Չէի կարող գնալ և 24 ժամ հսկել Բագրատաշենի սահմանը

Չէի կարող գնալ և 24 ժամ հսկել Բագրատաշենի սահմանը

Հետախուզման մեջ գտնվող Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորած Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել էր, որ որևէ մեկի համար այլևս երաշխավորագիր չի ներկայացնելու։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն նյութեր էր նախապատրաստել ԱԺ երկու պատգամավորների՝ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, քանի որ նրանց երաշխավորագրից հետո Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը չէր ներկայացել, և Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Փաստորեն, երեք օր առաջ ե՛ւ Մարուքյանին, ե՛ւ Զոհրաբյանին առանձին-առանձին հարցաքննության են կանչել եւ փորձել պարզել՝ արդյոք նախապես չե՞ն իմացել, որ Անահիտ Ֆարմանյանը փախչելու է, եւ «հանցավոր համագործակցության» են եկել։

«Հրապարակը» զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ։

- Տիկին Զոհրաբյան, քննությունից հետո ՀՔԾ-ում որոշել են քրեական գործ չհարուցել, բայց հնարավոր է, որ քննության արդյունքներով հարուցվի քրեական գործ միայն այն պատճառով, որ երաշխավորություն եք տվել առ այն, որ Ֆարմանյանը պատշաճ կերպով կներկայանա քննության, սակայն չի ներկայացել և հեռացել է երկրից։ Մարուքյանն ասաց, որ սա իր համար ահազանգ կլինի։ Դուք՝ որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, միայն  «Սասնա ծռերից» մոտ 40 հոգու համար երաշխավորագիր եք ներկայացրել։ Այս դեպքից հետո Դուք և՞ս  ձեռնպահ կմնաք երաշխավորագրեր տալուց, և արդյոք սա Ձեզ համար ահազա՞նգ էր։

- Այո, մեծ առումով ահազանգ էր։ Իմ երաշխավորությունն Անահիտ Ֆարմանյանին տվել եմ՝ հաշվի առնելով, որ նա մանկավարժ է, և ինձ դիմել էին իր ուսանողները, ինչևէ, որ նա չի մեղադրվում սպանության կամ շատ ծանր հանցագործությունների մեջ, կին է, և ես վստահ եմ եղել, որ նա պատշաճ կերպով կներկայանա քննությանը։ Եվ, ի վերջո, այստեղ նաև օրենքի անկատարության խնդիր կա, մենք չենք կարող այն անձանց, ում համար երաշխավորություն ենք տվել, 24 ժամ մեր տեսադաշտում պահել։ Եվ, ի վերջո, ես չէի կարող գնալ և հսկել Բագրատաշենի սահմանը։

- Բայց, չէ՞ որ երաշխավորություն հենց դա է նշանակում։

- Ես հասկանում եմ, բայց նորից եմ ասում՝ ի՞նչ պիտի անեի։ Ես իմ 24 ժամը Ֆարմանյանի հե՞տ պիտի անցկացնեի։ Ես վստահություն եմ ունեցել, հավատացել եմ, որ ինքը մանկավարժ է, որի համար դիմել են իր ուսանողները, պատշաճ կերպով կներկայանա։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ինչևէ, այսուհետ եթե ինձ դիմեն երաշխավորության համար, ես շատ լրջորեն կմտածեմ հնարավոր հետևանքների մասին։

- Բայց արդյոք սա վտանգավոր չէ՞, որ այս ինտիտուտը կդադարի այլևս գոյություն ունենալ։
 

- Ըստ էության՝ արդեն շատ մեծ ռիսկի տակ է, որովհետև արդեն երաշխավորություն տալուց մարդիկ պիտի մտածեն՝ եթե երաշխավորություն տվել եմ, ուրեմն 24 ժամ ինչ-որ մեկի հետ պետք է անցկացնեմ կամ պետք է հրաժարվեմ։ Քանի որ ինձ համար առաջին տարբերակն ընդունելի չէ, ես ազատ մարդ եմ և չեմ պատրաստվում նրա հետ, ում համար երաշխավորություն եմ տվել, օրվա մեջ 24 ժամ անցկացնել։ Ուստի, մտածում եմ հետայսու ձեռնպահ լինել։

- Իսկ պարոն Ֆարմանյանը Ձեզ չի՞ զանգել և ներողոթյուն խնդրել։

-Պարոն Ֆարմանյանը և՛ իմ, և՛ Էդմոն Մարուքյանի հետ խոսել է։ Քանի որ խոսակցությունը մասնավոր է, թույլ տվեք մանրամասները չհրապարակել։