Շիլաշփոթ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ

Շիլաշփոթ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ

Չնայած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում արված վերջին փոփոխությունների հանդեպ ռեկտորներից շատերի ոգեւորությանը, այդուհանդերձ, օրենքի նախագիծը նախօրեին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում չի քննարկվել եւ հետաձգվել է երեք շաբաթով։ 

Ավելին՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ նախագծին եւ արված վերջին փոփոխություններին, չեն կարողանում դա կայքում գտնել, ինչը կա՛մ անփութության հետեւանք է, կա՛մ նշանակում է, որ իշխանությունները փափուկ բարձ են դնում, ժամանակ շահում ու բնավ մտադիր չեն օրինագծում փոփոխություններ անել։

Նախագծում արված վերջին փոփոխություններին եթե, օրինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը ծանոթ է, ում խոսքով՝ բոլոր վիճահարույց հարցերը, կապված բուհերի կառուցվածքի, առարկայացանկի հետ, վերանայվել են, ապա հանձնաժողովի մյուս անդամներից Աննա Կոստանյանը ծանոթ չէ, ավելին՝ կարծում է, որ հետպատերազմյան այս իրավիճակում, երբ «շունը տիրոջը չի ճանաչում», դա առաջնային հարց չէր․ «Երբ անհասկանալի է, թե փոփոխությունների ինչ հեռանկար կա կառավարության կողմից, տեսնում ենք «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը մեկ տարի առաջ, երբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, բոլոր շահագրգիռ շրջանակները խոսեցին՝ արտահայտելով իրենց դժգոհությունները,-ասում է նա ու հավելում, որ շատ բնական է, որ այդ դժգոհությունները պետք է լինեին,- նախագծի քննարկումը խորհրդարանական ձեւաչափով, իհարկե, ենթադրում է այդ շրջանակների կողմից վեր հանվող խնդիրները։ Այս ամբողջ մեկ տարվա ընթացքում ես տեղյակ եմ, որ եղել են բազմաթիվ քննարկումներ, բայց այդ քննարկումների արդյունքում ռադիկալ փոփոխություններ նախագծում չէին եղել, որովհետեւ նույնկերպ պահպանվել էին բուհի ինքնավարությունը կասկածի տակ դնող դրույթները»։

Աննա Կոստանյանն ընդգծում է՝ փոփոխված տարբերակն էլփոստով իրեն չի ուղարկվել, ինչն անլուրջ մոտեցում է, որովհետեւ, եթե կան փոփոխություններ, պետք է պատշաճ ձեւով տեղեկացնել․ «Մինչեւ երեկվա հանձնաժողովի նիստը, առնվազն ԱԺ-ի պաշտոնական կայքում տեղադրված նախագծի ինֆորմացիայով գիտեմ, որ որեւէ փոփոխություն չկար։ Եվ եթե հիպոթետիկ ընդունենք, որ կառավարությունը, որպես բարի կամքի դրսեւորում, ուզում է եւ համարում է, որ այս պատերազմի թիվ մեկ խնդիրը նաեւ կրթությունն է, եւ մենք պետք է կրթությունը վիրահատական մեթոդով փոփոխենք, ապա հաշվի չի առել բոլոր կողմերի դիտարկումները, եւ եթե փոփոխություններ էլ տեղի են ունեցել, առնվազն ես դրանց մասին տեղյակ չեմ։ Ինքս պատրաստվում եմ բոլոր առաջարկները, որոնք քննարկել եմ դասախոսների, մի քանի ռեկտորների, պրոֆեսորների հետ, գրավոր տարբերակով ներկայացնել պրոֆիլային հանձնաժողով, եւ հետո կտեսնենք, թե ինչ հակափաստարկներ են բերում կառավարության անդամները»։   

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը հետաձգվեց երեք շաբաթով, որովհետեւ հիմնական զեկուցողը, որը լինելու էր ԿԳՄՍ նախարար Դումանյանը, չէր ներկայացել․ «Հանձնաժողովի նախագահն էլ մեկնաբանեց, որ իր հորդորով չի ներկայացել, որովհետեւ վերջին օրերին կան էլի բացասական քննարկումներ, որոնք պետք է հարթեցնել, այդ առաջարկներն ընդունել, հետո նոր այդ նախագիծը կդրվի շրջանառության մեջ»։

Թեպետ նշվում է, որ վերջին փոփոխությունների համաձայն՝ օրենքում գիտությունն ու կրթությունն առանձնացվել են, բայց ԲՈԿ-ի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի դիտարկմամբ, օրենքի անվանումը դեռ շարունակում է մնալ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենք․ «Այս օրենքը չի կարող առանձնացվել, սա կարող է չեղարկվել, նոր 2 առանձին օրենքներ քննարկվեն, բայց դա դեռ տեղի չի ունեցել եւ կյանքի չի կոչվել։ Օրենքը ոչ թե խնդրահարույց կետեր ունի, այլ այդ օրենքն ընդհանուր կոնցեպտ չունի։ Այնպես չէ, որ վատն է, բայց ինչպես է եղել վերջին 2 տարվա մեջ, լիքը տեքստեր եղել են լավը, բայց ռեալիզացվելուց պարզվել է՝ ոչ, սա էլ դրա վառ օրինակ է, թե չէ՝ ռեկտորը նշանակովի, թե ընտրովի, դրանից կրթության իմաստը չի փոխվում, եւ օրենքում գիտության, կրթության իմաստը չի ձեւավորվում։ Սա է օրենքի բացը, որը 2 շաբաթում հնարավոր չէ լրացնել»։

Փոփոխությունները տեղ կգտնե՞ն օրենքում, թե՞ իշխանությունը ժամանակ է շահում։ «Կառավարությունն այս օրենքը հրատապով անցկացրեց, որպեսզի ԱԺ խմբակցությունում չքննարկվի, բայց քանի որ խմբակցությունը թույլ չտվեց իրեն շրջանցել, քննարկեց եւ հետ ուղարկեց, նշանակում է՝ երկուսով նույն խաղը չեն խաղում»։ 

Փոփոխված տարբերակի՝ կայքում տեղադրված չլինելը, Գոգյանը վերագրում է թափթփվածությանը։ «Օրինակ, Ի-դռաֆտում օրենքի նախկին նախագծերը չեն պահում, ջնջում են, նորն են դնում, այսինքն՝ մարդկանց համար նույնիսկ դժվար է հասկանալ, որ փոխվել է նախագիծը, ուր մնաց փոփոխությունները համեմատեն։ Դրա նպատակն ու մոտիվը չգիտեմ՝ պատահաբա՞ր է, թե՞ մտածված»,- հավելում է Գոգյանը։