Էրդողանի հաղթանակի անհավանականությունը
Վաղը` մայիսի 28-ին, Թուրքիայում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը, մեծ հավանականությամբ, վերջակետ կդնի նախագահ Էրդողանի երկարամյա պաշտոնավարմանը: Էրդողանը, որին պետական գրաքննության ներքո գտնվող լրատվամիջոցներն առաջին փուլում ներկայացնում էին որպես ընտրությունների ֆավորիտ եւ հաղթանակը գրպանը դրած թեկնածու, չկարողացավ 50% պլյուս մեկ ձայն ստանալ: Ստացավ միայն 49,24% ձայն: Ընդսմին, այս 49,24%-ը մի ամբողջ ոդիսականի արդյունքում հայտնի դարձավ:
Ընտրությունների առաջին փուլից հետո ձայների 99+ տոկոսի հաշվարկի արդյունքում Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահը, որ նշանակվել է Էրդողանի կուսակցության` AK-ի կողմից, հայտարարեց, թե նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը, կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, եւ հայտարարեց, որ քվեների հաշվարկի նախնական արդյունքներով՝ գործող նախագահ Էրդողանը ստացել է ձայների 49,45%-ը: Այս թիվը տիրաժավորվեց ամբողջ լրատվադաշտում, եւ այս պահին էլ եթե համացանցում փնտրես Թուրքիայի 2023թ․ ընտրությունների արդյունքները, որպես կանոն, այդ թիվն է երեւում: Նախնական արդյունքները հրապարակելուց շուրջ մեկ շաբաթ անց նույն Բարձրագույն ընտրական խորհուրդը հրապարակեց մայիսի 14-ի քվեարկությունների վերջնական արդյունքները՝ Էրդողանը ստացել էր 49,24% ձայն: Անձամբ ես լուրը կարդացել եմ Hurriyet Daily News-ում, բայց հետո այդ լուրն այլեւս գտնել չէր լինում, ինչքան փնտրում ես՝ նախնական 49,45% թիվը հայտնող լուրերն են միայն երեւում:
Էժանագին մանիպուլյացիա է, որ հրաշալի ցույց է տալիս, թե ինչ անհույս զեղծարարությունների է գործը հասել` հասարակությանը հոգեբանորեն ճնշելու եւ Էրդողանի հաղթանակի երաշխավորվածություն ներշնչելու համար: Այս նույն շարքից ավելի մեծ զեղծարարություն եւ մանիպուլյացիա էր հայտարարելը, թե ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած եւ 5,17% ձայն ստացած Սինան Օղանը երկրորդ փուլում աջակցում է Էրդողանի թեկնածությանը: Սինան Օղանն իսկապես հայտարարել է, որ սատարում է Էրդողանին, բայց խնդիրն այն է, որ դա միայն իր մեկ ձայնն է ավելացնում Էրդողանի ձայներին, ոչ թե իրեն տրված ընտրողների 5+ տոկոս քվեները: Օղանը մայիսի 14-ի ընտրությանը մասնակցել է որպես ATA դաշինքի թեկնածու, որի ձեւավորած երկու հիմնական կուսակցությունները` Victory Party-ն եւ Justice Party-ն, հայտարարեցին ATA դաշինքի լուծարման մասին ավելի վաղ, քան Օղանը կհասցներ Էրդողանին սատարելու հայտարարությունը տարածել:
Երկու հիմնադիր կուսակցությունները հայտարարեցին, որ ATA դաշինքը դադարել է գոյություն ունենալ՝ մայիսի 14-ի ընտրությանը չհաղթելու արդյունքում, հետեւաբար՝ Օղանն այլեւս չի ներկայացնում որեւէ մեկին, բացի ինքն իրենից: Հասկանալիորեն, այս լուրն էլ պետական գրաքննության ներքո գտնվող լրատվադաշտում այնքան չշրջանառվեց, որքան Սինան Օղանի` Էրդողանին սատարելու մանիպուլյատիվ տեղեկությունը, բայց դրանից՝ մեծ բան չի փոխվում: Ե՛վ Victory Party-ի, ե՛ւ Justice Party-ի առաջնորդները հերթով հայտարարեցին նախագահական ընտրության երկրորդ փուլում` մայիսի 