Մասիս Մայիլյանի նահանջը. ինչ է սպասվում Արցախում

Մասիս Մայիլյանի նահանջը. ինչ է սպասվում Արցախում

Արցախում, ինչպեսեւ կանխատեսում էինք, նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցնելու է դրամատիկ մթնոլորտում: Չնայած երկրորդ փուլ անցած եւ երկրորդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանի բոյկոտի կոչին, Արցախի Ընտրական օրենսգիրքը երկրորդ փուլին այլընտրանք չի նախատեսում: Եվ ապրիլի 14-ին, պարտադիր կերպով, նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա: 

Մարտի 31-ին կայացած Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից միայն հինգ օր հետո՝ ապրիլի 5-ին, երկրորդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանը, հիշեցնենք, հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ. «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը եւ հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից եւ կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը եւ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը»։ Արցախի ԱԳ նախարարի հայտարարությունը հետաքրքրական է դառնում նրա երեւանյան այցից հետո եւ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ընտրություններին տված գնահատականի ֆոնին։

Նախ՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով հայտնեց, որ Արցախում տեղի են ունեցել «բարձր որակի» ընտրություններ, Մայիլյանն ամենեւին էլ չի ճանաչում ընտրությունների առաջին փուլի օրինականությունը։ Ի դեպ, Արցախի ԱԳՆ-ն էր հայտնել, որ ժողովրդավարությունը հաղթանակ է արձանագրել Արցախում։ 

Միգուցե Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս չի՞ վառել նրա առաջ․ հիշեցնենք, որ ընտրությունների հաջորդ օրը ե՛ւ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ Մասիս Մայիլյանը, ըստ տեղեկությունների, շտապել էին Երեւան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:  
Մայիլյանը երեկ ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին, որպեսզի հենց նրան էլ ուղղեինք մեր հարցադրումները:

Բայց ուշագրավ է, որ նրա հայտարարությունից հետո Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրահավաք կազմակերպեց Ստեփանակերտում։ Հավաքվածներն իրենց դժգոհությունն էին հայտնում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից եւ կոչ էին անում չեղարկել ընտրությունները, պահանջում էին Բակո Սահակյանի ու նրա իշխանության հրաժարականը։ 

Չնայած Արցախի իշխանական մեր աղբյուրների վստահեցումներին, որ «հեղափոխականների» ետեւում որեւէ ուժ չկա, առավել եւս Մասիս Մայիլյանը չէ, ով բողոքի ակցիայից ժամեր անց շտաբում շտապ հավաք է կազմակերպել եւ թիմին հորդորել՝ չմիանալ փողոցային պայքարին, ոչ էլ Սամվել Բաբայանը, ով, նույն աղբյուրի փոխանցմամբ, իրեն այս պահին բավարարված է զգում, թիմին տեղավորել է խորհրդարանում, իսկ անձամբ իր համար պաշտոնն այս պահին խնդիր չէ, ավելին՝ կարծես թե համաձայնության են եկել ապագայի համար, այդուհանդերձ, իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ չի բացառվում, որ հեղափոխական գործընթացները տերեր գտնեն:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրություններում խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ, որոնց թվում չկար Արցախի հեղափոխական կուսակցությունը․ այն մոտ 500 ձայն էր հավաքել: Այսպիսով, չնայած Մայիլյանը հայտարարել է բոյկոտի մասին, սակայն չի բացառվում, որ որոշ ուժեր շահագրգռված լինեն նրա հաղթանակով: Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը երկրորդ փուլում չի պաշտպանելու որեւէ թեկնածուի։ «Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որեւէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին եւ մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում։ Մենք կոչ ենք անում կողմերին՝ հանուն իշխանության մղվող պայքարը ստորադասել Արցախի անվտանգությանը եւ զերծ մնալ ցնցումներից, ապակայունացումից։ Պաշտոնն անցողիկ է, իսկ մեր երկրի շահը՝ մնայուն»,- հայտարարել է Վիտոյի գրասենյակը: Իսկ Աշոտ Ղուլյանի եւ ՀՅԴ-ի էլեկտորատը եղանակ չի փոխի, անգամ եթե այս պահին այլ որոշում կայացնեն: Արայիկ Հարությունյանն էլ է հայտարարել, որ քարոզարշավ չի իրականացնի:

ՀԳ. Արցախում բողոքի ակցիաները, ըստ որոշ լուրերի, հայաստանյան իշխանության սորոսական թեւի հրահրմամբ են իրականացվում, ստուգում են հանրային տրամադրությունները, սակայն առաջին ակցիան այնքան էլ հուսադրող չէր: