Չեռնը գլուխ է բարձրացրել

Չեռնը գլուխ է բարձրացրել

Վերջին տարիներին ցավալիորեն ապականվեց հայաստանյան միջավայրը։ Մենք, որ մեծ ու փոքր հարգել գիտեինք։ Կինն ու մայրը մեզ համար սրբություն էին։ Ընտանիք չէինք մտնում անգամ ամենադաժան թշնամության դեպքում։ Սահմաններ ու կարմիր գծեր ունեինք, որոնց խախտողներին ազգովի մերժում էինք։ Ընկածին չէինք խփում, մահացածին չէինք փնովում, նեղին ձեռք էինք մեկնում։ Մարդկանց հետեւից բամբասողներին, ստախոսներին, խարդախներին չէինք սիրում։ Կորուստ ունեցողին կարեկցում էինք ու մխիթարում։ Մերձավորին ինչով հնարավոր է՝ աջակցում էինք, եթե ֆինանսական կարիքի մեջ էր, պարտք էինք տալիս։

Հիմա շատ-շատ փոխվել ենք։ Ոչ միայն չարացել ենք ու ցածրացել, այլեւ կամաց մեր մարդկային կերպարանքն ենք կորցնում։ Այլեւս ոչ մի կարմիր գիծ, անթույլատրելի սահման, մերժելի արարք չկա։ Կարող ենք մահացածին կրկին ու կրկին սպանել, զոհվածի ծնողներին հայհոյել, անծանոթ կանանց հասցեին վերջին հայհոյանքները գրել, հակառակորդի երեխայի մահը ցանկանալ, անիծել ու փնովել, վատաբանել ու զրպարտել։

Իսկ ինչպիսի՜ ատելություն ու չարություն է հորդում մեզնից․ հարազատ եղբայրները, մայրն ու դուստրը, ամուսինն ու կինը իրար «փոր են թափում» քաղաքական հողի վրա, պատրաստ են միմյանց կոկորդ կրծել, ոչնչացնել։ Եվ այս եղկելի միջավայրը մեզանում հատկապես ամրացավ 2018-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հասարակության ամենացածր ու նսեմ զգացումները գլուխ բարձրացրին, եւ ամենաստորին խավն իրեն երկրում տեր զգաց ու սկսեց մթնոլորտ ձեւավորել։ Կարճ ժամանակից պարզվեց՝ այդ ցածր զգացումներն ու ստոր կրքերը բոլորին են հատուկ՝ հարուստներին ու աղքատներին, կրթվածներին ու անկիրթներին։ Հակառակ դեպքում կրթվածները կպայքարեին դրա դեմ, այլ ոչ թե կընդունեին խաղի այդ ստոր կանոնները։