Չարյաց փոքրագույնը

Չարյաց փոքրագույնը

Արտաքին քաղաքական խնդիրներին հազվադեպ եմ արձագանքում, քանի որ ինձ չեմ համարում այդ ոլորտի այնպիսի մասնագետ, որի կարծիքը հետաքրքիր կլիներ այլոց համար: Բայց լինում են պահեր, երբ համապատասխան տեղեկատվությունը լրացվում է սեփական վերլուծությամբ, եւ պատկերը հստակվում է: Հենց այդպիսի պահերից է Ուկրաինայի հարցով Արեւմուտքի եւ Ռուսաստանի հակամարտության խնդիրը:

Բարեբախտաբար, դեռեւս խոսքային եւ հույսով, որ այն չի վերածվի ռազմական գործողությունների: Ինչը մեզ հաստատ պետք չէ ոչ մի դեպքում: Որովհետեւ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում ճակատագրով մեզ հարեւան դարձած թուրքական երկու պետությունների թիրախը կլինի արդեն ոչ թե Արցախը, այլ հենց Հայաստանը: Շատ մեծ խելք պետք չէ գիտակցելու համար, որ Իլհամը կկազմակերպի հերթական սադրանքը եւ կօգտագործի այն մեր դեմ՝ արդարացնելու ագրեսիան: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող «խաղաղասեր» Փաշինյան Նիկոլի օրոք ինչ կկատարվի մեզ հետ ադրբեջանական բանակի հարձակման դեպքում: Այն էլ՝ թուրքական աջակցությամբ: 

Իսկ ես պատկերացնում եմ եւ այն էլ՝ հստակ: 99 տոկոս հավանականությամբ, մենք կկրենք խայտառակ պարտություն, եւ կդրվի հայոց պետականության գոյության խնդիրը: Եվ ընդամենը 1 տոկոս հավանականությամբ մենք երկիրը կազատենք ներքին թշնամուց ու հակահարված կտանք արտաքին թշնամուն՝ յուրաքանչյուր տուն ու շենք դարձնելով պաշտպանական դիրք: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1942-1943 թվականների ձմռանը խորհրդային Ստալինգրադ քաղաքի դեպքում: Հետաքրքի՞ր է՝ ռուսական պաշտպանական «հովանոցն» ամերիկյանով փոխարինելու ջատագովներն ինչպես կընկալեին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ ԱՄՆ պասիվության պարագայում: 

Կարող է հարց առաջանալ, թե ինչու եմ համոզված ադրբեջանական հարձակման առումով: Որովհետեւ Ռուսաստանը չի կարող պատերազմել 2 ճակատով: ՌԴ-ի համար Դոնբասի խնդիրը ոչ միայն ռազմավարական, այլեւ հեղինակության հարց է: Թե՛ համասլավոնական եւ թե՛ միջազգային առումով: Եվ, ուզենք-չուզենք՝ այն կկլանի ՌԴ նախագահի ողջ ուշադրությունը: Իլհամն էլ հիմար կլինի, եթե չփորձի օգտվել բարենպաստ իրադրությունից: Իսկ Իլհամը հաստատ հիմար չէ: Իհարկե, եթե ամեն ինչ գնա այս սցենարով, ապա հետագայում Վ. Վ. Պուտինը կփոշմանի, որ բանի տեղ չի դրել Իլհամին: Կփոշմանի, երբ ռուսական հարավային սահմաններն անցնեն Դոնի Ռոստով քաղաքի շրջակայքում: Բայց դա արդեն կլինի նրա եւ ոչ թե մեր խնդիրը, քանի որ մենք կլինենք արդեն թուրքական «գրկում»:

Իսկ որ Ուկրաինայի ակտիվությունը Դոնբասի ուղղությամբ պայմանավորված է Արցախում մեր պարտությամբ՝ այդ հարցում բացարձակ կասկած չունեմ: Ադրբեջանի հաղթանակը մոտիվացրեց Ուկրաինայի նախագահ Վ. Ա. Զելենսկուն, որը որոշեց հետեւել Իլհամի օրինակին: Նրան թեւեր տվեց նաեւ ԱՄՆ նախագահ Ջ. Ռ. Բայդենը, որը որոշեց պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը Դոնբասի ուղղությամբ: Եվ հսկայական քանակությամբ սպառազինություն հատկացրեց Ուկրաինային: Ճիշտ է, վերջերս Զելենսկին մի թեթեւ թեւաթափ է եղել, քանի որ բացի սպառազինությունից այլ օգնություն ինքը չի ստանալու ԱՄՆ-ից: Այնինչ նրան թվում էր, թե ՆԱՏՕ-ական բանակն է ուկրաինացիների հետ կողք-կողքի պատերազմելու ռուսականի դեմ:

Հասկանալի է, որ Ռուսաստանին պատերազմ պետք չէ: Բայց Պուտինը չի կարող նաեւ չարձագանքել, եթե խոշորամասշտաբ ուկրաինական հարձակում կատարվի Դոնբասի ուղղությամբ: Ու այդ ժամանակ մենք պետք է աղոթենք Աստծուն, որպեսզի դրանից չօգտվի Իլհամը: Կամ էլ այնպիսի պայմաններ չթելադրի Փաշինյան Նիկոլին, ինչի համեմատությամբ 2020 թվականի կապիտուլյացիոն հայտարարությունը մեզ թվա չարյաց փոքրագույնը: