Ցանկացած ոք, այդ թվում՝ վարչապետը, սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պետք է պատասխանատվություն կրի

Ցանկացած ոք, այդ թվում՝ վարչապետը, սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պետք է պատասխանատվություն կրի

Հանրային տրամադրությունները եւ հատկապես իշխանությունների վերաբերմունքն ազատ մամուլի նկատմամբ հուշում են, որ դատական իշխանության՝ Սահմանադրական դատարանի հարցերը լուծելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը։

Դաշտի կարգավորման անվան տակ օրենսդրական ճանապարհով փորձելու են սահմանափակել ազատ խոսքն ու քննադատությունը։ Գործընթացն արդեն մեկնարկել է, այդ առաքելությունն են ստանձնել մի խումբ պատգամավորներ՝ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք։ Օրերս էլ Դիլիջանում են հարցը քննարկել։ Խանդանյանը չհերքեց, որ արդեն նախնական քննարկումներ են սկսվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ, սակայն բացառեց, որ դրանք միտված են լինելու մամուլի ազատության, քննադատությունների դեմ․ «Զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքը, գիտեք, որ բավականին հին է եւ չի համապատասխանում այսօրվա՝ գոյություն ունեցող իրավիճակի հետ։ Այդ օրենքն ընդունվել է 10-12 տարի առաջ, եւ օրենքում միայն սահմանումը, թե որն է կոչվում ԶԼՄ, արդեն իսկ խնդիրներ է հարուցում»։

- Օրինակ, այդ սահմանման մեջ չեն մտնում բոլոր էլեկտրոնային միջոցները, կամ հիմա Տելեգրամի ալիքներ կան, որոնք նույնպես լրատվամիջոց են հանդես գալիս։ Առաջին հերթին պիտի հասկանանք՝ այդ սահմանումն ինչպես տալ, որպեսզի այս լրատվամիջոցները տեղավորվեն դրա մեջ ու կարողանան օգտվել թե իրենց տրվող իրավունքներից եւ ունենան հավասար պարտականություններ, ինչպես հեռուստաընկերություններն ու տպագիր մամուլը։ Քննարկում ենք նաեւ ԶԼՄ-ների կարգավորման հարցերը, մասնավորապես՝ էթիկայի, ֆինանսական թափանցիկության։ Իհարկե, մենք հիմնականում կողմ ենք, որ դա ինքնակարգավորում լինի, որովհետեւ միշտ չէ, որ ճիշտ է, երբ որ պետությունն ինչ-որ մեխանիզմներ է մտածում եւ առաջարկում ԶԼՄ-ներին, միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ ինքնակարգավորումը լավագույն տարբերակն է։ Ենթադրում եմ՝ կմտածենք որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան լրատվամիջոցներին ստեղծել որեւէ հարթակ կամ խորհուրդ, որտեղ հնարավոր կլինի փոխադարձ վերահսկողություն ներկայացնել եւ նաեւ պատասխանատու լինել հանրության առաջ։

- Գործող օրենքը տալիս է այդ կարգավորումները, ֆինանսական հաշվետվությունները պարտադիր հրապարակվում են, ինչո՞վ դա չի բավարարում։

- Գործող օրենքը կա, բայց շրջանակը պետք է լայնացնել նաեւ բոլոր իմ թվարկած սուբյեկտների մասով, նրանք էլ պետք է ներկայացնեն հաշվետվությունները։ Բացի այդ, այդքան էլ արդյունավետ չէ, որքան որ հասկանում եմ։

