Մեղքերդ մի բազմապատկիր

Մեղքերդ մի բազմապատկիր

Ես ուզում եմ ներողություն խնդրել ընթերցողից` երեկվա խմբագրականում գրածս մի տողի համար: Խոստովանում եմ` սխալվել եմ: Գրել էի, որ այս շարժումն արդեն տվել է իր օգուտները, որն «արտահայտվում է Փաշինյանի համեստացած լեքսիկոնի տեսքով»` «ասֆալտին փռելու, վնգստալու եւ վրեժի կոչելու փորձերն իրենց տեղը զիջել են նորմալ մարդկային խոսքին»։

Հազար անգամ ներողություն, հարգելի ընթերցող, ես, պարզվում է, անուղղելի լավատես եմ, եւ ժամանակն անցնում է, իսկ հույսս չեմ կորցնում, որ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը կսկսի գիտակցել իր պաշտոնի դերն ու նշանակությունը, իր պատասխանատվությունը հանրության առաջ: Կհասկանա, որ ատելություն ու մաղձ տարածելով, քաղաքական հակառակորդներին վիրավորելով ու նվաստացնելով ոչնչի չես հասնի: Որ մեր հասարակության պառակտվելու բոլոր ռեսուրսներն ինքը սպառել է: Որ նախկինների թեմայով մանիպուլյացիաներն այլեւս նողկալի են: Որ հասարակության մեջ իրենից ու իր կառավարումից դժգոհողները միայն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց հարող խմբակը չեն: Եվ փողոց ելած մարդկանց մեծ մասին ոչ թե նեղ անձնական շահը կամ «չբռնագանձված գույքն» է հանել փողոց, այլ այս 4 տարվա ընթացքում արձանագրված ձախողումներն ու իր ապիկար կառավարումը:

Վերջապես՝ քանի՞ տարի է պետք, որ մարդը հասունանա, գիտակցի, որ վարչապետի գործը կոնֆլիկտ հրահրելը, թիրախներ ստեղծելը, հասարակության տարբեր խավերին ու խմբերին միմյանց հետ թշնամացնելն  ու պառակտելը չէ, երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին հասցնելը չէ: Մեզ մի պատերազմը` 2020-ի 44-օրյան, իր բերած աղետներով ու կորուստներով, լիուլի բավարար է, գոնե ներքին բախումների ու պատերազմի մի հասցրու: Մեղքերդ մի բազմապատկիր, բեռդ` պատմության ու սերունդների առաջ, մի ավելացրու: