Երկու հարց Փաշինյան Նիկոլին 

Երկու հարց Փաշինյան Նիկոլին 

Հենց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ֆեյսբուքյան ասուլիս է նախաձեռնում՝ մտածում եմ՝ իսկ որտե՞ղ է նրա «դուխով» գլխարկը: Եթե այն կրկին հայտնվեր նրա գլխին, ապա ալամ աշխարհին «դուխովի» դաս տվողն այլևս չէր երկնչի լրագրողների հետ դեմ առ դեմ հանդիպելուց: Իսկ որ երկնչում է՝ դրանում կասկած չունեմ: Չերկնչեր, «դուխով» օրերի նման կշարունակեր առանց նախապես հարցեր պահանջելու մինչև հինգ ժամանոց ասուլիսներ տալու ավանդույթը: Եվ ոչ թե հա՛մ հարցերը նախապես կպահանջեր, հա՛մ էլ երկու ժամով կսահմանափակվեր: Դա՝ մեկ, և երկրորդ. ի՞նչն է ստիպել նրան ամիսը չլրացած նախաձեռնել երկրորդ ասուլիսը: Կենցաղային մակարդակում դա նշանակում է վատ ղեկավարությանը բնորոշող չհասկացվածության խնդրի լուծում:

Վատ ղեկավարություն և այն էլ Փաշինյան Նիկոլի դեպքում՝ կզարմանա նիկոլապաշտ ընթերցողը: Եթե, իհարկե, այդպիսին առկա է «Հրապարակի» ընթերցողների շրջանում: Պատասխանեմ նրանց՝ պարզվում է, որ կյանքում նման բաներ էլ կարող են պատահել: Չէ որ, այնուամենայնիվ, ինքն էլ է մահկանացու, իսկ մահկանացուներն ինչ-որ գործ անելիս սխալվելուց 100 տոկոսով ապահովագրված չեն:

Ինչևէ, անցնենք առաջ: Ի տարբերություն նախաամանորյան ասուլիսի՝ այս անգամ Փաշինյան Նիկոլին հարցեր ուղղելու հնարավորություն է ընձեռնված միայն լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին: Որպես նախկինում հասարակական կազմակերպության անդամ և աշխատակից՝ ինքս ինձ իրավունք եմ վերապահում հարցեր ուղղելՓաշինյանին: Հատկապես որ, չգիտես ինչու, Հայաստանի պահանջատեր քաղաքացիների նկատմամբ  խտրական վերաբերմունք է ցուցաբերվել: Եվ դա արվել է նախկինում այդ քաղաքացիներին «հպարտ» բնութագրող և յուրաքանչյուրին վարչապետ բնորոշող Փաշինյան Նիկոլի կողմից: Եվ քանի որ մեզ չի վերապահվել հարցեր տալու իրավունք, իմ երկու հարցը ես կուղղեմ «Հրապարակ» օրաթերթի միջոցով: 

Հարց առաջին. 2009 թ.-ի հուլիսի 1-ին ինքնակամ դատախազություն ներկայանալը համաձայնեցվա՞ծ էր, արդյոք, գործող իշխանության հետ: Հիմնավորում՝ դուք ինքնակամ ներկայացաք դատախազություն, թեև մինչև այդ 15 ամիս թաքնված էիք, ու իրավապահները ձեզ գտնել չէին կարողանում: Եթե ձեր ներկայանալը համաձայնեցված չէր, ապա 15 ամիսը կարող էր վերածվել առնվազն 15 տարվա՝ ինչի փորձը մեր երկիրն արդեն ուներ (թեև ժամկետով ավելի պակաս չափով): Իսկ այդ դեպքում, ենթադրում եմ, որ շատ ավելի հարմար է ինչ-որ մեկի տանը և ոչ թե բանտում հայտնվելը:

Հարց երկրորդ. համապատասխանո՞ւմ է, արդյոք, իրականությանը կալանավայրում ծագած խնդիրները լուծելու նպատակով «ՉԻ»-ի նախկին լրագրող Գ. Վ.-ին օգնության դիմելու մասին վերջինիս հայտարարությունը: Հիմնավորում՝ վերջերս, երբ այդ հայտարարությունն արվեց, դուք լռություն պահպանեցիք, ինչը տարօրինակ էր: Որովհետև 2008-2009-ի օրերին բանտից հղված ձեր հոդվածներում դուք այլ բանտարկյալների առումով ծագած խնդիրների լուծումը ներկայացնում էիք բոլորովին այլ (հերոսական) տարբերակով:

Հարգանքով՝ 
Հայաստանի պահանջատեր քաղաքացիների հավաքականության շարքային անդամ Վախթանգ Սիրադեղյան