- Այսինքն, ի՞նչն է ոչ արդյունավետ, եւ ի՞նչ եք դուք առաջարկում։

- Ես հիմա ինչ ասում եմ, ներկայացնում եմ իմ տեսակետը։ Ինչպես մյուս ոլորտներում, լրատվամիջոցներն էլ պետք է հրապարակեն ֆինանսական աղբյուրները։ Որովհետեւ լրատվամիջոցը նույնպես հանրային ծառայություն է մատուցում եւ հանրության նկատմամբ պետք է պատասխանատվություն ունենա ու թափանցիկ լինի, եւ նաեւ բացահայտվեն իրական սեփականատերերը։ Օրինակ, այդպիսի մեխանիզմ ներդրվել է հանքարդյունաբերության ոլորտում, տնտեսության եւ ոչ միայն․ հանրային մյուս բնագավառներում էլ պետք է լինի այս մոտեցումը։ Մարդիկ պետք է իմանան լրատվամիջոցի ինքնության մասին, որտեղից է ֆինանսավորվում, ինչ աղբյուրներից, ինչպիսի շահեր կան՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, եւ  ըստ այդմ՝ պետք չի լինի, որ պետությունն ասի, թե այս լրատվամիջոցը պատկանում է այսինչ մարդուն։

- Բայց ֆինանսական հաշվետվությունները տալիս են այդ պատասխանները, թե որտեղից, ինչքան, ոնց։

- Հա, բայց ավելի թափանցիկ է պետք, եւ ես չեմ կարծում, որ այդ գործառույթը պետք է իրականացնի պետությունը, այլ պետությունից անկախ մի մարմին, որը հնարավորություն կունենա լրատվամիջոցից պահանջել եւ հրապարակել ֆինանսավորման աղբյուրները։ Բայց սա նախնական քննարկումներ են, միգուցե մեր ֆրակցիայում էլ լայն քննարկման ընթացքում չգանք համաձայնության եւ այլ մեխանիզմների մասին մտածենք։ Մենք այժմ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, հատկապես՝ բրիտանական, որն ամենակատարյալն է, կարծես։ Վստահ չեմ, որ կկարողանանք այդ մակարդակին հասնել, որ մեր լրատվամիջոցներն այդքան թափանցիկ գործեն, եւ կարգավորող մարմինն այդքան հեղինակավոր լինի։ Եթե կարգավորող մարմինը որեւէ էթիկական խախտում է հայտնաբերում իր անդամ որեւէ լրատվամիջոցում, դա կարող է խոչընդոտել լրատվամիջոցի համար վարկանիշի առումով։ Կա նաեւ Գերմանիայի փորձը, որտեղ պետությունն է խիստ կարգավորումներ մտածել, բայց դրան էլ մենք պատրաստ չենք, որովհետեւ Գերմանիայում ժողովրդավարության այնպիսի մակարդակ է, որ որեւէ մեկը չի կասկածի  լրատվամիջոցներին խոչընդոտելու հարցում։

- Վստա՞հ եք, որ կընտրեք այնպիսի կարգավորումներ, որոնց համար իշխանությանը չեն մեղադրի ԶԼՄ-ներին ճնշելու մեջ, որովհետեւ սա այնքան նուրբ ու զգայուն դաշտ է, որ նույնիսկ նախկին իշխանությունները, որոնք հայտնի էին մամուլի նկատմամբ իրենց վերաբերմունքով, փորձ չարեցին մտնել այս դաշտ։

- Միանշանակ կարծում եմ՝ այնպիսի լուծում պիտի գտնենք, որը որեւէ կասկածի տեղիք չտա։

- Դուք պատկերացնում եք, չէ՞, եթե նախկինում որեւէ մեկը խմբագիր Նիկոլ Փաշինյանին ասեր, որ սա է էթիկան, էսպես պիտի անեք, ինչ կլիներ։

- Կրկնում եմ՝ գործընթացի արդյունքում չպետք է կասկածի տեղիք տանք, թե իշխանությունները սահմանափակում են մամուլի ազատությունը։ Նման միտում չի կարող լինել այս իշխանությունների կողմից։ Լուծումները պետք է կատարյալ լինեն, որպեսզի հաջորդ իշխանությունն էլ որեւէ շանս չունենա միջամտել իշխանության աշխատանքներին կամ խոչընդոտներ ստեղծել խոսքի ազատության համար։

