Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների շուրջ կրքեր են բորբոքվել

Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների շուրջ կրքեր են բորբոքվել

Նախօրերին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթ, որին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 6 թեկնածու՝ Հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգեւ Բալջյանը, «Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում» ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը եւ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։ Սակայն 6 թեկնածուներից երկուսը՝ Արամ Միքայելյանը եւ Պարգեւ Բալջյանը, հանել են  թեկնածությունները։ 

Արդյունքում՝ փակ-գաղտնի քվեարկությամբ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը ստացել է 16 ձայն, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը՝ 13, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում» ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը՝ 1, «Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը` 0 ձայն։

ՀԱՊՀ ռեկտորի ընտրության կարգի 45-րդ կետի համաձայն՝ քվեարկության ընթացքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը ստանում է խորհրդի ընդհանուր կազմի ձայների կեսից ավելին։ Նույն կարգի համաձայն՝ մեկից ավելի անձանց քվեարկության արդյունքում առավելագույն, սակայն ընտրվելու համար ոչ բավարար ձայներ ստացած թեկնածուի համար երկու շաբաթ հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Ըստ այդմ, երկու շաբաթ անց տեղի կունենա բուհի ռեկտորի ընտրության քվեարկության երկրորդ փուլը, որին կմասնակցի մեկ թեկնածու՝ Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը:

«Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նիստը սկսվելուց առաջ ինքը եւ էլի մի քանի հոգի հայտարարություն են տարածել ու հոգաբարձուների խորհրդի նախագահի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ընտրությունների փաստաթղթերի պատրաստումը, հոգաբարձուների խորհրդի անդամների իրազեկումը ժամանակին ու կանոնակարգին համապատասխան չեն արվել, «ինչը մեզ մոտ առաջացնում է այնպիսի հիմնավոր կասկածներ, որ ընտրության արդյունքները կանխորոշված են, կամ այս ընտրությունն արվում է մի կանոնակարգով, որն ունի բազմաթիվ բացառող կետեր, օրինակ՝ 45 կետի մասին բազմիցս բարձրաձայնվել է եւ անգամ պատկան մարմինների է տեղյակ պահվել, ու այսօր մենք կանգնած ենք այդ չարաբաստիկ 45 կետի առջեւ։ Ինչքանո՞վ է իրավաչափ նման կանոնակարգով անցկացնել ռեկտորի ընտրություն։ Սա ընտրությունների ոգուն ու տրամաբանությանը հակասող կետ է, եւ այսօր փորձում են աշխատեցնել այս կետը։ Մենք կանգնած ենք այս կետի կիրարկման բարդագույն խնդրի առաջ»։

Ի դեպ, այս կետն առկա է միայն ՀԱՊՀ-ի կանոնակարգի մեջ։ Հարցին, թե 45 կետը ե՞րբ է ներմուծվել բուհի կանոնակարգի մեջ, Ա․ Միքայելյանն ասաց․ «Չար լեզուները շատ բաներ են ասում, բայց իմ իմացած տվյալներով՝ ժամանակին դա որոշվել է պարոն Աշոտյանի կաբինետում՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, դեռ նախորդ ռեկտորի ընտրության ժամանակ, եւ միտումնավոր, թե ոչ միտումնավոր՝ դա անցել է նաեւ նոր կանոնակարգի մեջ, որը հաստատվել է այս տարվա հունվարի 22-ին։ Կարելի էր, չէ՞, գոնե պարկեշտ կանոնակարգ մշակել»։ Բուհի անձնակազմն առաջ չի՞ քաշել այդ 45 կետի վերանայման հարցը, ինչին ի պատասխան՝ Միքայելյանը նկատում է, որ հոգաբարձուների 32 հոգանոց խորհուրդը փակ նիստ է արել, որից հետո այդ կանոնակարգը գոնե խորհրդատվական կարծիք հայտնելու իրավունքով չի տրամադրվել ո՛չ ռեկտորատին, ո՛չ գիտական խորհրդին, միայն հոգաբարձուների խորհրդում է քննարկվել եւ հաստատվել։ Ասում է՝ շատերի հետ զրուցել է եւ հասկացել, որ որոշ մասն անգամ ուշադիր  չի եղել, այլապես՝ ինչպես հավատացրել են, չէին հաստատի։ 

Մինչեւ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը Ա․ Միքայելյանը ելույթ է ունեցել, ներկայացրել իր հայեցակարգը, բայց տեսնելով ընթացքը, որ այն չի կարող բերել օբյեկտիվ պատկերի, հանել է թեկնածությունը, նրա հետ՝ նաեւ մեկ այլ թեկնածու՝ Պարգեւ Բալջյանը։ «Թե՛ նախնական փուլը, թե՛ ընթացքը ակնհայտ միտում էին ցույց տալիս, որ ընտրությունը գնում է կանխորոշված ճանապարհով»,- ասում է նա եւ կարծիք հայտնում․ ակնհայտ էր, որ կանխորոշված թեկնածուն Գոռ Վարդանյանն է։ Թե ում կողմից է կանխորոշված եւ ուղղորդված Գոռ Վարդանյանի թեկնածությունը, ասաց․ «Սա բուհի նախորդ ռեկտորի վարած քաղաքականությունն է։ Ես զարմանում եմ, մարդիկ փորձում են ստեղծել դպրոց, ավանդույթ, ու եթե մեր նախորդ ռեկտորի դպրոցն ու ավանդույթը՝ ունենալ բուհ, հանձնին Գոռ Վարդանյանի․․․ ինչ ասեմ, միայն կուզեմ, որ նրա կենսագրությունն ուսումնասիրեք, տեսնեք, թե քանի ժամ է դասախոսություն կարդացել, քանի գիտական հոդված է գրել։ Նույնը չէ՝ լինել համալսարանի մենեջեր եւ սրճարանի մենեջեր, սա այլ միջավայր է»։

Մենք ուսումնասիրեցինք Գոռ Վարդանյանի կենսագրությունը․ նա 2014-2017 թվականներին եղել է ՀԱՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում աշխատանքային գործունեությունը սկսել է 2015-ին՝ որպես ռեկտորի տեղակալ։ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2017թ․ սեպտեմբերի 1-ի որոշմամբ  նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2020թ․ հունվարի 1-ից «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավարն է։ Ի դեպ, 2020-ի մայիսից բուհի նախկին ռեկտոր Ո․ Մարուխյանն արդեն ազատվեց պաշտոնից, ում հոգեզավակն էլ համարում են Գ․ Վարդանյանին։  

Ա․ Միքայելյանը վստահ է, որ համալսարանի դժբախտ վիճակի համար պատասխանատու է հենց Ոստանիկ Մարուխյանը․ «Իրենից հետո իրեն հարմար թեկնածու է թողել՝ հանձին Գոռ Վարդանյանի։ Նրան նախորդ ռեկտորը բերեց սարքեց օգնական, հետո էլ դարձրեց աշխատակազմի գծով պրոռեկտոր»։ Ի՞նչ շահեր ունի նախկին ռեկտորը դեռ համալսարանում․ Միքայելյանը նշեց, որ շահերը շատ տարբեր են լինում, որոնք չի ուզում մանրամասնել, միայն նշեց, որ առաջիկայում պատրաստվում է հրավիրել մամլո ասուլիս․ «Մեր թեկնածուներից Դավիթ Ղազարյանը բանիմաց, ճանապարհ անցած,  նաեւ կառավարման հսկա փորձ ունեցող մեկն էր, բայց չընտրեցին, ու երբ ասում եմ՝ կանխակալ է, գիտեմ, թե ինչ եմ ասում, բոլորս պետք է մտահոգ լինենք այս երկրի ապագայով»։ 

Ի դեպ, Ա․ Միքայելյանը եւ մի շարք այլ պրոֆեսորներ դիմել են ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, ԿԳՄՍ նախարարին եւ ՀԽ նախագահին՝ ստեղծված իրավիճակի շուրջ նրանց դիրքորոշումը ստանալու համար։  

