Տո ապուշ, Շուշիի Սուրբ Ղազանչեցոցն Ադրբեջանիցդ հին է, ի՞նչ ես դուրս տալիս. Շուշիի քաղաքապետ

Տո ապուշ, Շուշիի Սուրբ Ղազանչեցոցն Ադրբեջանիցդ հին է, ի՞նչ ես դուրս տալիս. Շուշիի քաղաքապետ

«Հրապարակի» զրուցակիցը Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն է:

«Ես մինչ օրս էլ Շուշիի քաղաքապետն եմ: Խնդրում եմ ինձ նախկին քաղաքապետ չներկայացնել, մարդիկ այդ խոսքերից ավելի են կոտրվում: Շուշեցիներն ինձ փողոցում տեսնելիս հարցնում են. մի օր նորից կտեսնե՞նք Շուշին, պատասխանում եմ` այո, Շուշին էլ, Հադրութն էլ մի օր անպայման մերն են լինլեու»- նշում է Արծվիկ Սարգսյանը:

- Ընդդիմադիրները, կրկին, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, հետևո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին:

- Իհարկե, հետևում եմ: Ընդդիմադիրները պետք է վերջնականապես իրենց նպատակին հասնեն: Եթե որոշել են, որ պետք է այս իշխանություններին հեռացնեն, գիշերն էլ տուն չեն գնում, ուրեմն այս անգամ պետք է հասնեն իրենց նպատակին: Իշխանափոխություն պետք է անպայման լինի, այսպես մնալով՝ Հայաստանն էլ է ձեռքից գնալու: Արցախի հարցը, եթե վարչապետն ասում է՝ որոշված է, ուրեմն իսկապես վիճակը լուրջ է: Ալիևը նորից հայտարարում է, որ Երևանը, Սևանն ու Սյունիքն իրենցն են: Տեսնո՞ւմ եք մարդու ախորժակը ոնց է բացվել: Մարդը փաստացի ինչ ասել` արել է: Գոնե Հայաստանը փրկվի:

- Արցախում ի՞նչ տրամադրություն է: Արցախցիներն ինչպե՞ս են իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում:

- Արցախցիները հող չունեն տալու, ենթակա չենք լինելու Ադրբեջանին երբեք: Սա է մեր տրամադրությունը:

- Վերջին շրջանում շատ է խոսվում, որ Արցախը կարող է միանալ Ռուսաստանին:

- Այո, կան նման խոսակցություններ: Ասում են, եթե Հայաստանը հրաժարվում է Արցախից, ուրեմն մեր փրկությունը Ռուսաստանի ձեռքին է: Եթե Ռուսաստանն էլ տեր չլինի, չգիտենք ինչ կլինի: Միակ փրկությունը դա է: Ուրիշ բան չենք տեսնում դեռ:

- Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված դաշնակից Ռուսաստանը հիմա, կարծես, զբաղված է իր խնդիրներով: Ի՞նչ անել, որպեսզի գոնե այս ընթացքում Հայաստանի վարչապետը որևէ փաստաթղթի տակ չստորագրի:

- Վարչապետը պիտի իր ՔՊ-ականների հետ միասին հայտարարի` ժողովուրդ, թուրքն էսպես է ուզում, համաձա՞յն եք: 30 տարվա մեր ստեղծածը ջուրն է լցվում, ինչպես Աննա Հակոբյանն է ասում, մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի: Պիտի խոսի, ժողովրդին ոտքի կանգնեցնի ու էս հարցերը տա: Ոչ թե խեղճացած գնա նստի Ալիևի մոտ, նա էլ ինչ ուզի, անի: Ալիևը տեսնում է, որ խեղճացած են, ազգի մեջքը ծռված է, լկտիացած ինչ խելքին փչում, անում է: 90-ականներին մոռանում են, որ հետևներից չէինք հասցնում ընկնել, փախչում էին, հիմա էլ հայտարարում են, թե Երևանն էլ է իրենցը: Տո ապուշ, Շուշիի Սուրբ Ղազանչեցոցն Ադրբեջանից ավելի հին է, ի՞նչ ես դուրս տալիս:

- Շուշին ինչո՞ւ ընկավ….

- Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ կռիվը եղել է Շուշիի համար: Ինչի՞ Շուշիի համար չէ՞ր կարելի կազմակերպված կռվել, որ ազերիները քայլելով չգային հասնեին Շուշի: Զորք էր պետք, զենք էր պետք: Մենք կանգնած կռվում էինք, բայց չգիտեինք, թե կուլիսներից այն կողմ ինչ է կատարվում:

- Այսօր Արցախի իշխանությունների անելիքը ո՞րն է:

- Ժողովուրդը պետք է միավորվի: Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը պետք է միասին լինեն: Պայքար պետք է սկսել զրոյից, ինչպես 88-ին եղավ: Հայ զինվորին պետք է դուխ տալ, որ մեր բանակի պես բանակ չկա: Էսօր բոլորն ընկճված են դարձել: Պետք է կազմակերպվել ու կազմակերպված հասնել արդյունքի:

- Ազերիները վերջերս վնասում էին Արցախի գազատարը: Հիմա ի՞նչ իրավիճակ է:

- Արցախցու ճակատը պինդ է: Այդ բոլոր հոգսերը մենք քաշել ենք: Սովոր ենք: Ցուրց է եղել, ցրտին դիմացել ենք: Միշտ էլ այդպես լինելու է: Իրենք դիտավորյալ այն օրերին են գազատարը վնասում, երբ ցուրտ է լինում: Մինչև դրանց սահմաններից չհեռացնեն, գազատարը հա էլ վնասելու են: Դեռ շատ-շատ հիմարություններ են անելու, սա դեռ ինչ է:

- Այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է:

- Ելքը մեր ուժեղանալն է: Պետք է հզորանանք:

- Իսկ ունե՞նք հզորանալու ժամանակ:

- Դե պիտի հզորանանք, երբեք ուշ չէ:

- Արցախցին ինչպե՞ս պետք է պայքարի իր հողի ու ջրի համար:

- Արցախում մնալով: Չպետք է Արցախից դուրս գան: Այս երկիրը պետք է արցախցին պահի, դրա համար առաջնահերթ պետք է մարդկանց կենցաղով ապահովել: Մարդիկ պետք է Արցախում շատ լինեն, ապրեն, ստեղծեն, թշնամին էլ տեսնի ու…. մարդիկ այսօր ինֆորմացված չեն, շատ հարցեր են առաջանում: Պետք է զրուցել մարդկանց հետ, բացատրել:  Շուշեցիներն ինձ փողոցում տեսնելիս երբ հարցնում են. մի օր նորից կտեսնե՞նք Շուշին, պատասխանում եմ` այո, Շուշին էլ, Հադրութն էլ մի օր անպայման մերն է լինլեու: Պետք է այպես խոսել մարդկանց հետ, մարդկանց պահել: Թե չէ, ասելով, թե թույլ ենք, ո՞նց կարող ենք պայքարել, լավ բանի չի հանգեցնի: Պետք է շատ ճիշտ գործել: Թշնամին ո՞վ եղավ, որ էդպես դուխավորվել է: