոլոր դեպքերում, նվազ դերակատարում կունենա:

Խոսքս ցանկանում եմ ավարտել նորահրատ պատկերագրքի այցեքարտը հանդիսացող «Ինքնանկարի» հիշատակմամբ: 

Փարավոն Միրզոյանն իրեն պատկերել է առինքնող ազնվականի կերպարով: Ասպետականությունը, որ բնորոշ է նաև նրա մյուս ինքնադիմանկարներում, այստեղ արտահայտվում է նաև իմաստասիրական խորըմբռնման դրոշմով: Ազնվական այրը Մեծ գաղտնիքն  իմացողի հայացքով նայում է դիտողին՝ շղթայիկով ժամացույցը աջ ձեռքով բռնած, փոքր ինչ հուշադրաբար, թույլ ցուցադրականությամբ: Ի՞նչ է ասում նրա հայացքը՝ նայիր ժամացույցի՞ն… ո՛չ, ժամացույցը, խորհրդանիշ է, ժամանակի՛ խորհրդանիշը: 

Կյանքի խելահեղության, արարումների ու կործանումների, սիրո և ատելության, սքանչելիության ու հիասթափությունների խորախորհուրդը ժամանակի մեջ է:

Թերթելով գրքի էջերը, այդ խոհերով ես փակում այն ու կրկին հանդիպելով գրաշապկից  սևեռված նկարչի հայացքին, ակամա արտաբերում ես.

-Ինքդ ասացիր:

Սամվել Խալաթյան
դրամատուրգ, արձակագիր, 
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