Ամուլսարով հարուցված քրեական գործը կկարճվի․ ՔԿ նախագահ

Ամուլսարով հարուցված քրեական գործը կկարճվի․ ՔԿ նախագահ
Ամուլսար

Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի շահագործման հավանական ռիսկերի վերաբերյալ ELARD ընկերության կողմից կատարված փորձաքննության եզրակացությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ այս հարցին՝ առաջարկելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին հակիրճ ներկայացնել եզրակացության արդյունքները։

Ներկայացնելով այն՝ Գրիգորյանն ասաց, որ եզրակացության ամենակարևոր երեք կետերի վերլուծությունը թույլ է տալիս հանգելու հետյալին․ «Առաջինը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա։ Երկրորդը, Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանի հետ որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան։ Բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն։ Եվ երրորդ ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարփ, Որոտան, Արփա գետերի վրա, որը որ հնարավոր է լինի, սակայն եթե լինի ,Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ժամանակ այդ ռիսկերը կլինեն կառավարելի»։

Ըստ ՔԿ նախագահի՝ «Լիդիան» ընկերության փորձագետները պատրաստ են այդ 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել։ Դրանցից տասն արդեն իսկ կիրառվում է, իսկ հինգը պատրաստ են ապագայում կիրառել։ Մեկ մեղղման միջոցն է, որ դեռ քննարկման փուլում է, որը կապված է Համաշխարհային բանկի հետ։

Հայկ Գրիգորյանը նաև անդրադարձավ այս թեմայով հարուցված քրեական գործին՝ նշելով, որ ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ մեկ տարուց ավելի քննվող քրգործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու։

Այսինքն՝ կարճվելո՞ւ է այդ գործը, հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ իրենք որոշման վրա աշխատում են, և այո, գործի քննության ուղղվածությունը դա է։