Բառերի ապստամբությունը
Պարույր Սեւակի չափածո վստահեցմամբ՝ բառերն էլ կարող են գժվել։ Իսկ ի՞նչ կարող են անել նույն բառերը հետո՛, երբ արդե՛ն գժվել են։ Հետո նրանք կարող են․․․ ապստամբել։
Ինձ համար ապստամբ բառերի ջոկատի առաջնորդը, անտարակույս, «վարչապետ»-ն է, որն իմ լեզվամտածողության մեջ վաղուց ի վեր ըմբոստանում է, երբ իրեն դնում եմ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանվան կողքին։ Բառը խորագույն վիրավորանք է ապրում, ավելին՝ հիասթափություն, ընդսմին՝ նաեւ ինձնից, որ իմ միջնորդությամբ ինքն ակամա հայտնվում է այնտեղ։
Բառն ինձ չի ներում։ Ու ես հասկանում եմ նրան։
Ներողությո՛ւն, «վարչապետ»։ Չէ՞ որ դու այնպիսի պատվարժան մարդկանց անունների ընկերակցությունն ես վայելել, այնպիսի փառավոր կարգավիճակով, որ պարզապես չէր կարելի քեզ նվաստացնել այսքա՛ն։
Իսկ դու նվաստացված ես։
Դու մի՛շտ, ամե՛ն օր նվաստացվում ես․ երբ կեղծ ակնածանքով քեզ գործածում են իբրեւ դիմելաձեւ․ երբ հերթական ապիկարին ինչ-որ պաշտոնի նշանակման հրամանը քեզնով իրավական ակտ է դառնում։ Բայց քո ամենամեծ գրավոր նվաստացումը, «վարչապե՛տ», եղել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը՝ լույս 10-ի առավոտյան, որը, տարաբախտաբար, լույս չբերեց տառապած մեր երկրին, այլ նրան թաղեց առայսօր ձգվող, թվում է՝ անվերջանալի խավարի մեջ․․․ Եվ մղձավանջի։
Ապստամբ բառերի մեջ, բնականաբար, շարքային ապստամբներ էլ կան, օրինակ՝ «պարոն», «տիկին», քանզի նրանք եւս ընդվզում են գրվել կամ հնչել, ահավասիկ, Հայկ Սարգսյան կամ Արփի Դավոյան անունների կողքին։
Ապստամբում են «պատգամավորն» ու «նախարարը», որովհետեւ նրանց ստիպում ենք հնչել, ի՜նչ աննրբանկատություն, Արման Բաբաջանյան, Վահան Քերոբյան անունների հարեւանությամբ։
Պատկերացնել իսկ դժվար է, թե ի՛նչ խոր ամոթ է զգում «այր» բառը՝ Գարիկ Սարգսյան անվան կողքին՝ մանավանդ «պետական այր» բառակապակցության մեջ։
Ապստամբում է «Արցախը»․ նրա համար մեծագույն վիրավորանք է, երբ հնչում է, դիցուք, Աննա Հակոբյան անվան կողքին։
Ապստամբում է «հայը»՝ ընդվզելով բոլոր այն փորձերի դեմ, որոնցով իրեն ուզում են առնչել, օրինակ, Արայիկ Հարությունյան անվան հետ (ո՛ր մեկին ուզում եք)։
Բառերն ապստամբում են։
Բառերը․․․ առայժմ։
Կարծիքներ