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասում է, որ առաջին փուլը տեւել է 10 ժամ, եւ որեւէ խախտում չի արձանագրվել։ Այդուհանդերձ՝ առավելագույն, սակայն ընտրվելու համար ոչ բավարար ձայն ստացած թեկնածուի համար անցկացվում է երկրորդ փուլ։ Մեկ թեկնածուով երկրորդ փուլի անցկացումն արդյոք օրինակա՞ն է։ «2015թ․ կանոնակարգում է այդ փոփոխությունը եղել, եւ այն մարդիկ, ովքեր բողոքում են, 2015-ին նրանցից ոմանք եղել են այդ խորհրդի կազմում եւ իրենք են այդ որոշումները կայացրել, ես որեւէ կապ չունեմ դրա հետ։ 2 անգամ էլ այս տարի հունվարին խորհրդի արտահերթ նիստեր են եղել, եւ միաձայն ընդունվել են բոլոր կետերը»։ 

Ռեկտորի թեկածուներից երկուսն իրեն առաջարկել են խորհրդում քվեարկության դնել ռեկտորի ընտրությունը հետաձգելու եւ ապագա ընտրությունը նոր օրենքով եւ նոր ընտրակարգով անցկացնելու հարցը, ինչին, սակայն, Մուսայելյանը չի պատրաստվում ընթացք տալ, քանի որ ռեկտորի ընտրությունն արդեն արվել է։ «Ռեկտորի ընտրության առաջին փուլը կայացել է, հետո էլ կկայանա 2-րդ փուլը, որեւէ խախտում չկա այդտեղ,- ասում է ու այնուամենայնիվ խոստովանում, որ իրենից էլ են շատ հետաքրքրվում, թե ինչպես կարող է մեկ թեկնածուով 2-րդ փուլ լինել։- Բնական է, շատերին դա դուր չի գալիս, եւ ինձ էլ անգամ իմ ընկերներից հարցնում են, բայց ո՞նց կարող է 2-րդ փուլ լինի, եւ մի մարդ մասնակցի, ես ասում եմ, որ 6-7 տարի առաջ է այդ կանոնակարգը հաստատվել, եւ այս ընտրություններից առաջ էլ այն վերանայել եւ հաստատել ենք միաձայն, հիմա եկել հասել է 2-րդ փուլը, ու ասում են՝ լավ չի, որ այդպես է, բայց մենք հիմա օրենքո՞վ ենք շարժվելու առաջ, թե՞ լավ ու վատի տրամաբանությամբ»։

Ճի՞շտ է համարում, որ բուհի կանոնակարգում ռեկտորի թեկնածուների համար որոշակի տարիքային շեմ ֆիքսված չէ, հատկապես որ ղեկավար անձ լինելը նաեւ որոշակի կենսափորձ, կառավարման հմտություններ ու անցած ճանապարհ է պահանջում, եւ այս դեպքում 29-ամյա Գոռ Վարդանյանն ունի՞ այդքան կենսափորձ ու  կառավարման հմտություններ՝ բուհը ղեկավարելու համար․ «Տարիքային սահմանափակում եղել է վերին շեմի հետ կապված, ներքեւի շեմում՝ ոչ, հետո՝ ի՞նչ կա այդտեղ, 22 տարեկան մարդիկ բանակ են ղեկավարել, երկրի ղեկավարներ են եղել։ Տարիքային խնդիրն այստեղ ամենակարեւոր խնդիրը չէ, հավատացեք,- ասաց նա ու հավելեց, որ չի կարող կանխորոշել, թե 2-րդ փուլն ինչպես կանցնի,- չգիտեմ, թե 2-րդ փուլում քանի ձայն նա կստանա, ամեն դեպքում՝ պետք է 16 ձայնից շատ ստանա, եթե չստացավ, նոր ընտրություններ են հայտարարվելու, բայց նոր ընտրություններն էլ շատ հնարավոր է արդեն գիտության, կրթության մասին նոր օրենքով իրականացվեն, որտեղ ռեկտորի ընտրության ընթացակարգերը կարող են լրիվ ուրիշ լինել»։