Անկախության նկատմամբ վերաբերմունք

Անկախության նկատմամբ վերաբերմունք

Հայաստանի Հանրապետության անկախության նկատմամբ վերաբերմունքը բացահայտվում է անկախ պետականության հիմնադիրների նկատմամբ վերաբերմունքի միջոցով: Հիմնադիրներից մեկն էլ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է, որի առումով առկա է քրեական վարույթ: Ժամանակին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (ՀՀ ՔՕ) 301 հոդվածով:

Ըստ որի, նա հրապարակային կոչ է արել՝ զավթել իշխանությունը կամ բռնությամբ տապալել ՀՀ սահմանադրական կարգը: 2021 թ. փետրվարի 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքին նա հայտարարել էր. «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը»: Այդ հայտարարությունը հենց բնութագրվել է որպես իշխանության բռնի զավթում իրականացնելու կոչ: Այսպիսով, այդ գործով հունվարի 24-ին պետք է տեղի ունենար դատական նիստ, որը, սակայն, անորոշ ժամանակով հետաձգվել է:

Բայց եթե Փաշինյան Նիկոլի իշխանությունը համարում է, որ այդ հայտարարությունն իսկապես համապատասխանում է ՀՀ ՔՕ 301 հոդվածին, ապա դրան պետք է համապատասխանի նաեւ 2018 թ․ ապրիլի 26-ի այս հայտարարությունը. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով եւ աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»:

Հիշեցնեմ, որ դրա հեղինակը հենց նույն Նիկոլն է, որն այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Այնպես որ, ՀՀ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի նաեւ այդ հայտարարությանը եւ համապատասխան քրեական վարույթ հարուցի դրա հիմքով: Ինչ մնում է Փաշինյան Նիկոլի հայտարարության՝ «ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով եւ աջակցությամբ» միջանկյալ մասին, ապա 2021 թ. փետրվարի 20-ի հանրահավաքը եւս ժողովրդի մասնակցությամբ եւ նրա ցանկությամբ նախաձեռնված միջոցառում էր: Եթե այդպիսին չլիներ, ապա այնտեղ հավաքված կլինեին միայն Վազգեն Մանուկյանին՝ որպես ընդդիմադիր շարժման համակարգողի, ընտրած կուսակցությունների եւ կազմակերպությունների անդամները: Իսկ դա բացարձակ այդպես չէր, ինչը կարող են վկայել բազմաթիվ մարդիկ:

Եթե 2018 թ. ապրիլի 26-ի Նիկոլի հայտարարության առումով քրեական վարույթ չհարուցվի, ինչն ավելի քան սպասելի է, ապա կստացվի, որ միեւնույն երեւույթը մի դեպքում արժանանում է իրավական գնահատականի, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ: Եվ դա տեղի է ունենում, այսպես կոչված, ժողովրդավարական պետությունում, նույնիսկ՝ բաստիոնում: Եվ երկակի չափանիշների այդ կիրառության վերաբերյալ հաստատ տեղյակ է, այսպես կոչված, միջազգային հանրությունը: Ինչը, սակայն, չի արժանանում այդ հանրության կոշտ գնահատականին: Իսկ դրանից կարող ենք եզրակացնել, որ միջազգային հանրություն կոչված անդեմ էակը, նախ, թքած ունի իր իսկ սահմանած խաղի կանոնների վրա: Եվ, ըստ այդմ, ինչպես 75 տարի առաջ արտահայտվել էին ԱՄՆ-ում, առաջնորդվում է «նա շան թուլա է, սակայն մեր շան թուլան է» սկզբունքով: Աշխարհի ամենաժողովրդավարական երկրում ձեւակերպված սկզբունքը հիշելով՝ մտածեցի, թե ինչպես կպահեին իրենց առաջին ներգաղթյալների ժամանակակից ժառանգները, եթե փողոցի ուժով իշխանության եկած նախագահի հրահանգով քրեական վարույթ հարուցվեր ԱՄՆ «հիմնադիր հայրերից» մեկնումեկի նկատմամբ: 

Ի գիտություն․ ԱՄՆ «հիմնադիր հայրերից» երկուսի՝ անկախության պատերազմի ժամանակաշրջանի ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատար եւ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի եւ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի հեղինակ եւ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի քանդակագործական դիմանկարները կերտվել են Հարավային Դակոտայի Բլեկ Հիլզ լեռնաշղթայի Ռաշմոր լեռան լանջին: (Փակագծերում ասեմ, որ Ռաշմորի լանջին կերտված մյուս երկուսն ԱՄՆ 16-րդ եւ 26-րդ նախագահներ Աբրահամ Լինքոլնը եւ Թեոդոր Ռուզվելտն են): 
Իսկ Հայաստանում փողոցի բիրտ ուժի ճնշման ներքո վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլի կամակատար իրավապահ համակարգը քրեական վարույթ է իրականացնում Վազգեն Մանուկյանի նկատմամբ:

Այն անձի, որը ոչ միայն ՀՀ նախկին վարչապետ է, այլեւ Հայաստանի անկախ պետականության հիմնադիրներից մեկը՝ եթե ոչ ամենաառանցքայինը: Եվ թեկուզ հենց անկախության «հիմնադիր հայրերի» նկատմամբ վերաբերմունքից ելնելով էլ ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր եւ ամենահարուստ երկրներից մեկն է, եթե ոչ ամենաառաջինը, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի օրոք եւ նրա «շնորհիվ» Հայաստանն այսօր (Հայաստան ասելով նկատի ունենալով նաեւ Արցախը) գոյաբանական պայքար է մղում իր դարավոր թշնամու դեմ:

ՀԳ. Ըստ անգլիալեզու Վիքիպեդիայի, ԱՄՆ առանցքային «հիմնադիր հայրերից» են (բացի վերը նշված 1-ին եւ 3-րդ նախագահները) նաեւ գիտնական, դիվանագետ եւ քաղաքական գործիչ, ամերիկյան հեղափոխության գաղափարախոս Բենջամին Ֆրանկլինը, ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը, ԱՄՆ Սահմանադրության եւ Իրավունքների վերաբերյալ սահմանադրական ակտի (Bill of Rights) հեղինակ, չորրորդ նախագահ Ջեյմս Մեդիսոնը, ֆեդերալիստների կուսակցության ղեկավար եւ ականավոր սահմանադրագետ իրավաբան եւ փիլիսոփա Ալեքսանդր Համիլթոնը: