«Նոր Հայաստանը»  «Հին Հայաստանից»  որևէ բանով չի տարբերվում

«Նոր Հայաստանը»  «Հին Հայաստանից»  որևէ բանով չի տարբերվում

Գեղարքունիքի մարզի Լիճք հիմնական դպրոցի կառավարման խորհրդի ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչ- անդամ Վանո Կարապետյանը ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին դիմում է ուղարկել ՝ կապված «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ, սակայն հստակ պատասխան չի ստացել․

« «Նոր Հայաստանը»  «Հին Հայաստանից»  որևէ բանով չի տարբերվում։ Էլի քաղաքացիների դիմումներին չեն տալիս հստակ՝ իրավական պատասխան։

Մնացածը համեմատե՛ք և դատեք ինքներդ։Դիմումիս պատասխանը․

«Հարգելի՛ պարոն Կարապետյան,
Ի պատասխան 2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հասցեագրած Ձեր գրության՝ հայտնում եմ, որ հանրակրթության պետական չափորոշչով չեն սահմանվում առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը և դրանք հաստատվում են որպես առանձին իրավական ակտեր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: « Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծում ներկայացվում է հանրակրթական ծրագրերի բովանդակությունը՝ ըստ առանձին ուսումնական բնագավառների և առարկայացանկերի ձևավորման սկզբունքները: Հայոց եկեղեցու պատմությանն առնչվող թեմաները ներառված են «Հայրենագիտություն» բնագավառում, որը կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում»,- նախարարության պատասխանը մեջբերել է Կարապետյանը։

Նա նաև կից տեղադրել է գրավոր դիմումը, որն ուղարկել էր նախարարությանը․

«Սա է եղել իմ դիմումի բովանդակությունը․

«Պարոն նախարար, ես որպես պատմաբան չեմ կարող այս խնդիրը չբարձրացնել։
Այս օրերին շատ է խոսվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կամ տվյալ առարկայի դուրս մղման հարցը՝ դպրոցական ծրագրերից։
Այդ իսկ պատճառով ես Ձեզ կանեմ 2 (երկու) առաջարկ.

1) «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մնում է դպրոցական ծրագրում։ Սակայն փոխվում է դասագրքի նյութային բազան, շեշտը դրվում է աշակերտի մոտ ձևավորել քրիստոնեական և ազգային արժեհամակարգ։ Ու պարտադիր առարկան պիտի դասավանդի պատմության ուսուցիչը։

2) «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան միացվում է «Հայոց պատմություն» առարկային։ Բայց այդ դեպքում պետք է «Հայոց պատմություն» առարկայի դասաժամերը ավելացվեն շաբաթական 2 (երկու) դասաժամից դարձնելով շաբաթական 3(երեք) դասաժամ, քանի որ միավորման արդյունքում դասագրքի ծավալը կմեծանա և ժամաքանակի ավելացումը անհրաժեշտ պայման է։

Այնուհետև պետք է Հայոց պատմության դասագրքերում առանձին թեմաներով ներկայացնել հայոց եկեղեցու դերը Հայոց պատմության մեջ։
Սակայն ես ավելի կողմ եմ 1-ին տարբերակին։
Պարոն նախարար, իմ առաջարկնեից 2-ն էլ կարող են աշխատել, խնդրում եմ հաշվի առնել»,- ասված է նախարարին ուղղված դիմումում։ Կարապետյանը նաև հավելել է․

«Իմ դիմումի պատասխանը լղոզված է ու որևէ կոնկրետ բան չի ասվում։
Ես հստակ առաջարկ եմ արել։
Եթե իմ առաջարկը մերժվում էր թող այդպես էլ գրեին։
ՑԱՎԱԼԻ Է»։