Եկեղեցուն հանգիստ թողեք՝ դա ձեզ չի ներվի

Եկեղեցուն հանգիստ թողեք՝ դա ձեզ չի ներվի

Հայաստանում շարունակվում է պայքարը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Իրականացվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, ցույցեր, երթեր, գործադուլներ։ Կարծես թե ընդդիմության քաղաքական կոնսոլիդացիան՝ կոնկրետ նպատակների եւ գաղափարների շուրջ, արդեն իրողություն է։ Քաղաքական այս եռուն ժամանակահատվածում բավական հետաքրքիր ձեւով են իրենց պահում դատարանները: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջապես ունեցանք օրվա քաղաքական իշխանության կցորդի կարգավիճակից դուրս եկած դատարաններ, որոնք կարող են հակադրվել օրվա քաղաքական իշխանությանը։ Ինչ-որ իմաստով, արդարադատության համակարգն իրեն «վնգստացող» ասողին ստիպում է, որ նա «վնգստա»։ Երեւի ճիշտ էին հին ժամանակների փիլիսոփաները, ովքեր ասում էին, որ մաքրագործումը կամ ինքնամաքրումը սկսվում է այն պահից, երբ անկումը հասնում է իր ամենախոր կետին։ Դրանից հետո սկսվում է վերելքը։ Այս տրամաբանությամբ, մենք այս պահին ամենախոր կետում ենք մեր ազգային-պետական կյանքի գահավիժման առումով։ Եվ այն պրոցեսները, որ այսօր են տեղի ունենում, մաքրագործում կամ ինքնամաքրում կարելի է համարել կամ դրա փուլերից մեկը։

Այս ընթացքում ակտիվացավ նաեւ Հայ առաքելական եկեղեցին եւ սկսեց արձագանքել հանրային-քաղաքական օրակարգի հուզող հարցերին, մարտահրավերներին։ Ըստ ամենայնի, ձեւավորվում է մշակույթ, երբ Հայաստանի բնակչության դոմինանտ մեծամասնության կրոնական կառույցն ասում է իր խոսքը, ընդ որում, այդ խոսքը տարբերվում է օրվա քաղաքական իշխանության խոսքից։ Իհարկե, արցախյան երկրորդ պատերազմի ոչ հայանպաստ արդյունքներն իրենց ազդեցությունն ունեցան այս ամենի վրա։ Բոլորն էլ հասկանում են, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի հանկարծ չհայտնվեն, այսպես ասենք, «պարտության սիմվոլի» հետ նույն հարթության վրա։ Ի դեպ, նույնիսկ աշխարհաքաղաքական առումով էլ այդ զատումը նկատվում է։ Նման տեմպերով եթե առաջ գնանք, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի համար «դարակազմիկ» իրադարձություն կդառնա, ասենք, ռուսական որեւէ ֆեդերալ նախարարության վարչության պետին ընդունելը։ Ռուսական բարձրագույն էլիտայի հարաբերությունները Փաշինյանի հետ, ըստ էության, հասցված են նվազագույնի սահմանին, այսպես ասած՝ ֆորմալ անհրաժեշտության սահմանին։

Իշխող քաղաքական մեծամասնության ներսում եղած տրամադրությունները լիովին հասկանալի են ու մարդկային։ Նրանք, եթե հենց հիմա էլ Նիկոլ Փաշինյանն ուզենա հրաժարական տալ, դեմ կլինեն․ տարրական գոյապահպանության բնազդն է աշխատում։ Հասկանում են՝ չկա Նիկոլ Փաշինյան երկրի ղեկին, կործանվում են իրենք, հատկապես, որ անցնող երկուսեւկես տարիների ընթացքում իրենց «ավգյան ախոռներում» այնքան կեղտ են կուտակել, որ պարզ չէ, թե քանի Հերակլես ու քանի տարի է պետք դրանք մաքրելու համար։

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցելությունը խորացրեց ճգնաժամը։ Իհարկե, Փաշինյանը կարող է հայտարարել, որ սա էլիտայի բունտն է եւ այլն, սակայն վստահ ենք, որ ինքն իր ներսում հասկանում է, որ դա այդպես չէ։ Հասկանում է նաեւ, որ իր հակազդելու հնարավորություններն էլ մեծ մասամբ սպառված են։ Հասկանում է, օրինակ, որ չի կարող «ձեռք բարձրացնել» ռուսամետ ուժերի վրա, որովհետեւ այժմ «գժտվել» ռուսների հետ, խստագույնս անցանկալի է։ Սյունիք այցելությունը Փաշինյանի աջակիցների մոտ անհասկանալի հակազդեցություն առաջացրեց նաեւ Առաքելական եկեղեցու հանդեպ։ Կոչեր են հնչում՝ «Մայր Աթոռը գրոհելու»։ Կրոնական կողմը մի կողմ դնելով, զուտ քաղաքական ու աշխարհաքաղաքական առումով, դա գործող քաղաքական մեծամասնության կողմից, կարող ենք վստահաբար ասել, քաղաքական կուրության ամենավառ ապացույցը կարող է լինել ու արագացնել իշխանության հեռացման պրոցեսն արդեն առնվազն ռեգիոնալ քաղաքական կամ գեոպոլիտիկ կոնսենսուսի մակարդակով։

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ դեռ իշխանության ղեկին է միայն այն պատճառով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա նաեւ, թե ավանդական կրոնական կառույցների՝ ներառյալ նաեւ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ Կրեմլի վերաբերմունքն ինչպիսին է։ Կրոնական ապրումները մի կողմ՝ Կրեմլի համար ավանդական կրոնական կառույցները, ներառյալ նաեւ Հայ Առաքելական եկեղեցին, իր գաղափարախոսական հենքի մի մասն են, քաղաքական բաղադրիչներից մեկը, ներառյալ նաեւ՝ աշխարհաքաղաքական։ Պուտինն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իրեն հոգեհարազատ են Ալեքսանդր 3-րդ ցարի գաղափարախոսությունն ու իդեալները, իսկ դա նշանակում է, որ, օրինակ, Մայր Աթոռի «գրոհ իրականացնելը», թեկուզ «ինքնաբուխ», Կրեմլում կընկալվի որպես մի գործողություն, որը մնալու է Փաշինյանի պատասխանատվության տիրույթում, եւ նա է հաշիվ տալու դրա համար՝ գուցեեւ բավական ծանր գին վճարելով։

Ի վերջո, մի փոքր փակագծեր բացելով նշենք՝ Դադիվանքում այսօր հայկական ներկայություն կա հենց Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի ջանքերի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարին ուղղված խնդրանքի հիման վրա եւ ոչ ամենեւին Հայաստանի ղեկավարի ջանքերով։ Իսկ Պուտինը, մեր մեջ ասած, Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Կիրիլ պատրիարքին լսում է, նույնիսկ եթե խնդրանքը վերաբերում է ջանքեր գործադրելուն, որ ղարաբաղյան առաջնագծից դիպուկահարները հետ քաշվեն (նման միջնորդության առնվազն մի քանի նախադեպ կա)։
Գործող իշխանությունում, ենթադրելի է, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչն ինչոց է, եւ եզրակացություններ կանեն՝ նախքան եկեղեցու դեմ դուրս գալու առումով որեւէ ավանտյուրա նախաձեռնելը։