«Թղթե Երազանքը» յուրաքանչյուրիս մեջ ապրող երազող երեխայի մասին է

«Թղթե Երազանքը» յուրաքանչյուրիս մեջ ապրող երազող երեխայի մասին է

Սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կցուցադրվի նոր՝ «Թղթե Երազանք» հեռուստադրաման։ Այս եւ մի շարք հեռուստասերիալների («Երանի», «Վենդետա», «Ճակատագիր», «Օտարը», «Էլենի օրագիրը») սցենարի հեղինակ Անի Մաղաքյանն իր խոսքում նկատում է՝ «Թղթե Երազանքը» յուրաքանչյուրիս մեջ ապրող երազող երեխայի մասին է․«Եթե ետ նայենք մեր անցյալ ու փորձենք հիշել մանկության քանի երազանք ենք իրականացրել, գուցե շատ տխրենք, որովհետև ժամանակի ընթացքում այդ երազանքների մասին մոռանում ենք։ Մեր հերոսը չի պատրաստվում մոռանալ իր երազանքի մասին, ի հեճուկս դժվար պայմանների ու խոչընդոտների փորձում է հասնել այն ամենին, ինչը անհասանելի է թվում։ Սա պատմություն է փոքրիկ մարդու մեծ կամքի, մեծ ուժի, մեծ համարձակության մասին, մի խոսքով՝ պատմություն է փոքրիկ մարդու մեծության մասին»,-ասում է նա ու հավելում, որ ֆիլմում ներգրավված են գյումրեցի դերասանների հրաշալի կազմ, ովքեր հանդիսատեսին մեծամասամբ ծանոթ են Գյումրու Դրամատիկական թատրոնի բեմից։ Սերիալում զբաղված են նաև դերասաններ Դավիթ Հակոբյանը, Մարիամ Ադամյանը, Անի Պետրոսյանը։  

24 մասից բաղկացած «Թղթե Երազանքը» պատմություն է գյումրեցի տղայի մասին, բայց ինչպես նկատում է Անի Մաղաքյանը, այն խնդիրը, որ բարձրացնում է հեռուստասերիալը ավելի մեծ աշխարհագրություն է ենթադրում, որովհետև նման պայմաններում Հայաստանի տարբեր անկյուններում հարյուրավոր երեխաներ են ապրում․ «Խնդիրը Գյումրիում կենտրոնացնելու պատճառն այն էր, որ հերոսի նախատիպը գյումրեցի է, նաև այն, որ երկարաշարժից հետո դեռ բազմաթիվ ընտանիքներ սոցիալապես չեն վերականգնվել և դրա հետևանքները մինչ օրս կրում են նրանց սերունդները։ «Շանթ» հեռուստաընկերության կազամկերպած «Ապագայի համար» մարաթոնի շրջանակներում արվել էին մի քանի տեսանյութեր Գյումրիի անապահով ընտանիքներում ապրող երեխաների մասին։ Այդ տեսանյութերից երկուսի հերոսները դարձան «Թղթե Երազանքի» գլխավոր հերոսի նախատիպը։ Եվ հետո մեծագույն հաճույք էր ներկայացնել գյումրու կոլորիտը, ապրելակերպը, գյումրեցիների մտածելակերպն ու նրանց վերաբերմունքը կյանքին, աշխարհին, մարդկանց»։

Թե ինչո՞ւ «Էլենի օրագիրը» շարունակություն չունեցավ, հատկապես, որ երկրպագուների կողմից կար այդ ցանկությունը, սցենարի հեղինակն ասաց․ «Այլևս հետաքրքիր զարգացումներ չտեսա այս պատմության մեջ, կարծում եմ Էլենը և սերիալի մնացած հերոսներն իրենց ասելիքը և անելիքը ավարտեցին եթերում, թեև ով իմանա, գուցե հետագայում որևէ բան նախաձեռնենք, բայց ոչ հիմա։ «Էլենի օրագրի» երրորդ եթերաշրջան չլինելու մասին որոշումը կայացվել է միաձայն, ֆիլմի պրոդյուսերը և ռեժիսորները համաձայն էին, որ ժամանակն է նորությամբ ներկայանալու։ Անկեղծ ասած երրորդ եթերաշրջանի մասին երկրպագուների պահանջները ինձ միայն ուրախացնում են, միշտ հաճելի է իմանալ, որ չես հոգնեցրել և մարդիկ նախագիծը սիրելով ու դժվարությամբ են հրաժեշտ տալիս։ Բայց մոտ ապագայում միանգամից երկու պրեմիերա ունենք «Շանթի» եթերում, վստահ եմ երկուսն էլ սիրվելու են, որոնցից մեկը հենց «Թղթե Երազանքն» է»։