ՀՀ պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակում է հանդիպումները

ՀՀ պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակում է հանդիպումները

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Դիլիջանի ՈւՀԿ ղեկավար Արմեն Նուրբեկյանը անցկացրել են մի շարք հանդիպումներ: Մասնավորապես կայացել է պատվիրակության հանդիպումը ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյի և փոխտնօրեն Ռիչարդ Դորնբուշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ առաքելության վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները և ԱՄՀ հետ հաստատված ծրագրի կատարման ընթացքը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի մակրոտնտեսական վերջին ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայունությանը միտված ԿԲ կողմից իրականացված քայլերը: Էնթոնի Դե Լաննոյը նշեց, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացմանը միտված քայլերը և ուրախ է արձանագրել գրանցված դրական արդյունքները:

 

Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաև ԱՄՀ Միջին արևելքի և կենտրոնական ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նա ևս մեկ անգամ գոհունակություն է արտահայտել օգոստոս ամսին Հայաստան կատարած իր այցելության արդյունքներից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱՄՀ հետ Հայաստանի իշխանությունների հետ իրականացվող նոր՝ 2019թ. մայիսին հաստատված ծրագրի առաջին փուլի կատարողականի մոնիտորինգի դրական արդյունքներին՝ նշելով, ծրագրում նախանշված բարեփոխումների կարևորությունը: Պարոն Ջիհադ Ազուրը և կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2020թ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ԱՄՀ հետ համատեղ գիտաժողովի անցկացման հարցում: Կողմերը պայմանավորվել են համատեղ քննարկել գիտաժողովի անցկացման ճշգրիտ ժամկետներն ու քննարկվող թեմաների շրջանակը՝ դիտարկելով նաև այն ավանդական դարձնելու հնարավորությունը:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն