«Գրանդ Հոթել Երեւանի» թիվ 329 սենյակն անվանակոչվեց Երվանդ Քոչարի անունով 

«Գրանդ Հոթել Երեւանի» թիվ 329 սենյակն անվանակոչվեց Երվանդ Քոչարի անունով 

«Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի համարներից մեկը՝ 329-ը, երեկ պաշտոնապես անվանակոչվեց «Kochar room»՝ հայ քանդակագործության եւ գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից Երվանդ Քոչարի անունով։ 1936 թվականին Ե․ Քոչարը, Փարիզից Խորհրդային Միություն վերադառնալուց հետո, տարեվերջին գալիս է Երեւան եւ իջեւանում «Ինտուրիստ» (հետագայում՝ «Երեւան», այժմ՝ «Գրանդ Հոթել Երեւան») հյուրանոցում: Այստեղ նա բնակվում է մինչեւ 1940 թվականը: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցը 329 համարի սենյակը որոշեց անվանակոչել Երվանդ Քոչարի անվամբ: Համարը ձեւավորված է Քոչարի ստեղծագործությունների վերատպություններով: 

Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը նկատում է, որ նախկին «Ինտուրիստը» Քոչարի երեւանյան առաջին հանգրվանն էր, իսկ հյուրանոցին կից բացօթյա սրճարանը նրա սիրելի վայրերից մեկը։ «Kochar room» սենյակի ապագա բոլոր բնակիչները լինելու են Երվանդ Քոչարի թանգարանի հրավիրյալ հյուրերը: 

Այս առիթով հյուրանոցի ձմեռային այգում կազմակերպվել էր նաեւ Քոչարին նվիրված հուշագրությունների գրքի շնորհանդեսը, որը տպագրվել է 2016 թվականին։ «Մաէստրո Քոչարը՝ հուշերի անդրադարձում» գիրքը դրվագային եղանակով ներկայացնում է Քոչարի խոսքը, դիտողությունը, դիտարկումը մարդկանց հետ հարաբերվելիս՝ սրճարանում, փողոցում, այլուր: Փորձ է արվել կորստյան դատապարտված մարդկային հիշողությունից դուրս կորզել մարդու, արվեստագետի, ուսուցչի կերպարը, որն իր ճակատագրով մարմնավորում էր ժամանակը եւ 1950-60-ական թվականների հայ գեղարվեստական իրականության ձեւավորողներից էր: 

Գիրքը կազմել եւ խմբագրել են Անատոլի Հովհաննիսյանը եւ Լալա Մարտիրոսյան-Քոչարը: Վերջինիս խոսքով՝ ցավալիորեն, քիչ են այս հանճարեղ արվեստագետի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված գրքերը․ «Հուշերի այս ժողովածուն գուցե փոքր-ինչ կլրացնի այս բացը։ Այդ հուշերն ամբողջացնում են Քոչար ուսուցչի, մարդու, փիլիսոփայի, արվեստագետի կերպարը եւ հանդիսանում են նրա ստեղծագործությունների մեկնաբանման բանալին»։  

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկմամբ՝ Քոչարը միայն մեծ արվեստագետ չէր, այլեւ ճաշակի էտալոն, խոսքի վարպետ, արժեք, որ ուսանելի էր նաեւ իր կեցվածքով, պահվածքով։ «Այդ առումով ներկայացված հուշերի գիրքն արժեքավոր է նախեւառաջ հենց նրանով, որ փոխանցում է Քոչարի խոսքը՝ դիպուկ, արժեքավոր, ճաշակավոր եւ հեռագնա։ Ես այս գրքում ավելի շատ սիրում եմ Վիգեն Իսահակյանի հուշերը Քոչարի փարիզյան շրջանի մասին, բայց սա հուշերի այն գրքից է, որտեղ ոչ այնքան պատմություններն են հետաքրքիր՝ թե ուր գնաց, ինչ արեց, որտեղից եկավ, այլ Քոչարի արտաբերած նախադասությունները եւ մտքերը»։  

Քոչարի որդու՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի հուշերից նույնպես կան գրքում, ասում է՝ իր հուշերը, ցավոք, շատ չեն, ու դա 2 հանգամանքով է պայմանավորված։ «Նախ՝ ես բավական փոքր էի եղբորս համեմատ, ով հորս հետ ավելի շատ էր շփվում, հետո՝ ինքս վատ հիշողություն ունեմ, եւ այն ժամանակ առ ժամանակ է պայծառանում, ու շատ ափսոսեցի, որ բավականին հետաքրքիր հիշողություններ գրքից դուրս մնացին»,- ասում է Քոչարը, ում  կարծիքով՝ գրքում զետեղված հուշերի, պատմությունների մեծ մասն անհայտ են ընթերցողին, որովհետեւ առաջին անգամ են հրապարակվել։ 

Կինոռեժիսորը տեղեկացրեց, որ հիմա ֆիլմ է նկարում, ավելին՝ նկարահանումներն արդեն ավարտվել են։ «Խոսքը «Կալիոստրայի» մասին է, Քոչարն ունի 1 կամ 2 պիես, որոնցից մեկը «Կալիոստրան» է։ Դա փորձեցի ֆիլմի վերածել, հիմա տեսնենք ինչ կլինի։ Կուզեի, որ մինչեւ իր ծննդյան օրը հասցնեինք»,- ասում է նա ու ավելացնում, որ ֆիլմում ներգրավված են դերասաններ Հովհաննես Բաբախանյանը, Արսեն Խաչատրյանը, Վահագն Գասպարյանը։