Մերի Ավետիսյան. Ծուռը

Կանգնած անծայրածիր թվացող լեռների կենտրոնում՝ վախից ու ցրտից դողում էր։ Նրա բարակ շուրթերն աղերսագին կանչում էին հորը։ Ընդամենը տասնչորս տարեկան էր։ Ականջներում քամու սրնգի ձայնն էր։ Աչքերը բացել չէր կարողանում, իսկ քամուց պարող խոտերը դիպչում էին փոքրիկ ոտքերի բաց ճաներին։ Մի քանի ժամ առաջ գորշ մայրամուտի հետ գյուղ էր իջել մառախուղն ու այն գիրկն առել։ Քամու սուլոցն ու ամպերի կատաղի ձայնը հուշում էին մոտալուտ անձրեւի մասին։ Իսկ փոքրիկ տղան միայնակ կանգնած էր լեռան լանջին։ Ծնկից արյուն էր հոսում։ Հավանաբար, բարձրանալիս էր ընկել, պատռել տաբատը։
Մի պահ տղային թվացել էր, թե լսում է ոռնոցի ձայներ։ Վախից սկսել էր ավելի աղիողորմ բղավել եւ փնտրել հորը։ Հետո ձայներն ավելի էին մոտեցել, ու նա լռել էր։ Պատսպարվել էր բարձր խոտերի մեջ ու պինդ գրկել ծնկները։ Նրա դեղնավուն երկար մազերը որոմի նման խոտերի հետ ճոճվում էին քամուց։ Արյունը շարունակում էր հոսել։ Քիչ անց լսեց իրեն մոտեցող վարգի ձայնը։ Տղան ոտքի կանգնեց, եւ այդ պահին, կարծես ճեղքելով մառախուղը, ներս մտավ քուռակն ու պտույտ տվեց նրա շուրջը։ Հայկը փաթաթվեց ձիու պարանոցին, համբուրեց նրան։ Ձին առաջ ընկավ, տղան վազեց նրա ետեւից։
Գյուղին մոտիկանալով՝ նկատեց ընդառաջ եկող հորը։ Հակոբի սիրտը վախից ու զայրույթից պայթում էր։ Հայկը կրկին հույսը վերագտնելով՝ վազեց ու գրկեց հորը։ Իսկ ձին անհետացել էր թանձր մառախուղի մեջ։ Հայրն անակնկալի եկավ, երբ որդուց լսեց, որ քուռակը կրկին փախել է ախոռից։ Զայրույթը նորից գլուխ բարձրացրեց։ Հեռվում բարձրաբերձ լեռների գագաթները սառը կապույտ ձյունով էին պատվել։ Այդ նույն սառնությունը անձրեւի կաթիլների հետ բերում էր խստաշունչ ձմռան ծանր օդը։ Տուն իջնելու պահին Հայկը հարցուփորձ էր անում կորած անասուններից եւ ուշադրություն չէր էլ դարձնում, որ արյունը կաթում է քարափների արանքում աճած մանր ուրցի արդեն չորացած ծաղիկներին։
Ծուռը մեկ տարեկան զամբիկ էր, ոչ ոքի չէր ենթարկվում։ Հայկի հայրն էր գնել ձիուն՝ իբրեւ իրեն օգնական, բայց ձիուկն ի ծնե կամակոր բնավորություն ուներ՝ ո՛չ լսում էր, ո՛չ աշխատում։ Ատում էր իրեն կաշկանդող պարանն ու սանձը։ Երբ մտքին փչում էր, կոտրում ու պոկում էր ամեն կապանք ու փախչում դեպի ազատություն։ Հայկը չէր թողնում, որ հայրը մտրակեր։ Երբ գյուղամիջում տեսնում էին դեղնավուն քուռակին, ասում էին, որ Հակոբի ծուռն է։ Այդպես էլ նրա անունը մնաց Ծուռ։
Երկու տարի անց Հակոբը որոշել էր վաճառել ձիուն, բայց որդին խոստացել էր սանձել, ուստի Ծուռն այժմ համարվում էր Հայկի ձին, թեպետ նրան էլ հաճախ չէր ենթարկվում։ Հայկը ժամեր շարունակ սանրում էր ձիու բաշը, մրգեր հավաքում կենդանու համար եւ գաղտնի ազատում վանդակից։
