Քաղաքական «կորոնավիրուս»

Քաղաքական «կորոնավիրուս»

Արցախում մեկնարկել է նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների քարոզարշավը: Սոցիալական ցանցերում թեկնածուների համակիրներն ու աջակիցները «փոխհրաձգություն» են ծավալել: Իշխող տպավորություն է, որ նախագահական մրցապայքարը հիմնականում Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ է: Վերջինիս աջակիցները տեղեկատվա-քարոզչական «կորոնավիրուս» են ներդրել՝ շեշտը դնելով հանրության սոցիալապես դժգոհ շերտերից հնարավորինս քվեներ կորզելու մարտավարության վրա: Նրանց կարգախոսն է՝ «վերադարձնել ժողովրդից թալանածը»: Ո՞վ է թալանել, ի՞նչ եւ ինչքա՞ն՝ ոչ մի կոնկրետություն չկա: Այդ քարոզչությանն է լծվել նաեւ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը, որ, ամենայն հավանականությամբ, մրցապայքարի եզրափակիչ փուլին ընդառաջ դուրս կգա «վազքուղուց» եւ համակիրներին կոչ կանի քվեարկել Մասիս Մայիլյանի օգտին: Նույն մարտավարությունը, բայց մի փոքր մեղմ ձեւակերպումներով, կիրառում է նաեւ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը՝ քարոզելով «հավասար հնարավորությունների երկրի» տեսլականը, բայց դարձյալ՝ ընդհանրական-վերացական ձեւակերպումներով: Թե անցած տասնամյակում ո՞վ է փորձել ձեռնարկատիրությամբ զբաղվել եւ հանդիպել անհաղթահարելի խոչընդոտների՝ գոնե մեկ օրինակ չի վկայաբերվում:

Մինչդեռ թե Մասիս Մայիլյանի աջակիցների շրջանում, թե Խանումյանի «Ազգային վերածնունդ» կուսակցության, թե «Նոր Արցախ դաշինքի» պատգամավորության թեկնածուների ցուցակներում հանդիպում են նաեւ մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մարդկանց անուններ: Մի հանգամանք, որ վկայում է Արցախում տնտեսական ազատության եւ միջին խավի կայացածության  մասին: Ի՞նչ ազդեցություն է գործում քաղաքական «կորոնավիրուսը» հանրության վրա: Դատելով նախագահի թեկնածուների բնակչության հետ հանդիպումներից, առայժմ՝ չնչին: Ի տարբերություն սոցցանցերի «հաստիքային ստատուսագիրների»՝ իրական ընտրողները նախագահի թեկնածուներից շատ հստակ ակնկալիքներ ունեն՝ խաղաղություն, աշխատանք, բնակարանային պայմանների բարելավում: Այս համապատկերին պարզապես ձայն բարբառո անապատի են նախագահի որոշ թեկնածուների վերամբարձ-օդեղեն դատողությունները քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների, օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ այլնի մասին: Քաղաքական «կորոնավիրուսն» Արցախում տարածում չգտավ, ալիքը, որ փորձ արեցին բարձրացնել Ստեփանակերտում, ինքնիրեն մարեց:

Փոխարենը նոր «վարակի»՝ դռնեդուռ շրջելու եւ անձնական հավաքագրման ականատեսն ենք, երբ հրապարակային-բաց քննարկումները, սկզբունքային բանավեճը փոխարինվում է «անհատական մշակումներով»: Ի՞նչ կտա այդ մարտավարությունը՝ չփորձենք կանխատեսումներ անել: Մանավանդ որ քարոզարշավին դեռ մի «ամբողջ հավերժություն» կա: