Հայաստանը որբի գլուխ է դարձել, ով ուզում է՝ խուզում է

Հայաստանը որբի գլուխ է դարձել, ով ուզում է՝ խուզում է

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ

- Ադրբեջանը մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի բնակիչներին՝ գյուղից հեռանալու համար: Ո՞վ է ստեղծված իրավիճակի պատասխանատուն։

-Պարզ չէ՞, իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն կարող է լինել միայն իշխանությունն ու բանակը, հաստատ՝ ոչ Աղավնոյի բնակիչները։ Ոչ բանակ ունենք, ոչ՝ իշխանություն, ոչ էլ՝ կառավարություն, Արցախը եւս զրկված է բանակ ունենալու հնարավորությունից։ Արդեն ամբողջ Արցախն են հանձնում, իսկ դուք միայն Աղավնոյից եք խոսում, մարդիկ պատրաստ են ամբողջ Արցախը հանձնել՝ իր ամեն ինչով, ուղղակի սողացող ձեւով են հանձնում, որ քիչ երեւա, պարզ երեւում է՝ դրան են գնում։

-Այսինքն, կարծում եք, սրանով զիջումների շղթան չի ավարտվի։   

-Իհարկե՝ ոչ, ո՞նց կարող է ավարտվել։ Դուք կարծում եք, որ Ադրբեջանը բավարարվելո՞ւ է սրանով։ Հո Ադրբեջանում ոչ մի թիզականությունը չի՞ հեգնվում, ինչպես Հայաստանում էր հեգնվում տարիներ շարունակ։ Ադրբեջանը ոչ մի թիզականությունը դարձրել է պետական քաղաքականություն, իսկ մենք հեգնում էինք ոչ մի թիզականությունը, ձեռ էինք առնում, ծաղրում էինք այն մարդկանց, ովքեր ոչ մի թիզական էին։ Դե թող հիմա այդ ծաղրողները ծաղրեն Ադրբեջանին ու նրա ոչ մի թիզականությունը։ Ադրբեջանը ոչ մի թիզ չի զիջելու, կզիջի միայն, երբ իր դիմաց տեսնի բանակ եւ ուժ, միայն այդ դեպքում կզիջի, ուրիշ ձեւով չի զիջելու։ Եվ ընդհակառակը, երբ դու ասում ես, որ Արցախն ու մնացած շրջանները  Ադրբեջանի տարածքներ են, դրանով իրեն լիովին իրավունք ես վերապահում առնվազն 30 տարով օկուպացնելու ցանկացած Հայաստանի շրջան։

- Հատկապես, որ Ադրբեջանն իր հավակնությունները բարձրաձայնում է, անգամ՝ Երեւանի նկատմամբ։

- Անշուշտ, ավելին՝ ամբոջ Հայաստանի նկատմամբ էլ հավակնություններ ունեն, ոչ մի թիզ չկա Հայաստանում, որի վրա հավակնություն չունենան կամ Ադրբեջանը կամ Թուրքիան։ Նրանք ամեն կերպով համոզում են միջազգային հանրությանը, որ սա էլ էր մեր տարածքը, բայց լայնախոհ ու խաղաղասեր լինելով, տեսեք այդքան տարածք տվել ենք հայերին, որ դե լավ, ապրեք։

- Ասացիք, որ միայն ուժն ու բանակը կարող են կանգնեցնել Ադրբեջանի ախորժակը, բայց դուք տեսնո՞ւմ եք մեր իշխանությունների կողմից որեւէ քայլ այդ ուղղությամբ։

- Բացարձակապես, ճիշտ՝ հակառակը։ Ադրբեջանն այսօր ինչ պահանջեց՝ ստանալու է, որովհետեւ իր դիմաց ոչ բանակցող է տեսնում, ոչ՝ ուժ, ոչ՝ ուղեղ, դրա համար էլ արհամարհում է եւ պիտի շարունակի արհամարհել ու քանի որ ժողովուրդն էլ դեմոկրատիկ ձեւով այդ արհամարհանքն ընդունում է՝ պետք է շարունակի։

- Իշխանություններից հույսները կտրելով, շատ ընտանիքներ եւ անհատներ որոշել են ինքնապաշտպանություն կազմակերպել Աղավնոյում եւ չհեռանալ գյուղից։ Ի՞նչ եք կարծում «մի ծաղկով գարուն կգա», ելք կա՞, թե՞ պետք է հաշտվել իրավիճակի հետ։

-Չկա, դա հուսահատ, անձնազոհ քայլ է, որը զոհաբերությունից բացի ուրիշ ոչ մի բանի չի բերի։ Այսօր 100 տարի առաջվա իրավիճակը չէ, որ ինքնապաշտպանությունը ինչ որ բան փոխի, այսօր տեխնոլոգիաներն այնպես են առաջ գնացել, որ ինքնապաշտպանության հնարավորություն չի թողել որեւիցէ մեկին։ Կամ ունես բանակ, որը կարող է քեզ պաշտպանել, կամ չունես բանակ եւ սպասում ես դիմացինիդ ողորմածությանը։ Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացմունքները, կիսում եմ դրանք, բայց այդ քայլը հուսահատ քայլ է եւ ոչինչ չի տա։

- Այս իրավիճակում ի՞նչ ելք եք տեսնում։ Շատերն ասում են, որ մինչեւ իշխանափոխություն չլինի այս գործընթացները շարունակվելու են։

-Այդպես է, մինչեւ իշխանափոխություն չլինի այս վիճակը շարունակվելու է, բայց իշխանափոխությունից հետո էլ մինչեւ բանակ չունենանք, նույն վիճակն է լինելու։ Այսօր, փաստացի մենք բանակ չունենք, ու երբ ասում ենք բանակ՝ չի նշանակում հայ զինվոր, որովհետեւ զինվոր ունենք, բայց բանակ, բանակի ղեկավարություն, պաշտպանության նախարարություն չունենք, եթե ունենայինք վաղուց բանակի հարցերը լուծած կլիներ եւ երկրում ուրիշ իրավիճակ կլիներ, բայց քանի որ չունենք բանակ, գեներալիտետ՝ ինչ ուզում անում են։ Վազգեն Սարգսյանը մեզ զգուշացնում էր, որ Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ուզենա խուզի, բայց փաստորեն այսօր Հայաստանը որբի գլուխ է դարձել եւ ով ուզում է՝ խուզում է։