Հակոբը ձայն էր տալիս ձիուն, բայց նա չկար։ Հայկը վստահ էր, որ իր տեսածը Ծուռն էր։ Ժամանակ չկար որոնելու։ Կայծակն արդեն քարերին էր հարվածում։ Հակոբը հանեց վերարկուն, ծածկեց տղայի գլուխը, բռնեց նրա ձեռքից, ու միասին տուն վազեցին։ Հայկին մի պահ թվաց, թե ձին ժայռի գագաթից իրեն է նայում։
Հակոբը նստած էր հիվանդանոցի սպասասրահում, եւ նրա հայացքը նման էր նոր փոթորկի սպասող ծովի։ Հոգնած կոպերի տակ քնի կարոտ աչքերն էին հանդարտ կրակի պես նշմարվում։ Շուրջը հավաքվել էին մտերիմները, նրանց բառապաշարում կարեկցանքի համար նախատեսված բոլոր բառերն արդեն սպառվել էին, եւ հիմա նրա կողքին նստող յուրաքանչյուրը պարզապես թեթեւ հպվում էր ուսին ու հոգոց հանում։
Երկու շաբաթ առաջ Հայկը չէր լսել նահանջի հրամանն ու վազել խրամատում վիրավոր ընկած ընկերոջն օգնելու։ Փամփուշտը կրծքավանդակին էր կպել։ Նույն ժամանակ Ծուռը կոտրել էր ախոռի իր փայտյա վանդակը եւ փախուստի դիմել։ Հակոբին վերջնականապես բարկացրել էր ձիու անկարգությունը, մի հաստ փայտ էր ձեռքն առել ու կատաղի ծեծել ձիուն։ Հարվածից քերծվել էր կուրծքը, եւ ձին ցավից ծառս եղել, փախել էր։ Այդ օրվանից հետո ձիուն ոչ ոք չէր տեսել։
Հակոբին տանջում էր ձիուն հասցրած վերքը, իսկ գյուղում պատմում էին, թե գայլերն արդեն առանց վախենալու իրենց սարերն են իջել։ Գյուղացիները գիշերները լսում էին ոռնոցի ձայները, եւ սարսափը պատում էր նրանց։ Ինքն իրեն խոստացավ գտնել որդու ձիուն։ Գյուղ գնաց, ախոռից հանեց իր ձիերից մեկը եւ սար բարձրացավ։ Երկար մենմենակ թափառեց, հետո հոշոտված ձիու մարմին գտավ։ Մարմինն անճանաչելի էր, միայն ոսկորներն էին։ Հակոբը լարում զգաց մկաններում։ Անարդար բան կար այդ տեսարանում։ Քիչ հետո առատ ձյան փաթիլները ծածկեցին կենդանու ոսկորները։ Հակոբը գյուղ իջավ։ Գյուղացիների հետ որոշեցին վերացնել գայլերին, որ էլ չհամարձակվեն իրենց կողմը շրջվել։
Մութը կարծես ընդգրկել էր գյուղը։ Լսում էր շների հաչոցի ձայները, իսկ հետո՝ հրացանների կրակոցի։ Երկար պայթյունից թնդացին լեռները, բայց լուսաբացին խաղաղ լռություն տիրեց։ Մեռյալ անդորր իջավ ժայռերին։ Արեւն այդ օրը չերեւաց։
Հակոբը հիվանդանոց գնաց։ Հայկին կրկին վիրահատել էին։ Երկրորդ փամփուշտն էլ կար։ Հաջորդ օրը գյուղացիները հայտնեցին, որ գայլերը չեն երեւացել, ոհմակի մի մասը սատկել էր, մյուսները՝ փախել։ Կեսօրին Ծուռը վազելով ախոռ մտավ։ Ամբողջ կուրծքը հոշոտված էր։ Նստեց իր վանդակի չոր խոտերի վրա ու երկար լիզեց թաց վերքը։ Խորը շունչ քաշեց, ու սեւ խաղողի նման խոշոր աչքերը փակվեցին։ Սառը հանդարտություն իջավ մարմնին։ Նույն սառնությունը զգում էր Հայկը։ Իրեն թվում էր, թե դեռ մառախուղի մեջ կանգնած է լեռան լանջին եւ լսում է ձիու վարգը։ Մառախուղը ցրվեց։ Նա բացեց աչքերը։
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