Մախինացիայի արդյո՞ւնք... 

Մախինացիայի արդյո՞ւնք... 

Քանի որ բնավորությանս պատճառով 2020 աշնան սկզբից դարձա գործազուրկ, իսկ այնուհետև տարիքի բերումով էլ՝ թոշակառու, ուզում եմ ներկայացնել վերջին կարգավիճակի առաջին տպավորությունը: Կարծում եմ, որ այս հարցում առաջինը չեմ և վերջինը չեմ լինի: Այսպիսով, թոշակառուի կարգավիճակ ստանալուց հետո որոշեցի թոշակս ստանալ այնպիսի բանկային քարտով, որով ապահովվում է կատարված ամբողջական ծախսերի 10 տոկոս վերադարձ: Իսկ որպեսզի դա տեղի ունենա՝ ամեն ընթացիկ ամսվա թոշակը պետք է ծախսվի մինչև այդ ամսվա վերջը: Ինչ մնում է 10 տոկոսի հնարավորությանը դիմելուն, ապա դրա պատճառն էլ այն էր, որ թոշակիս գումարը ոչ թե մի քանի հարյուր հազար դրամ էր, այլ ընդամենը մի քանի տասնյակ հազար: Եվ 10 տոկոսի կամ առավելագույնը՝ ամսական 5 հազար դրամի վերադարձը մի քանի տասնյակ հազարի դեպքում լուրջ հավելում է: 

Հոդվածը խմբագրվում է 2022 թ.-ի դեկտեմբերի 2-ի ժամը 18,10-ին: Օրվա և ժամի արձանագրումը կարևոր է և, ինչպես սիրում է կրկնել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, խիստ զգայուն: Որովհետև դա նշանակում է, որ եթե ես միայնակ ապրելիս լինեի և այնքան «հպարտ», որքան ժամանակին պատկերացնում էր «ժողովրդի փրկիչ» հորջորջված Նիկոլը, կամ էլ լինեի այնքան արժանապատիվ, որ թույլ չտայի ինձ «նիսյայով» հաց ու պանիր առնել ու դրանով խաբել ստամոքսս, ապա ես ավելի քան 42 ժամ պետք է մնայի սոված: Այո, բառիս բուն իմաստով սոված: Որովհետև մինչև այս պահը իմ քարտային հաշվին դեռևս ոչ մի կոպեկ չի նստել: Ախ, հա, կներեք, դրամ: 
Կառավարության վերջին նիստին վարչապետի բազկաթոռին բազմած անձը հպարտանում էր, որ մանրածախ առևտրի մեկուկես միլիարդ դրամի լրացուցիչ շրջանառություն է ապահովվել քարտային վերը նշված տարբերակի շնորհիվ՝ սկսվելով զրոյից: Եվ դրա 10 տոկոսն էլ վերադարձվել է թոշակառուներին: Բայց որևէ մեկն այդքան համարձակություն չունեցավ, որպեսզի «մեծարգո վարչապետին» հարց տար, թե որքա՞ն է կազմում այն գումարը, որ դեկտեմբերի 1-ից պետք է ծախսեին թոշակառուները մինչև այն պահը, որ իրենց քարտային հաշվին բանկերը նստեցնեին համապատասխան գումարը: Որպեսզի վազեին խանութ ու սոված փորին դարման անեին: Իսկ եթե գումարը քարտային այդ պայմանով չլիներ, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ այնպես կկազմակերպեր իր ծախսերը, որ հաջորդ ամսվա սկզբին՝ նախքան թոշակ ստանալը, ինքը դեռևս ունենար ապրելու կոպեկներ՝ կամ թեկուզ դրամներ:

Ի դեպ, հոդվածը գրելով հիշեցի, որ նույնքան ԱՆկազմակերպ էր ավտոմեքենաների գազային բալոնների սերտիֆիկացման գործընթացը: Նիկոլական ինչ-որ մեկի խելքին փչել էր, որ դա անելը պետականորեն ճիշտ բան է, բայց քանի որ հասարակ հաշվարկ անելու կարողություն անգամ չունեն կառավարություն կոչվածում, մինչև այժմ գործընթացը գնում է: Չնայած այն պետք է ավարտվեր, որքան հիշում եմ, օգոստոսի 1-ին: Բայց այդ խնդրի և իմ առաջ քաշած խնդրի տարբերությունն այն է, որ վարորդներին լավ էլ ձեռ է տալիս սերտիֆիկացման ուշացումը՝ այդ ծախսը հնարավորինս ուշ կամ էլ երբևէ չանելու մտայնությամբ: Սակայն թոշակառուներին գումարը հաջորդ ամսվա 3-ին կամ 4-ին քարտի վրա նստեցնելը բացարձակ չի բխում թոշակառուի ստամոքսի շահերից: 

Հ. Գ. Ի դեպ, հեռախոսիս մեջ առկա է նախորդ ամսվա չծախսված 0,10 դրամի վերաբերյալ նշում: Թե ինչպես պետք է ծախսեի այդ գումարը՝ չպատկերացրի: Վախենամ, որ 0,10 դրամի պատճառով չստանամ 10 տոկոս վերադարձը: Նույնիսկ կասկածում եմ, որ այն մախինացիայի արդյունք է՝ բանկային կամ կառավարության: