Մտավորականության ճգնաժամը

Մտավորականության ճգնաժամը

Ղարաբաղյան շարժումն սկսվել է պատմության եւ մշակույթի ադրբեջանական խեղաթյուրումներին գիտական-հրապարակախոսական հակադարձումներից: 1977թ. Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հանրակացարանում մենք ռադիոյով լսում էինք «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը եւ իմանում, որ Սերո Խանզադյանը ԼՂԻՄ-ի խնդրով դիմել է խորհրդային առաջնորդ Բրեժնեւին:

Մինչեւ հիմա ականջիս ղողանջում է «խոսափողի մոտ է Նորայր Պահլավունին»: Մենք կարդում էինք Շահեն Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» եւ ճանաչում Արցախը: Մեր սերնդի վրա հսկայական էր Բագրատ Ուլուբաբյանի, Զորի Բալայանի ազդեցությունը: Մենք սքանչացած էինք, երբ Ստեփանակերտում գրական միջոցառումներից մեկին ներկա էր Վարդգես Պետրոսյանը: Նա ելույթ ունեցավ: Մի քանի րոպե խոսեց ռուսերեն, ապա անցավ հայերենի, եւ դրամատիկական թատրոնի դահլիճն ուղղակի պայթեց օվացիաներից: Թեեւ ներկաների ստույգ կեսն ռուսախոս էր եւ հազիվ թե՝ Վարդգես Պետրոսյան  կարդացած: Մեր արթնացման կանչը մտավորականությունն է հնչեցրել: Եւ Հայրենիքի մեր ընկալումն ավելի շատ բանաստեղծական էր: Չլիներ այդպես՝ Երեւանում կես միլիոնանոց հանրահավաքներ չէինք ունենա: Թուրքն ասում է. «Մենք պատերազմում պարտվել ենք Արամ Խաչատրյանին, Վիկտոր Համբարձումյանին…»: Այստեղ ճշմարտության մեծ չափաբաժին կա, եթե ոչ՝ ամբողջական ճշմարտություն: Անկախության էպոխան, ցավոք, չունեցավ մտավորական իր պատգամախոսը: Ինչու՞՝ դժվար է ասել: Բայց մեր դեգրադացիան սկսվել է մտավորականության ճգնաժամով: Մեզ ցավալիորեն չհաջողվեց զուգահեռի վրա դնել «հրացանավոր» եւ գրչի մարդու կերպարը:  Մեր պատերազմի գեղարվեստական ընդհանրացումը չունենք, եւ Երկրի կերպարը չի ամբողջանում: Մի կողմից՝ հերոսացում, մյուսից՝ ստահակություն՝  չի լինում, եթե անգամ իրականության մեջ այդպես եղել եւ տեւում է: Ասում են՝ մտավորականը նա է, ով ընդդիմություն է: Այո, եթե խոսքը արժեհամակարգային այլախոհության մասին է, ոչ քաղաքական: Մեր մտավորականությունն ի՞նչ է դավանում: Նա Հայրենիքի վաղվա տեսլական ունի՞: Եթե դա դժվար առաքելություն է, ապա մտավորականությունը  փորձու՞մ է իրականության հակոտնյա եզրերը մոտեցնել: Գոնե՝ կանգնել միջակայքում: Ոչ: Նա կամ այս, կամ այն ճամբարում է:

Երկրի ճգնաժամի դետոնատորը մտավորականության այս բեւեռացվածությունն է: Անհանդուրժողականության լիցքերը գալիս են մտավորականությունից: Եւ դա նոր չէ: Երեսուն տարի է՝ այդպես է: Ստեղծագործական ճգնաժամը, որ հաջորդեց հանրային պատգամախոսի գրեթե օրինակացված կարգավիճակի կորստին, մտավորականությունը փորձում է փոխհատուցել քաղաքական բեւեռներից մեկին սպասարկելով: Եւ միամտաբար հույս է պահում, թե գալու է նաեւ իշխանության իր ժամանակը: Մտավորականությունն իր ժամանակը ստեղծում է, երբ անում է իր գործը: Քաղաքականության մեջ նա ընդամենն օգտագործվում է: