Փաշինյանի կառավարությունը բացել է պանդորայի արկղը

Փաշինյանի կառավարությունը բացել է պանդորայի արկղը

Այս օրերին առավել հետաքրքիր է ոչ այնքան Ամուլսարի մշտական քննադատ ակտիվիստների կարծիքները, որքան քաղաքական գործիչների ու հատկապես իշխանական թևի ներկայացուցիչների բողոք-արձագանքը Ամուլսարի վերագործարկման որոշմանը: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանական կուսակցությունը չունի միասնական  դիրքորոշում, ավելին դրա մի մասը չի սատարում սեփական Վարչապետին: Բայց այս ամենի մեջ առավել հետաքրքիր են հատկապես մի քանի օրինակներ: ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նոր իշխանության հազվագյուտ ներկայացուցիչն է, որը բիզնեսմեն է:

Ինչպես արդեն հաղորդել էինք, նա ունի ծաղկուն ռեստորանային բիզնես Սևանի ափին: Այսինքն ի տարբերություն Փաշինյանի ԱԺ- ի մյուս պատգամավորների նա բնապահպան-ակտիվիստի անցյալ չի ունեցել, որը նրան հիմա թույլ չի տալիս շեղվել իր կյանքի գործի համոզմունքներից և ընդունել Ամուլսարը վերաբացելու Փաշինյանի կառավարության որոշումը: Թեև, իհարկե, եթե Փաշինյանի շնորհիվ մանդատ ես ստացել, պարտավոր ես պահել քո կառավարության գիծը, նույնիսկ եթե բնապահպան ակտիվիստ ես: Բայց Վարազդատ Կարապետյանը բնապահպան ակտիվիստ չէ, համենայն դեպս Սևանում թարմ սիգ մատուցող ռեստորանատիրոջ իմիջը դժվար է համատեղել ակտիվիստի հռետորաբանության հետ: Բայց արի ու տես, որ Վարազդատ Կարապետյանին դա հաջողվում է: Ավելին, Վարազդատ Կարապտյանը նոր իշխանության այն քիչ ներկայացուցիչներից է, որի գործերը ավելի քան լավ են եղել նախորդ իշխանության օրոք: Նա Կարեն Կարապետյանի օրոք զբաղեցրել է ոչ ավել ոչ պակաս տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը:

Սակայն, արդեն «հեղափոխական» Վարազդատ Կարապետյանը դեռևս Փաշինյանի՝ տնտեսական հարցերով խորհրդական լինելու օրերից առիթը բաց չի թողնում քննադատելու Ամուլսարը: Միայն հեղափոխական դառնալուց հետո պարզեցինք, որ նախին փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, պարզվում է դեմ է Ամուլսարին:

Հարց է առաջանում, ինչո՞ւ Կարեն Կարապետյանի կաբինետում փոխնախարար Վարազդատ Կարապետյանը մտահոգ չէր Ամուլսարով, իսկ հեղափոխական Փաշինյանի խորհրդական, իսկ հետո ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մեկ էլ հանկարծ մտահոգվեց Ամուլսարով: Տարածքային կառավարման փոխնախարար եղած ժամանակ չենք հիշում գոնե մի դեպք, որ Վարազդատ Կարապետյանը հուզվեր իր կառավարության որոշումից Ամուլսարի շինարարությունը սկսելու կապակցությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանական ու մերձիշխանական շրջանակների «ուժը» միայն այս կառավարության վրա է պատում և Վարազդատ Կարապետյանը, որը ընդամենը երկու տարի առաջ Ամուլսարի վերաբերյալ ընդհանրապես կարծիք չուներ, այսօր ամենուր հարկ է համարում հայտնել իր մտահոգությունները Ամուլսարով: Նույնը, թերևս, ԲՀԿ-ին է վերաբերում, որի՝ կառավարության մաս եղած ժամանակ է գործարկվել Ամուլսարի ծրագիրը, բայց ԲՀԿ-ի բողոքի ձայնը նույնպես չենք հիշում: Այսօր հարցը հանրաքվեի դնելու կոչով հանդես եկավ նաև ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչը Ամուլսարի շինարարության գործարկման ժամանակ

Բնապահպանության նախարար էր: Այն օրերին նույնպես դժվար է հիշել ՀՅԴ-ի բողոքի ձայնը ու հանրաքվեի առաջարկը: Պատասխանը մեկն է՝ Փաշինյանի կառավարությունը ինքը բացեց պանդորայի արկղը՝ պոպուլիզմը դնելով պետական կառավարման հիմքում: Երբ պետության հեղինակության, կենսական կարևորության խնդիրների չլուծման գնով տարբեր խմբերին՝ բնապահպաններին, ակտիվիստներին, ֆեյսբուքյան բլոգերներին հաճոյանալու մարտավարությունը դառնում է համընդհանուր պրակտիկա, դրանից օգտվում են բոլորը՝ ընդդիմությունը, կիսա-ընդդիմությունը, ու նաև իշխանության իսկ ներսի անհատները: Պետության ու լայն հանրության շահն այստեղ դառնում է երկրորդական:

Վարդան Գալստյան