ՍԴ-ն գնացել է Գևորգ Կոստանյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու

ՍԴ-ն գնացել է Գևորգ Կոստանյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու

 

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումը։ 

Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ 

Հիշեցնենք, որ Կոստանյանը ՍԴ էր դիմել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումով։

Հոդվածները վերաբերում են խափանման միջոց կիրառելու, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին և կարգին, մեղադրյալի հետախուզմանը և Վերաքննիչ դատարանի լիազորություններին։ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մաս․ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է` 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից։ ՔԴՕ 202-րդ հոդվածի 1-ին մաս․ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:

ՔԴՕ 259-րդ հոդվածի 2-րդ մաս․ Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին` երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման պատճենը, եթե այդպիսին առկա է:

ՔՕ 75-րդ հոդվածի 3-րդ մաս․ Քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ավելի վաղ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել։ Նա հետախուզման մեջ է։