Լիբանանը նոր նախագահ ունի․ ինչպես է դա տեղի ունեցել

Լիբանանի նախագահ է ընտրվել գեներալ Ժոզեֆ Աունը։ Նա եղել է լիբանանյան բանակի հրամանատարը։ Աունին աջակցել են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան ու Քաթարը։ Սկսած 1998 թվականից այդ երկրի բոլոր չորս նախագահները եղել են բանակի հրամանատարներ։ Համաձայն լիբանանյան օրենսդրության, նախագահն ընտրվում է պառլամենտի կողմից։ Ըստ խորհրդարանի համար հաստատված կրոնական համայնքների քվոտաների, վերջինս կարող է լինել միայն քրիստոնյա մարոնի։ Եւ մարոնիների կլաններին դժվար է լինում համաձայնության գալ նախագահի թեկնածուի անձի շուրջ, հատկապես, որ այդ քաղաքական առեւտրին մասնակցում են նաեւ մյուս կրոնական համայնքները։ Լիբանանցիները թերեւս լավ են հիշում 1958-64 թթ նախագահ եղած գեներալ Ֆուադ Շեհաբին, ով կարողացավ կայունացնել քաղաքական իրավիճակը Լիբանանում։ 98 թվականից հետո ընտրված նախագահները Լիբանանում այդ պաշտոնին հասել են տարբեր հանգամանքների բերումով։
Ինչպես գրում է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը, Էմիլ Լահուդը, ով նախագահ է եղել 1998-2007 թվականներին, հանդիսացել է Հաֆեզ Ասադի հովանավորյալը։ Այդ ժամանակ Սիրիան փաստացի հանդիսացել է Լիբանանի պրոտեկտորը։ Միշել Սուլեյմանը, ով նախագահ է եղել 2008-14 թվականներին, հանդիսացել է կոմպրոմիսային ֆիգուր։ Այդ շրջանում դադարել է սիրիական պրոտեկտորատը Լիբանանի հանդեպ՝ 2005 թվականին տեղի ունեցած «մայրիների հեղափոխությունից» հետո, երբ քաղաքական թատերաբեմին հիմնականում երեւում էին սիրիամետ եւ հակասիրական քաղաքական ուժերը։ Միշել Աունը (2016-2022) միակ նախագահն էր, ով Լիբանանում այդ պաշտոնն զբաղեցնում է լինելով քաղաքական գործիչ։ Նա բանակը ղեկավարել էր 1980-ական թվականներին, հանդիսացել է Հաֆեզ Ասադ հակառակորդը։ Պարտություն կրելով ռազմական պայքարում, երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում տարագրության մեջ։ Լիբանան վերադարձել է «մայրիների հեղափոխությունից» հետո, անակնկալ կերպով դարձել է Բաշար ալ-Ասադի դաշնակիցներից մեկը, զգալիորեն ավելացնելով իր ազդեցությունը «Հըզբոլլահում»։
Նա Ասադի վարչակազմը դիտարկել է որպես Լիբանանի քրիստոնեական համայնքների պաշտպան։ 2016 թվականին դառնում է նախագահ՝ 2,5 տարի տեւած քաղաքական առեւտրից հետո, առեւտուր, որն ընթացել է «Հըզբոլլահի» կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ։ 22 թվականի հոկտեմբերից Լիբանանում նախագահի պաշտոնը թափուր էր։ Նորից տեւական քաղաքական առեւտւր է գնացել։ «Հըզբոլլահը» պնդում էր, որ նախագահ պետք է դառնա Սուլեյման Ֆրանժյեն, ով հանդիսանում է լիբանանյան ամենից ազդեցիկ լլաններից մեկի ներկայացուցիչը։ Նրա պապը եղել է Լիբանանի նախագահ՝ 1970-76 թթ։ Ֆրանժյեին վստահում էին Սիրիայում։ Չէ որ նրա նախագահ պապը եղել է Հաֆեզ Ասադի մտերիմը։ Սակայն «Հըզբոլլահի» հակառակորդների համար Ֆրանժյեն ընդունելի թեկնածու չէր։ Ֆրանսիան այս ընթացքում փորձեց հանդես գալ որպես միջնորդ, սակայն նրա բոլոր միջնորդական ջանքերը մեծ հաշվով հաջողություն չունեցան։ Քաղաքական առեւտրի բնույթը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ Սիրիայում կործանվեց Բաշար Ասադի վարչակազմը եւ Դամասկոսն այլեւս ազդեցություն չունեցավ լիբանանյան քաղաքական կյանքի վրա։ Ասադի վարչակազմի կործանումն ըստ էության բերեց իրանական «Դիմակայության Առանցքի» փլուզմանը, քանի որ Սիրիան այդ առանցքում լոգիստիկ ֆունկցիա էր կատարում։ Բացի այդ, իսրայելական բանակի հարվածներից եւ մի շարք լիդերների կորստից հետո զգալիորեն թուլացել է «Հըզբոլլահը»։
Լիբանանյան վերնախավը հետաքրքրված է, որպեսզի իսրայելական զինուժը դուրս բերվի Լիբանանի հարավից, սակայն Իսրայելը պահանջում է երաշխիքներ, որ սահմանամերձ շրջաններում կտեղակայվի պետական բանակը եւ այնտեղ չեն վերադառնա «Հըզբոլլահի» կազմավորումները։ Նման երաշխավոր կարող է դառնալ նախագահը, ով նախ ունի ազդեցություն բանակի վրա եւ ապա՝ կապված չէ «Հըզբոլլահի» հետ։ Այս իրավիճակում իդեալական թեկնածուն Ժոզեֆ Աունն էր։ Ուստիեւ հենց նրա վրա էլ կանգ առավ նաեւ միջազգային խաղացողների ընտրությունը։ Ֆրանժյեն, հասկանալով, որ Աունը վայելում է ամերիկացիների, սաուդցիների, ֆրանսիացիների եւ քաթարցիների աջակցությունը, հանում է իր թեկնածությունը։ Թուլացած «Հըզբոլլահը» այս դեպքում ստիպված նահանջում է եւ միայն երկրորդ փորձից է կողմ քվեարկում Աունի թեկնածությանը։ Աունին աջակցել են նաեւ Ասադի վաղուցվա հակառակորդներ Սամիր Ջաջան եւ նախկին վարչապետ Սահադ Հարիրին։ Կոնսենսուսին չի ցանկացել մասնակցել միայն Միշել Աունի կուսակցությունը։ Այս ազգանվանակիցը, ըստ Մակարկինի, բավական բարդ հարաբերություններ ունի ռեգիոնալ էլիտաների հետ։
Ժոզեֆ Աունը խոստացել է դադարեցնել հանուն հանցագործներին պաշտպանություն ապահովելու արդարադատությանը միջամտությունները եւ հասնել նրան, որ զենքի հանդեպ մոնոպոլիա ունենա միայն պետական իշխանությունը։ Սա ակնհայտ ուղերձ է պարունակում առ այն, որ վերջինս ցանկանում է հասնել «Հըզբոլլահի» հանդեպ վերահսկողության, թեեւ քիչ հավանական է, ինչպես նկատում է Մակարկինը, որ Աունը կտրուկ պայքարի մեջ մտնի «Հըզբոլլահի» հետ։ Չէ որ այդ դեպքում երկրում կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ։ Ամեն դեպքում պարզ է, որ Իրանի դիրքերը զգալիորեն թուլացել են եւ դա ազդել է ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ՝ Լիբանանի վրա։
Կարծիքներ