- Բայց իշխանությունը կարծես վախեր ունի լրատվամիջոցներից, ու դժվար է չկասկածել, որ այլ ցանկություններ չունեք դաշտը կարգավորելու անվան տակ։

- Եթե այդպիսի ցանկություններ ունենար իշխանությունը, հաշվի առնելով լրատվամիջոցների այսօրվա  վիճակը՝ սարսափելի խայտառակ ցածր մակարդակը բազմաթիվ  լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվության, ապա մեկ տարվա ընթացքում հնարավոր էր ընդունել օրենքներ, որպեսզի սահմանափակեր լրատվամիջոցներին, բայց այդպիսի միտումներ չկան։

- Եթե հաշվի առնենք, որ պետության ղեկավարի՝ վարչապետի մակարդակով էլ է հաճախ սխալ տեղեկատվություն մատուցվում, երբ նա ունի չսխալվելու մեծ ռեսուրս, ապա լրագրողներն էլ կարող են երբեմն սխալվել։

- Այո, եւ ցանկացած ոք, այդ թվում՝ երկրի վարչապետը, սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պետք է որոշակի առումով պատասխանատվություն կրի դրա համար։ Եվ չստեղծվի տպավորություն, որ մենք լրատվամիջոցների նկատմամբ ենք միայն այդ կարծիքի։ Միեւնույն ժամանակ պետք է ստեղծել դաշտ, որ լրատվամիջոցներն իսկապես լրատվական գործունեությամբ զբաղվեն։

- Դուք նախկին լրագրող եք՝ ո՞նց եք պատկերացնում «իսկապես լրատվական գործունեություն» ասվածը։ Չէ որ ցանկացած հրապարակում չի կարող բոլորի քիմքին հաճելի լինել։

- Կան լրատվամիջոցներ, իհարկե, հիմա մեղք է նրանց լրատվամիջոց անվանելը, կան կայքեր, որոնք չունեն ո՛չ խմբագիր, ո՛չ գրանցման հասցե, ո՛չ հաշվեհամար․ սրանք հիմա լրատվամիջո՞ց են, թե՞․․․ Ավելի լավ չէ՞, որ, ինչպես նորմալ լրատվամիջոցներն են անում, նրանք էլ գրանցվեն, նորմալ աշխատեն, թե ինչպիսի քննադատական խոսք կհնչեցնեն, պետությունն իրավունք չունի միջամտել։ Ես կուզեի, որ լրատվամիջոցներն իրենք ինքնակարգավորմամբ միջոցներ առաջարկեին, կա դիտորդ մարմին, բայց կարծես թե շատ թույլ է։ Ամեն դեպքում, ինչպիսի կարգավորումներ էլ որ մենք գտնենք, դրանք պետք է քննարկվեն դաշտի ներկայացուցիչների հետ, պետք է լինեն լսումներ, երկար քննարկումներ։ Մենք դեռ նոր ենք սկսել քննարկումները՝ միայն մեր ֆրակցիայի ներսում, բայց հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ դրանք նախագծերի տեսք կստանան։

- Հետաքրքիր է՝ ո՞վ է նախաձեռնել այս գործընթացը, ո՞րն է շարժառիթը։

- Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մեր ֆրակցիայում, այն հայհոյանքը, քննադատությունները, որոնք կան լրագրողների նկատմամբ, որոշ կայքերում աշխատող մարդկանց եւ որոշ խմբերի պատճառով են, որոնց հետ լրագրողները կապ չունեն։ Մենք, իսկապես, ուզում ենք, որ լրատվամիջոցները լինեն բարձր էթիկական չափանիշներով։

- Այդ էթիկան ո՞վ է սահմանելու, եթե առաջին հերթին իշխանություններն են թիրախավորում լրագրողներին։

- Էթիկան որոշվում է՝ ինչպես ամբողջ աշխարհում։ Դրանց մասին գրքեր կան, վարքականոններ կան։