28-ի քվեարկությանը Քեմալ Քըլըչդարօղլուին սատարելու մասին: Նրա հետ իրենց ձեռքսեղմումների լուսանկարները լայնորեն տարածվեցին, եւ դժվար թե շատերն անտեղյակ լինեն, որ ATA դաշինքի կուսակցությունները սատարում են Քըլըչդարօղլուին: Ընդսմին, Սինան Օղանը որեւէ կուսակցության առաջնորդ չէ, ընդամենը ազգայնական պատգամավոր է եղել, որին դժվար է ընկալել, թե ինչ հաշվարկով Victory Party-ն եւ Justice Party-ն առաջնաբեմ են բերել մայիսի 14-ին ընդառաջ, հիմա էլ իր հետ կապերը խզեցին:
Վերջապես, ողջ քաղաքական դաշտի` ընդդեմ Էրդողանի միավորվելու մի արտահայտություն էլ այն էր, որ մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Կանաչների դաշինքը նույնպես հայտարարեց Քըլըչդարօղլուի թեկնածությանը սատարելու մասին: Ընդսմին, Կանաչների արձանագրած արդյունքը խորհրդարանական ընտրություններում ուշագրավ էր, քանի որ որքան էլ էկոլոգիական թեմատիկան ունիվերսալ նախընտրական պլատֆորմ է, որ ընտրողին կարող է հետաքրքրել կամ չհետաքրքրել՝ անկախ ազգային, կրոնական եւ այլ պատկանելությունից, Կանաչների առաջնորդած դաշինքը զարմանալիորեն ձայներ էր ստացել միայն Արեւմտյան Հայաստանի տարածքի նահանգներում` Մարդինից, Խարբերդից, Ուրֆայից մինչեւ Մուշ, Բիթլիս, Վան, անգամ՝ Իգդիր, Կարս (իհարկե, կային նաեւ Մեծ Հայքի այլ տարածքներ, որտեղ գլխավորապես Էրդողանին էին ձայն տվել` Երզնկայում, Էրզրումում, Սեբաստիայում եւ այլն): Այդուհանդերձ, ո՞րն էր Արեւմտյան Հայաստանի տարածքում Կանաչների հավաքած ձայների բացատրությունը: Խնդիրն այն է, որ քրդերի HDP կուսակցությունը (որի անդամ էր, ի դեպ, նաեւ Կարո Փայլանը), դատական գործընթացների մեջ գտնվելով, նպատակահարմար էր գտել ոչ թե քրդերին ներկայացնող նոր կուսակցություն գրանցել, այլ Կանաչների դաշինքի ցուցակով մայիսի 14-ի խորհրդարանական ընտրությանը մասնակցել: Դե, քանի որ Արեւմտյան Հայաստանի տարածքում էլ որքան ասես քուրդ կա, ձայները տվել էին քուրդ գործիչներին ներառող Կանաչների դաշինքի ընտրացուցակին:
Արդյունքում կարելի է ասել, որ մայիսի 14-ին Թուրքիայի խորհրդարան անցան նույն 4 ուժերը, տարբեր անվանումների ներքո, որոնք արդեն մեկ տասնամյակից ավելի կազմում են Թուրքիայի խորհրդարանը` իսլամիստ-էրդողանականները, աշխարհիկ-աթաթուրքիստները, թուրք ազգայնականները եւ քրդերը: Էրդողանականները միավորված են իշխող AK կուսակցությունում, Քըլըչդարօղլուն ղեկավարում է CHP-ն, որն ամենահին կուսակցությունն է Թուրքիայում եւ միավորում է աշխարհիկ բարքերի կողմնակից աթաթուրքիստներին: Ազգայնականները, ինչպեսեւ 2018-ին, երկատված են, ընդսմին գրեթե հավասար` 10,5% եւ 9,5% ընտրազանգվածներով. Էրդողանի կուսակցության հետ դաշինք է կազմել Դեւլեթ Բահչելիի MHP-ն, իսկ 2017-ին դրանից անջատված մի ճյուղը` Մերալ Աքշեների առաջնորդությամբ, Good Party անվան ներքո միացել է հակառակորդ CHP-ի դաշինքին, եւ քրդերը խորհրդարան են անցել Կանաչների դաշինքի ընտրացուցակով: Իհարկե, 2018-ի համեմատությամբ ավելի քան 20 մանդատով նվազել են AK-ի ձայները, նույնքան ավելացել են CHP-ի ձայները, բայց ընդհանուր պատկերը քիչ է փոխվել: Մնում է տեսնել` ինչ փոփոխություն կբերի նախագահական ընտրության երկրորդ փուլը:
Կարծիքներ