Նախարարությունն աջակցելու փոխարեն ավելացրել է «ՊրոդԷքսպոյի» տաղավարների գումարը

Նախարարությունն աջակցելու փոխարեն ավելացրել է «ՊրոդԷքսպոյի» տաղավարների գումարը

Էկոնոմիկայի նախարարությունն ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, նախարարություն էր հրավիրել տարբեր տրամաչափի գործարարների, որ «ավետիս» հաղորդի՝ փետրվարին Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո» ցուցահանդեսին իրենք կարող են մասնակցել ավելի վատ պայմաններով, քան առաջ էր։ 
Քննարկումը վարել է էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, որը, կարծես թե, տեղյակ չի եղել, թե նախկինում ինչպես է եղել։ 

Մեզ պատմեցին, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, թե ով պետք է կազմակերպի Մոսկվայում հայկական տաղավարների վաճառքը եւ ինչ արժեքով։ Հաղթել է Մարկետինգի հայկական ասոցացիան, որը 100 քմ տարածք է վարձակալել՝ նախատեսված հայկական ընկերությունների համար։ Այդ 100 քմ-ն հիմա նա պատրաստվում է մեր գործարարներին վաճառել 1 քմ-ի դիմաց 800 հազար դրամ արժեքով, ընդ որում՝ տաղավարները տրամադրվելու են 2-4 քմ մակերեսով, ոչ ավելին։ Եվ սա այն դեպքում, երբ Մոսկվայից ուղիղ կերպով տաղավար ձեռք բերելու պայմանները շատ ավելի նպաստավոր են՝ 6 քմ-ի համար 1500 դոլար արժեքով։ Իսկ մեր դեպքում բավական չէ՝ առավելագույնը 4 քմ են տալիս, մի բան էլ՝ 1 քմ-ի դիմաց 800 հազար դրամ արժեքով, որը մոտ 1700 դոլար է կազմում։ Այսինքն՝ 4 քմ-ն ստացվում է 6 հազար 800 դոլար։ 
Նախարարությունն ասում է, որ իրենք պատրաստ են գումարի մի մասը սուբսիդավորել, բայց դա եւս չի բավարարում գործարարներին, հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որոնց համար, թվում էր, կառավարությունն էլ ավելի խթանող պայմաններ պետք է ապահովեր։ Նախարարությունը պատրաստ է իր կողմից ֆինանսավորել առավելագույնը 800 հազար դրամ։ Այսինքն, եթե դու վերցնում ես 2 քմ, ստացվում է՝ պետությունը վճարեց տաղավարի արժեքի 50 տոկոսը, իսկ եթե 4 քմ ես վերցնում, արդեն ստացվում է մեկ քառորդը։ Մինչդեռ, մեզ ասացին, որ նախորդ տարիներին պետությունն ամբողջությամբ իր վրա է վերցրել այս բեռը, եւ գործարարների վրա մնացել են միայն ճանապարհի ու կեցության ծախսերը։

Երեկ այս հարցով զրուցեցինք էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչու են այս անգամ շատ ավելի անբարենպաստ պայմաններ որոշել ապահովել գործարարների համար։ Նախարարը լավ տեղեկացված չէր խնդրից, քանի որ ինքը չի մասնակցել քննարկումներին, այլ՝ իր տեղակալը։ Իսկ երբ տեղեկացավ, կարծես ընդունեց, որ կա որոշակի խնդիր, եւ որ պետք է փոխել մոտեցումը՝ փորձելով ավելի շատ աջակցել հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որոնց համար այս մի քանի միլիոն դրամը զգալի գումար է։

«Այդ մանրամասնությամբ ինձ դեռ չեն ներկայացրել, տեղյակ եմ, որ այդ քննարկումը եղել է անցած շաբաթվա ընթացքում, մի քիչ թվերը, իմ կարծիքով, տարբեր են եղել․ կառավարությունը ֆինանսավորում է մեկ մասնակցի հաշվով ոչ ավել, քան 800 հազար դրամ, եւ պետք է այդ կազմակերպիչը, նախապես պարզելով, թե որքան արժեն էդ տաղավարի վարձույթի ծախսերը, հանի կառավարության կողմից հատկացվելիք էդ 800 հազար դրամը, որը ֆինանսավորման առավելագույն սահմանաչափն է, եւ ասի, որ սա է մասնակցության պայմանը»,- ասաց նախարարը։

Նկատեցինք, որ նախորդ տարիներին շատ ավելի լավ պայմաններ են եղել, եւ պետությունն իր վրա է վերցրել ամբողջ բեռը։ Նախարարը չհամաձայնեց՝ նշելով, թե ամբողջն իր վրա երբեք չի վերցրել, բայց չնշեց, թե ինչպես է եղել։ «Կարող է մի ուրիշ նրբություն էլ լինի, ասում են՝ քանի որ հիմա ենք դիմում էդ տարածքը վարձակալելու համար, հիմա գումարն ավելի մեծ է, քան եթե դիմեինք վեց ամիս առաջ։ Կարող է, չեմ բացառում։ Էսօր իրականությունն այն է, ինչ որ մենք ունենք։ Հիմա թող մասնավոր բիզնեսը որոշի՝ ինքն ուզո՞ւմ է, որ կառավարության աջակցությունը ստանա, գնա մասնակցի, թե՞ չէ»,- ասաց նախարարը։

Նկատեցինք, որ տրամաբանորեն հակառակը պետք է լիներ՝ կառավարությունը՝ ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է աջակցել բիզնեսին, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կառավարությունն ուզում է՝ նշելով, որ որքան լինեն ծախսերը, դրա կեսը կտա ինքը։ Նորից հիշեցինք, որ հիմա կառավարությունն ավելի սուղ պայմաններով է աջակցում, քան նախկինում էր։ Այստեղ նախարարին օգնության եկավ փոխնախարար Ավագ Ավանեսյանը, որն ուղեկցում էր նրան մեր զրույցի պահին եւ որը հենց վարում էր գործարարների հետ հանդիպումը։ «Հարցը հետեւյալն է եղել․ ժամանակին, ինչպես մենք հասկանում ենք, «Բիզնես Արմենիան» իր ներքին վերաբաշխումներն է արել, որոշ դեպքերում աջակցել է լրիվ, որոշ դեպքերում լրիվ չի աջակցել, բայց «Բիզնես Արմենիային» հանձնարարական չի եղել, որ պետք է լինի ամբողջությամբ ֆինանսավորում։ Ֆինանսավորումը միշտ եղել է համամասնությամբ»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ ոլորտի ներկայացուցիչներն իրեն էլ են այդ դժգոհությունը հայտնել, բայց իրենք, երբ իրավիճակը ներկայացրել են, եկել են որոշակի կոնսենսուսի, որ այս պահին արդար որոշումն այն է լինելու, որը սկզբում իրենք առաջարկել են։ Մինչդեռ ոլորտի ներկայացուցիչներն էլ, հատկապես ՓՄՁ սեկտորից, հակառակն են պնդում, որ արդար չէ։

Այստեղ էլ Ավանեսյանին օգնության հասավ Խաչատրյանը՝ հակադարձելով․ «Բայց որտե՞ղ է գրված եղել, որ ամեն տարի կառավարությունը պետք է գար ու «ՊրոդԷքսպոյի» ամբողջ փողը տար»։ Նախարարին հիշեցրինք, որ կառավարության առաջ քաշած հեղափոխական տարամաբանությունն է հուշում, որ գործարարներն ավելի լայն աջակցություն պետք է ստանան հետայսու, ոչ թե՝ հակառակը։ «Հնարավոր է։ Եկեք էսպես անենք, մեր վարչության պետը հիմա Շանհայում գործուղման է, հետ կգա, դեռ ժամանակ ունենք, մի հատ կնայենք էս շաբաթվա ընթացքում, եթե տեսնենք՝ էնտեղ ինչ-որ փոքր բաներ հնարավոր է անել, այնպես, որ մի քիչ ավելի աջակցող լինենք, կփորձենք անել, նաեւ հաշվի առնելով, որ Դուք այդքան ուշադիր եք այդ հարցի նկատմամբ»,- խոստացավ նախարարը։